ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 555,18 դրամ ԱՐԾԱԹ - 262,3 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 007,91 դրամ

Արմեն Սարգսյանը մասնակցել է Սահմանադրության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Սահմանադրական դատարանում մասնակցել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ պետական խորհրդանիշների օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին:

Հանրապետության նախագահը դիտել է Հայաստանի Սահմանադրություններին եւ պետական խորհրդանիշներին նվիրված ցուցահանդեսը, մասնակցել է հանդիսավոր ընդունելությանը եւ կտրել է տոնական տորթը: 

Իր շնորհավորական ուղերձում նախագահ Սարգսյանն ասել է.

«Այսօր Սահմանադրության օրն է: Միեւնույն ժամանակ, այսօր մենք նշում ենք նաեւ պետական խորհրդանիշների օրը, ինչը կրկնակի տոնական ու կարեւոր է դարձնում այսօրվա խորհուրդը: Պետական խորհրդանիշները բացարձակ արժեքներ են, որոնց նշանակության գիտակցումը եւ պատշաճ արժեւորումը կարեւոր նշանակություն ունեն երկրի այսօրվա եւ վաղվա օրվա համար:

Սահմանադրությունը համարվում է երկրի օրինականության խորհրդանիշ: Սակայն յուրաքանչյուր պետության լավագույն խորհրդանիշը նրա օրինապաշտ եւ, միաժամանակ, օրենքով պաշտպանված քաղաքացին է:

Սահմանադրությունն այն հիմնարար փաստաթուղթն է, որը որպես մեր անկախության եւ հետագա զարգացման երաշխիք, ամրագրում է իրավունքի գերակայության, օրինականության, արդարության եւ ժողովրդի իշխանության վրա հիմնված արժեհամակարգը մեր երկրում:

Վերջին շրջանում պետականաշինության մեջ կատարվող քայլերը նույնպես հենվում են երկրի հիմնական օրենքի այդ տրամաբանության վրա:

Սահմանադրության հերթական տարեդարձի օրը մենք կարող ենք հպարտությամբ արձանագրել ոչ միայն ինքնիշխան, զարգացող, ժողովրդավարության ուղին ընտրած Հայաստանի Հանրապետության աներկբա գոյության փաստը, այլեւ միջազգային ասպարեզում նրա աճող վարկանիշի առկայությունը:

Այն շարունակաբար բարձրացնելը բոլորիս իրավունքն ու պարտականությունն է, եւ առհասարակ մեր բարոյական պարտքն է հայրենիքի հանդեպ:

Սահմանադրական արժեքները կարող են ապրող իրողություն դառնալ այն դեպքում, երբ մեզանից յուրաքանչյուրն իր ներսում այդ արժեքների կրողը լինի:
Սահմանադրությունը իրավունքի ու պարտականության օրինական սահմանն է:
Այն, ըստ էության, զատում է թույլատրելին անթույլատրելիից, ուրվագծում այն իրավական դաշտը, որին ենթակա են նաեւ մեր բարոյական օրենքները:

Պետք է մտածել ու գործել ի շահ երկրի, օգտվել Սահմանադրությամբ ընձեռված հնարավորություններից եւ պաշտպանել Սահմանադրությունը:

Ու այդժամ, երկիրը կդառնա ավելի լավը, երկրի քաղաքացին` ավելի վստահ, երկրի իշխանությունը` ավելի պատասխանատու եւ ավելի վստահելի:

Սահմանադրությունը եւ ժողովրդի կամքը փոխկապակցված են իրար: Այսօր ժողովուրդն է իր կյանքի, պետության զարգացման օրակարգի լիարժեք ձևավորողը:

Այդ օրակարգը պետք է զերծ լինի զգացմունքի գերակայությունից եւ կյանքի կոչվի Սահմանադրության նկատմամբ հարգանքի հենքի վրա` որպես ազատ, ժողովրդավարական եւ ուժեղ Հայաստանի գրավական:

Միասին պետք է շարունակենք կառուցել քաղաքականապես ու տնտեսապես ներդաշնակ, քաղաքացու եւ իշխանության փոխադարձ հարգանքի վրա զարգացող Հայաստանը:

Իրավունքի, օրենքի ու արժանապատվության երաշխավորմամբ ապրելը պետք է լինի ոչ թե երազանք, այլ՝ իրականություն: Որովհետեւ Սահմանադրությամբ եւ օրենքներով ապրելը ոչ թե սոսկ անհրաժեշտություն եւ պարտականություն է, այլ` ազատ մարդկանց առավելությունը, ովքեր գիտեն իրենց եւ այլոց իրավունքների արժեքը:

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին: Մաղթում եմ խաղաղություն, լավատեսություն եւ բարեկեցություն»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 75%
Քամի՝ 7 կմ/ժ
0 C°
 
-1°   
23.11.2019
-1°   
24.11.2019
Հարցում

Կո՞ղմ եք ՀՀ վարչապետի առաջարկած բանաձևին, ըստ որի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սցենարը պետք է ընդունելի լինի բոլոր երեք կողմերի համար։