ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ դասական գրողների գործերը թարգմանվում են հնդկերեն. հնդկերենի գրականագետ (բացառիկ)

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց Մանե Մկրտչյանի հետ, հնդկերենի գրականագետ, Ջավահարլալ Ներուի անվան համալսարանի ասպիրանտ-դոկտորանտ  (Նյու Դելի):

- Ինչպե՞ս պատահեց, որ հանկարծ որոշեցիք զբաղվել հնդկերեն լեզվով, հնդկական գրականությամբ:

- Հնդկաստան գալը եղել է իմ մայրիկի գաղափարը: Նա խորհուրդ տվեց անել մի այնպիսի ուսումնասիրություն, որ Հայաստանում համարյա չի արվել: Խոսքը գնում է հնդկերեն լեզվի, հնդկական գրականության և մշակույթի մասին: Դելիի համալսարանում ավարտելով հինդի լեզվի և գրականության ֆակուլտետի բակալավրիատը և մագիստրատուրան՝ Հնդկաստանի կառավարության ICCR ծրագրով շարունակեցի ուսումս Ջավահարլալ Ներուի համալսարանի ասպիրանտուրայում, իսկ այժմ՝ դոկտորանտուրայում։ Իմ թեկնածուական ատենախոսության թեման է` «19դ. սկզբի հայ և հինդի նոր գրականության զարթոնքը և դրանց համեմատական վերլուծությունը»։ Կարծում եմ այս լայնածավալ ուսումնասիրությունը կնպաստի երկու երկրների մշակույթների մերձեցմանը։

- Այժմ Դելիում ապրում է ավելի քան 30 հայ, հայեր կան նաև Հնդկաստանի այլ քաղաքներում: Ի՞նչ է արվում ձեր կողմից տեղի հայերին միավորելու, Հայաստանը հնդիկ հասարակությանը ներկայացնելու նպատակով:

- Այո, այս տարիների ընթացքում հայերի քանակի ավելացման հետ միաժամանակ Հնդկաստանում հայկական կազմակերպություն հիմնելու միտքը գնալով ավելի իրատես դարձավ։   Եվ ահա, 2015թ.-ին, մեր համախոհների, ընկերների օգնությամբ բացեցինք Հայկական մշակույթի կենտրոն Դելիում: Կենտրոնի նախագահը Գայանե Մովսիսյանն է, ով մինչև վերջերս Հնդկաստանի նախագահի կլինիկայի բժիշկ-սրտաբանն էր, իսկ այժմ աշխատում է մասնավոր կլինիկայում, փոխնախագահը՝ անվանի բժիշկ-պրոֆեսոր Մոհսին Վալին է, ով Կենտրոնի ամենաակտիվ անդամներից մեկն է և մշտապես իր խորհուրդներով մեզ ճիշտ ուղի է ցույց տալիս, թե ինչպես է պետք աշխատեցնել նման կենտրոնը Հնդկաստանում, փոխնախագահ է նաև հնդիկ անվանի գրող տկն. Սուման Կեշարին, գլխավոր խորհրդատուն մայրիկս է՝ Սուսաննա Գրիգորյանը, գլխավոր քարտուղարը՝ Նարե Մկրտչյանը:

Կենտրոնի գործունեության երկու տարիների ընթացքում կազմակերպել ենք պաշտոնական միջոցառումներ՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին, ՀՀ-Հնդկաստան դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին, Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդիի՝ Երևան կատարած այցի 40-ամյակին, Հայոց ցեղասպանության 100-ամյակին, Ապրիլյան պատերազմին, Կանանց տոնին, Մշակութային հարաբերությունների հնդկական խորհրդում (ICCR) կազմակերպել ենք Հայաստանի պատմությունն ու մշակույթը ներկայացնող մեծ ու որակյալ լուսանկարների մեծ ցուցահանդես: Ասեմ, որ ՀՀ դեսպանատունը՝ ի դեմս Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանի, ամեն հարցում միշտ մեզ աջակցություն է ցուցաբերում:

Բացի այդ, տարբեր առիթներով կազմակերպել ենք նաև հայ համայնքի հավաքներ, որտեղ ներկա են եղել նաև մեր հնդիկ փեսաները և երեխաները: Մեր ծրագրերում կա նաև կիրակնօրյա դպրոցի հիմնումը, որտեղ մեր հայ երեխաները կկարողանան միմյանց հետ շփվել, սովորել հայերեն, հայկական երգ ու պար: Մնում է լուծել տարածքի հարցը:

- Վերջերս հիշատակեցինք ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Ի՞նչ է արվում հեռավոր Հնդկաստանում՝ այդ օրը մարդկանց ճանաչելի դարձնելու, ներկայացնելու համար:

Արդեն մի քանի տարի է Ջ.Ներուի անվան համալսարանում, որը Հարավային Ասիայի ամենամեծ համալսարանն է և հայտնի է իր ակտիվ ինտելեկտուալ ներուժով, կազմակերպում ենք մոմավառություն Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, ինչպես նաև սեմինար, որի ժամանակ պատմում ենք մեր ժողովրդի այս ողբերգական էջի մասին, դատապարտում այն, ինչպես նաև ցույց տալիս մեր ազգի վերածնունդը: Այս ամենը շատ մեծ հետքաքրքրություն է առաջացնում ուսանողության և դասախոսական կազմի շրջանում:

Բացի այդ, «HANS» գրական-քաղաքական ամսագրում, որը լույս է տեսնում հնդկերեն լեզվով 1936թ.-ից, 2017-ի ապրիլյան համարում հրատարակվել է Մուշեղ Գալշոյանի «Կանչը» պատմվածքը իմ թարգմանությամբ, որը նույնպես նվիրված է Հայոց ցեղասպանությանը: Այնքան արձագանքներ ստացվեցին տպագրությունից հետո, որ ամսագրի գլխավոր խմբագիր Սանջայ Սահայը որոշեց, որ հաջորդ՝ մայիսյան  համարի իր խմբագրականը նվիրի Ցեղասպանությանը, ինչը նույնպես մեծ արձագանք գտավ:

Գրող Սուման Կեշարիի հետ վերջին 4 տարին շատ ակտիվ աշխատում ենք մի առանձնահատուկ գրքի վրա: Այն ամբողջովին նվիրված է Հայոց ցեղասպանությանը: Գիրքը կազմված է երկու մասից. առաջին մասը՝ հայ գրողների գործերի թարգմանություն հնդկերեն, որը ես եմ կատարել և երկրոդ մաս՝ ցեղասպանության տարբեր փորձագետների (նաև՝ թուրք) գործերը, հարցազրույցներ այլ մասնագետների հետ: Ի դեպ, տկն. Սուման Կեշարին, ՀՀ կառավարության հրավերով, 2015-ին Երևանում ներկա էր Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին, նաև՝ «Ավրորա» մրցանակաբաշխությանը:

- Իսկ հայ ո՞ր գրողների գործերի թարգմանությունն է տեղ գտել գրքում:

- Ռուբեն Սևակի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Պարույր Սևակի, Հովհաննես Թումանյանի, Հովհաննես Շիրազի, Համաստեղի հայտնի գործերից հատվածներ: Այժմ ավելացնում ենք նաև մի փոքր հատված Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպից:

- Ե՞րբ լույս կտեսնի այս գիրքը:

-Վաղուց պետք է լույս տեսներ, բայց անընդհատ այնպիսի նոր նյութեր էինք գտնում, որ անհնարին էր դրանք չընդգրկել, և արդյունքում ստացվեց մի ծավալուն հատոր: Որոշել ենք մինչև սեպտեմբեր գիրքն ավարտել:

- Ի՞նչ այլ գործի վրա եք աշխատում:

- Վերջերս Նյու Դելիում մեր դեսպանատուն էին դիմել Դելիի համալսարանից: Այնտեղ նախատեսում են հնդկերեն լեզվով հրատարակել աշխարհի տարբեր երկրների դասական գրողների արձակ գործերի շարք: Յուրաքանչյուր գրողին հատկացվում է մեկ հատոր և մոտ 100 էջ: Մենք ընտրեցինք մեր հայ դասական Հովհաննես Թումանյանին, մանավանդ որ եկող տարի լրանում է նրա ծննդյան 150-ամյակը, և նրա հայտնի պատմվածքները՝ «Նեսոյի քարաբաղնիսը», «Գիքորը», «Աղքատի պատիվը» և այլն:

- Շատ լուրջ, պատասխանատու և բարդ գործ է, ինչպես նաև՝ շատ կարևոր՝ հնդկական հասարակությանը մեր անվանի գրողին ներկայացնելու առումով: Եվ վերջում ասեք՝ ի՞նչ է սովորեցնում Հնդկաստանը:

- Հնդկաստանն առաջին հերթին սովորեցնում է հանդուրժողականություն (ինչը, ցավոք, շատ քիչ է Հայաստանում) և աշխարհիկություն, այսինքն՝ ընդունել բոլոր կրոնները, բոլոր մարդկանց այնպես, ինչպես որ կան: Կա մի հայտնի արտահայտություն սանսկրիտ լեզվով. Vasudhaiva kutumbakam, այսինքն` աշխարհը մի ընտանիք է: Մարդիկ, որոնք պատկանում են տարբեր ռասաների, կրոնների, մտածողության, լինելով շատ բազմազան, միևնույն ժամանակ մի ընտանիքի՝ մեր մոլորակի անդամ են. միասնություն բազմազանության մեջ…

 

Հարցազրույցը վարեց Նաիրա Ս. Մկրտչյանը

ք. Նյու Դելի


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: