ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամփոփվել են Արցախում անցկացված օպերատիվ-մարտավարական զորավարժությունների արդյունքները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մայիսի 19-ին ամփոփվել են հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված զորավարժարաններից մեկում մարտական կրակի կիրառմամբ մայիսի 14-ից 19-ը անցկացված օպերատիվ-մարտավարական զորավարժությունների արդյունքները:

Ամփոփմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, ԱՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, բարձրաստիճան այլ սպաներ:

ԶՈՒ առաջին բանակային զորամիավորման, ՊԲ հարավային ուղղությամբ գործող միավորման և ենթակա զորամասերի ներգրավմամբ անցկացված զորավարժության թեման էր «Հակառակորդի հանկարծակի հարձակման հետմղումը, զորքերի բերումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի, պաշտպանական օպերացիայի վարումը»: Մարտական կրակի կիրառմամբ զորավարժությունն անցկացվել է երեք փուլով՝ ընդգրկելով նաև մարտավարական և բանակային ավիացիա:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ողջունել է ներկաներին, շնորհավորել զորավարժությունների հաջող անցկացման կապակցությամբ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ դեռևս ըստ ուղղությունների ծանոթանում է իրավիճակին, սակայն առաջիկայում հանգամանալից կներկայացնի իր և նոր կառավարության տեսլականը:

Օրվա աշխատակարգի հրապարակումից հետո գլխավոր շտաբի պետը ներածական խոսքում անդրադարձել է զորավարժության անցկացման առանձնահատկություններին ու նպատակներին և նշեց, որ, ընդհանուր առմամբ, գոհ է արձանագրված արդյունքներից: Այնուհետև համապարփակ զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը, ով նշել է, որ անցկացված զորավարժությունների համար ստեղծվել էր տարածաշրջանային հավանական զարգացումներին և զորքերի մարտական խնդիրներին համապատասխանող օպերատիվ-մարտավարական իրադրություն: Տիրան Խաչատրյանը մանրակրկիտ վերլուծել է զորավարժության առանձին դրվագներ, իսկ արձանագրված ձեռքբերումներից կարևորել է գումարտակների հրամանատարների՝ մարտը սեղմ ժամկետներում կազմակերպելու կարողությունը, նաև՝ անծանոթ տեղանքում և իրադրությունում արագ կողմնորոշվելու անձնակազմի ունակությունը: Գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը վերհանել է նաև նկատված բացթողումներն ու թերացումները, որոնք մանրամասն կվերլուծվեն առաջիկայում:

Արդյունքների ամփոփման ավարտին պատվոգրերով և նվերներով խրախուսվել են զորավարժության մասնակից մի շարք զինծառայողներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    20 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: