ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դեսպանի նշանակումը շատ կարևոր է հայ-ուկրաինական հարաբերությունների համար. Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար

© Sputnik / Asatur Yesayants

Հայաստանում երկար ընդմիջումից հետո Ուկրաինայի դեսպանի նշանակման շուրջ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ-ում Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Կարեն Բեքարյանի հետ:


-     Երկար տարիներ շարունակ Ուկրաինան Հայաստանում չի ունեցել դեսպան: Օրերս հայտնի դարձավ դեսպանի նշանակման մասին: Ի՞նչ էր նշանակում դեսպանի այսքան երկար բացակայությունը, և ինչո՞վ էր պայմանավորված նոր դեսպանի նշանակման փաստը:

-    Առաջին հերթին, առիթն օգտագործեմ և ողջունեմ այդ փաստը՝ շնորհավորելով թե՛ հայ, թե՛ ուկրաինական կողմերին: Բոլորս շատ լավ պատկերացնում ենք, որ դեսպանատան լիարժեք գործունեության, դեսպանի առկայության պարագայում հարաբերությունների հետ կապված տարաբնույթ հարցերը լրիվ այլ դինամիկա են ստանում, ստանում են արագ արձագանքի հնարավորություն: Եթե ավելի հստակ ասենք՝ մտնում ենք լիարժեքության դաշտ: Ի դեպ, ասեմ, որ բոլոր հնարավոր եղանակներով, ձևաչափերով մենք ուկրաինական գործընկերների ուշադրությունը հրավիրում էինք այդ լիարժեքության բացակայության փաստի վրա, և ես շատ ուրախ եմ, որ վերջապես այս հարցը լուծվեց:

Կդժվարանամ ասել՝ թե ինչով էր պայմանավորված դեսպանի բացակայությունը: Կարծում եմ, բոլորս շատ լավ պատկերացնում ենք, որ կար քաղաքական էլեմենտ: Խոսքը վերաբերում է արտաքին քաղաքականությունում, միջազգային կառույցներում իրար հետ կապված որոշակի հարցերի, խնդիրների և այլն: Կարող էր լինել նաև այլ բաղադրիչ. գիտեք, Ուկրաինայում վիճակը բավականին անհանգիստ էր, և այս ընթացքում Հայաստանը միակ երկիրը չէր, որտեղ դեսպանի նշանակումն ուշացել է: Այսինքն, երկու բաղադրիչներն էլ առկա էին:

Կրկին անգամ ողջունում եմ նշանակումը, հուսով եմ, որ շատ մոտ ապագայում առիթ կունենանք անձնական կապեր հաստատելու, որովհետև բարեկամական խմբի աշխատանքի և գործունեության մեջ երկու դեսպանատների և երկու դեսպանների լիարժեք ներգրավվումն ուրույն նշանակություն ունի: Իսկ որ դեսպանի նշանակումը երկրի և հայ-ուկրաինական կապերի համար շատ կարևոր է, դա միանշանակ է:

-   Հաշվի առնելով  նորանշանակ դեսպան պարոն Լիտվինի անձի գործոնը և նրա անցած ուղին՝ ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման հարցում: Եվ ընդհանուր առմամբ, ի՞նչ նպաստ կարող է բերել դեսպանը խորհրդարանական բարեկամական խմբի աշխատանքներին:

-   Որևէ կերպ չէի ցանկանա կենտրոնանալ անձի, անուն ազգանունի վրա: Ծանոթացել եմ դեսպանի կենսագրությանը և ուրախ եմ, որ նա ունի հարուստ փորձ: Դեսպանը ներկայացնում է երկիրը, և եթե երկիրը, նրա բարձրագույն քաղաքական ղեկավարությունը նպատակահարմար է գտել նշված անձին, մեր խնդիրն է աշխատել նրա հետ՝ զարգացնելու հայ-ուկրաինական թե՛ միջպետական, թե՛ միջխորհրդարանական, թե՛ հանրային հարաբերությունները և վերջիվերջո կապերը երկու ժողովուրդների միջև:

Հետևաբար, մեծագույն ցանկությունս է, որ նորանշանակ դեսպանն արդյունավետ աշխատի Հայաստանի պետական բոլոր մարմինների հետ՝ սկսած բարձր ղեկավարությունից:

Ի՞նչ նպաստ կարող է բերել հայ-ուկրաինական բարեկամական խմբի աշխատանքներին՝ շատ էական: Մենք շատ լավ կոլեգիալ հարաբերություններ ունենք Ուկրաինայում Գերագույն Ռադայի բարեկամական խմբի մեր գործընկերների և խմբի ղեկավարի հետ, մշտապես դրական ազդակներ ենք ունեցել Ուկրաինայում ՀՀ դեսպանի կողմից՝ այդ աշխատանքներին իր նպաստը բերելու հարցում: Հիմա, եթե մենք նույն իրավիճակն ունենանք Հայաստանում Ուկրաինայի դեսպանի հետ կապերով՝ նշանակում է, որ գործիքակազմն էապես կավելանա և կդառնա լիարժեք: Այս տեսնակյունից ես իհարկե լավատես եմ և ցանկանում եմ, որ ի նպաստ հայ-ուկրաինական հարաբերությունների նրա ջանքերն արդյունք տան: Հուսով եմ, շատ մոտ շրջանում մենք դա կզգանք նաև միջխորհրդարանական հարաբերությունների համատեքստում մեր աշխատանքային ձևաչափում արդյունավետության բարձրացման տեսքով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    11 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: