ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ո՞րն է փոքրամասնության կառավարությունը (ՏԵՂԵԿԱՆՔ)

Վերջին շրջանում Հայաստանում մասնագիտական և քաղաքական տարբեր շրջանակներում հաճախ օգտագործվում է «փոքրամասնության կառավարություն» եզրույթը: Ստորև փորձենք հասկանալ, թե ինչ է այն իրենից ներկայացնում` հիմնվելով նաև որոշ երկրների օրինակների վրա:

Փոքրամասնության կառավարությունը ենթադրում է, որ բազմակուսակցական խորհրդարանական համակարգում կառավարության գլուխ կանգնած է այն կուսակցությունը, որը խորհրդարանում չի կազմում բացարձակ մեծամասնություն: Ընդ որում, կուսակցությունները կամ մեկ բավական ազդեցություն ունեցող կուսակցություն խոստանում են որոշակի պայմաններով խորհրդարանում քվեարկության միջոցով աջակցել փոքրամասնության կառավարություն ձևավորած կուսակցությանը:  

Ըստ մասնագիտական գնահատականների՝ տվյալ համակարգի թերություն հանդիսանում է այն, որ կառավարությանը հաճախ կարող է ներկայացվել անվստահության քվե: Նման իրավիճակի հաղթահարման հնարավոր լուծում է հանդիսանում կոալիցիոն կառավարության ձևավորումը:

Համարվում է, որ փոքրամասնության կառավարությունը կարող է հանգեցնել քաղաքական անկայունության և ոչ արդյունավետ ղեկավարման, ինչի օրինակ հանդիսանում են Վեյմարյան Հանրապետության ժամանակների Գերմանիան (1919-1933) և Չորրորդ Հանրապետության ժամանակների Ֆրանսիան (1946-1958): Վերոնշյալ դեպքերում կարճ ժամանակահատվածում մի քանի կառավարություն է փոխվել, ինչն ի վերջո հանգեցրել է կառավարության լեգիտիմության ճգնաժամի:    

Ինչևէ, Գերմանիայի և Ֆրանսիայի օրինակները միակը չեն: Այլ երկրներում ևս եղել են փոքրամասնության կառավարություններ, որոնք, ի տարբերություն այս երկու երկրների, հակառակն են վկայում: Օրինակ, Սկանդինավյան երկրների, հատկապես Դանիայի փոքրամասնության կառավարության փորձը համեմատաբար ավելի հաջող օրինակ է, որը թույլ է տալիս ենթադրել, որ նման համակարգի հնարավոր հետևանքները կախված են հիմքում եղած հասարակության քաղաքական մշակույթից:

Վերջին տարիներին փոքրամասնության կառավարություն ձևավորվել է աշխարհի մի շարք երկրներում, օրինակ` Իռլանդիայում, Պորտուգալիայում, Դանիայում, Շվեդիայում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում և այլն:

Իռլանդիա

2016 թվականի փետրվարի 26-ին Իռլանդիայում տեղի ունեցան համապետական ընտրություններ, որոնց արդյունքում վարչապետ Էնդա Քենիի պահպանողական «Ֆինե Գել» կուսակցությունը կորցրեց մեծամասնությունը` հազիվ պահելով հաղթանակը: Ընդ որում, վերջինիս հիմնական մրցակից հանդիսանում էր հանրապետական «Ֆիաննա Ֆայլ» կուսակցությունը` խոշորագույն ընդդիմադիր ուժը, որն ավելի քան երկու անգամ մեծացրեց իր ներկայությունը խորհրդարանում:

Ընտրություններից հետո Է. Քենին չհավաքեց անհրաժեշտ ձայներ վարչապետի պաշտոնում վերընտրվելու համար: Նա պաշտոնապես հրաժարական տվեց` դառնալով կառավարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: 2016 թվականի ապրիլի 29-ին «Ֆինե Գել» և «Ֆիաննա Ֆայլ» կուսակցությունները քաղաքական համաձայնության հասան «Ֆինե Գել»-ի ղեկավարության ներքո փոքրամասնության կառավարություն կազմելու հարցում: 2016 թվականի մայիսի 6-ին Էնդա Քենին վերընտրվեց Իռլանդիայի վարչապետի պաշտոնում` այդպիսով ղեկավարելով փոքրամասնության կառավարությունը:

Պորտուգալիա

 2015 թվականի հոկտեմբերի 4-ին խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեծամասնությունն ստացավ Պորտուգալիայի ժողովրդական կուսակցությունը վարչապետ Պեդրու Պասուշ Կոելյուի գլխավորությամբ: Երկրի նախագահ Անիբալ Կավակու Սիլվան հանձնարարեց նրան կրկին կառավարություն ձևավորել: Սակայն խորհրդարանի մյուս երեք կուսակցություններին հաջողվեց ստեղծել կոալիցիա: Խորհրդարանում մեծամասնություն կազմող ձախ ուժերը նոյեմբերի 10-ին անվստահության քվե հայտնեցին Պեդրու Պասուշ Կոելյուին և նրա կառավարությանը: 2015 թվականի նոյեմբերի 23-ին Պորտուգալիայի նախագահը Սոցիալիստական կուսակցության ղեկավար Անտոնիու Կոշտեին հանձնարարեց ձևավորել փոքրամասնության կառավարություն: Նոյեմբերի 24-ին Կոշտան նշանակվեց երկրի վարչապետ:

Դանիա

 2015 թվականի հունիսին Դանիայում «Վենստրե» լիբերալ-պահպանողական կուսակցությունը ձևավորեց փոքրամասնության կառավարություն, որը 2015 թվականի հունիսի 18-ին կայացած ընտրություններից հետո խորհրդարանում ուներ 179 մանդատներից ընդամենը 34-ը: Համաձայն 2015 թվականի ընտրությունների արդյունքների` պահպանողական բլոկն ընդհանուր առմամբ ստացավ 90 մանդատ, ինչը բավարար էր խորհրդարանում մեծամասնություն համարվելու համար, և գերազանցեց 85 մանդատ ունեցող ձախ կոալիցիային: Աջ-կենտրոնական բլոկի մեջ մտավ 4 կուսակցություն` Վենստրեն (34 մանդատ), Պահպանողական ժողովրդական կուսակցությունը (6 մանդատ), Լիբերալ դաշինքը (13 մանդատ) և ազգային-պահպանողական Դանիական ժողովրդական կուսակցությունը (37 մանդատ): Պահպանողական բլոկի կուսակցությունների միջև ապագա կառավարության քաղաքանակության վերաբերյալ տարաձայնությունները հանգեցրին նրան, որ չհաջողվեց պայմանավորվել և մյուս պահպանողական կուսակցությունների հետ ձևավորել կոալիցիոն կառավարություն: Արդյունքում, փոքրամասնության կառավարությունը գործեց մինչև 2016 թվականի նոյեմբեր:

Շվեդիա

2014 թվականի սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարավ ընդդիմությունը Սոցիալ-դեմոկրատական կուսակցության գլխավորությամբ, որը Կանաչ և Ձախ կուսակցությունների հետ միասին հավաքեց 43,8% ձայն: Հոկտեմբերի 2-ին Շվեդիայի խորհրդարանը կարմիր-կանաչ կոալիցիայի թեկնածուին` Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Ստեֆան Լյովենին հաստատեց կառավարության ղեկավարի պաշտոնում: 2014 թվականի հոկտեմբերի 2-ին Լյովենը ներկայացրեց փոքրամասնության երկկուսակցական կառավարությունը: 2014 թվականի դեկտեմբերին Շվեդիայի փոքրամասնության կառավարությանը հաջողվեց աջ-կենտրոնական պահպանողական բլոկի ընդդիմադիր կուսակցությունների հետ պայմանավորվել խորհրդարանում համագործակցության սկզբունքների շուրջ` խուսափելով արտահերթ խորհրդարանական ընտրություններից:

Կանադա

2006 թվականի հունվարին խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթանակ տարավ Պահպանողականների կուսակցությունը` ստանալով 308 տեղից 122-ը, լիբերալներն ստացան 103 տեղ, Քվեբեկի անջատողական բլոկը` 50, Նոր ժողովրդավարական կուսակցությունը` 31: Արդյունքում, պահպանողականների ղեկավար Սթիվեն Հարփերը ձևավորեց փոքրամասնության կառավարություն: 2008 թվականին Սթիվեն Հարփերը կրկին ձևավորեց փոքրամասնության կառավարություն:

Մեծ Բրիտանիա

Մեծ Բրիտանիայի պատմության ընթացքում փոքրամասնության կառավարություն ձևավորվել է մի քանի անգամ: Սկսած Առաջին համաշխարհային պատերազմի տարիներից` Անգլիայում փոքրամասնության կառավարությունն  իշխանության ղեկին եղել է մի քանի անգամ` 1924, 1929-1931, 1974 և 1976-1979 թվականներին (բոլոր դեպքերում կառավարությունը եղել է Լեյբորիստական կուսակցության ձեռքերում):


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: