ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 859,46 դրամ ԱՐԾԱԹ - 267,24 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 568,81 դրամ

Թուրքիայում հրապարակվել է նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը

Новости

Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը հրապարակել է հունիսի 24-ին կայանալիք նախագահական ընտրություններին գրանցված թեկնածուների վերջնական ցուցակը, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությանը:

Թեկնածուներն են՝ գործող նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության թեկնածու Մուհարեմ Ինջեն, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Սելահաթթին Դեմիրթաշը, «Վաթան» («Հայրենիք») կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը և «Սաադեթ» («Երջանկություն») կուսակցության ղեկավար Թեմել Քարամոլլաօղլուն:

Նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միևնույն օրը՝ հունիսի 24-ին: Ընտրություններով երկրում անցում կկատարվի կառավարման խորհրդարանական համակարգից նախագահական համակարգի:

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում սատարելու է նախագահ Էրդողանի թեկնածությունը:

Թուրքիայի քաղաքական ասպարեզում միայն վերջերս՝ 2017 թվականի հոկտեմբերին հայտնված «Լավ» կուսակցությունը խոստանում է անակնկալներ մատուցել առաջիկա ընտրություններում: Ներկայում Էրդողանի ղեկավարած քաղաքական ուժի հետ համագործակցող «Ազգայնական շարժում» կուսակցության նախկին անդամ, նախկինում երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Մերալ Աքշեներն ակնկալվում է, որ նախագահական ընտրություններում կլինի Էրդողանի հիմնական մրցակիցը: Ընդ որում, նա կլինի առաջին կին թեկնածուն, ով կմրցի նրա դեմ: Էրդողանին լուրջ մրցակցություն ցույց տալու հնարավորության մասին են խոսում մինչ այժմ արված սոցհարցումների արդյունքները:

Քեմալական կուսակցության թեկնածու Մուհարեմ Ինջեն ավելի վաղ հայտարարել է, որ եթե նախագահական ընտրությունների երկրորդ փուլ լինի և ինքն անցած չլինի, ապա աջակցելու է ընդդիմադիր թեկնածուին:

Նշենք նաև, որ քրդամետ կուսակցության թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը 2016 թվականի նոյեմբերից գտնվում է Էդիրնեի բանտում: Նա մեղադրվում է «ահաբեկչական խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, հանցախմբի քարոզչություն իրականացնելու, հանցանքն ու հանցավորին գովաբանելու» մեջ: Նրա դեմ հարուցված մի քանի դատական գործերով գործչին սպառնում է մինչև 142 տարվա ազատազրկում: Նա Թուրքիայի պատմության մեջ առաջին գործիչն է, ով կալանավորված լինելով հանդերձ պաշտոնապես գրանցել է իր նախագահի թեկնածությունը:

Դողու Փերինչեքի և Թեմել Քարամոլլաօղլուի՝ նախագահի ընտրություններում հաղթելու շանսերը գրեթե զրոյական են:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 82%
Քամի՝ 6 կմ/ժ
11 C°
 
10°  18° 
22.10.2019
  18° 
23.10.2019
Հարցում

Կարևո՞ր եք համարում Երևանում WCIT-2019-ի անցկացումը: