ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 21 602,24 դրամ ԱՐԾԱԹ - 239,1 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 820,28 դրամ

Հայաստանը միացել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիային

Մարտի 26-ին Ժնևում տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նստաշրջանը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, հայտնում է ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը:

Գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անդամակցությունը: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն իր ելույթում շնորհակալություն հայտնելով անդամության հաստատման համար` Ասոցիացիային ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի գործունեությունը՝ մասնավորապես նշելով, որ Հայաստանի Հանրապետությունն ամբողջովին անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի և Ազգային ժողովին են փոխանցվում լրացուցիչ գործառույթներ ու պատասխանատվություն: Նրա խոսքով՝ ԱԺ աշխատակազմը բարեփոխվում է` նոր իրողությունների պայմաններում որակյալ և լիարժեք աշխատելու ու զարգանալու համար:

«Ասոցիացիային անդամակցությունը ճիշտ ժամանակին է: Մենք համոզված ենք, որ կունենանք մեր գործընկերների աջակցությունը, կկարողանանք ուսումնասիրել և կիրառել նրանց առաջատար փորձը, հատկապես խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների ամրապնդման և արհեստավարժ ժամանակակից վերլուծական ծառայության կայացման ու զարգացման հարցերում»,-ասել է Արա Սաղաթելյանը:

Գլխավոր քարտուղարը նշել է նաև, որ Հայաստանը պատրաստ է կիսել սեփական դրական փորձը՝ սկսած թվային փաստաթղթաշրջանառության ամբողջական տեխնոլոգիաների լիարժեք ներդրումից մինչև թափանցիկության ապահովման միջոցների ու օրենսդրական գործընթացում հանրության ներգրավվում:

Արա Սաղաթելյանի խոսքով՝ բարդ և հակասական տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության համար ժողովրդավարությունը հիմնական ներուժ է: Վերջին տասնամյակում Հայաստանում իրականացվել են լայնամասշտաբ ժողովրդավարական բարեփոխումներ, անցկացվել են անթերի խորհրդարանական ընտրություններ և շուտով անցում կկատարվի ամբողջական խորհրդարանական կառավարման համակարգին:

«Զարգացման այս ճանապարհին մեզ համար շատ կարևոր է մեր գործընկերների քաղաքական և փորձագիտական աջակցությունը, ովքեր հասկանում են մեր սկզբունքները և կիսում մեր արժեքային գերակայությունները»,-նշել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը:

Նրա գնահատմամբ՝ այս աջակցությունը մեզ տալիս է անհրաժեշտ ազդակներ ազատությունների ամրապնդման և նոր բարեփոխումների իրականացման համար, որի հիմքում պառլամենտարիզմի և խորհրդարանների զարգացումն է:

ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վոյչեկ Սավիցկին նշել է, որ խորհրդարանների գլխավոր քարտուղարների կառույցն ամենահինն է աշխարհում, մի վայր է, որտեղ հանդիպում են այն մարդիկ, որոնք պատասխանատու են աշխատակազմի գործունեության համար, աջակցում են խորհրդարանականներին, կարող են հանդիպել իրենց գործընկերների հետ, փորձի փոխանակում իրականացնել, համագործակցել: Նրա խոսքով՝ կարևոր է, որ Հայաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղարն ակտիվ մասնակցություն ունենա կառույցի գործունեությանը, որպեսզի նպաստավոր լինի անդամակցությունը: Վոյչեկ Սավիցկին ողջունել է Հայաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղարին, ինչպես նաև Հայաստանի Ազգային ժողովի անդամակցությունն Ասոցիացիային:

Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նախագահ Ֆիլիպ Շվաբն իր խոսքում անդրադարձել է Հայաստան կատարած այցին՝ նշելով, որ իր համար հաճելի էր լինել Հայաստանի խորհրդարանում, հանդիպել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի հետ: Նա կարևորել է այն փաստը, որ Արա Սաղաթելյանն Ասոցիացիայի վարչության կազմում է:

«Հաճելի է, որ Հայաստանը դարձել է Ասոցիացիայի անդամ: Դա մեծ քայլ է միջխորհրդարանական համագործակցության զարգացման համար»,-ասել է Ֆիլիպ Շվաբը: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 60%
Քամի՝ 13 կմ/ժ
22 C°
 
22°  38° 
21.07.2019
23°  40° 
22.07.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: