ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քաղաքացիություն` ներդրումների դիմաց. ո՞ր երկրներն են «վաճառում» իրենց անձնագրերը

«Ներդրումների դիմաց քաղաքացիության շնորհում» ծրագիրը տարեցտարի ավելի մեծ պահանջարկ է սկսում վայելել: Այն օտարերկրացիներին հնարավորություն է ընձեռում ոչ միայն քաղաքացիություն ստանալ սեղմ ժամկետներում, այլ նաև տվյալ երկրում պաշտպանել իրենց կապիտալը և նվազեցնել հարկերը: Գումարի դիմաց քաղաքացիություն ստանալու հնարավորություն են ընձեռնում, օրինակ, ԱՄՆ-ն, Կանադան, Իսպանիան, Պորտուգալիան, Հունաստանը, Մալթան, Կիպրոսը, Բուլղարիան,  Լատվիան, Մոլդովան, Թաիլանդը, Ավստրալիան, Կարիբյան ավազանի երկրները և այլն:  

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում ներդրումային ծրագիրը, որն այս կամ այն երկրի քաղաքացիություն ստանալու հնարավորություն է ընձեռում:

Չնայած տարբեր երկրներում ներդրումների համար քաղաքացիություն ստանալու համար կարգը տարբեր է և ունի իր առանձնահատկությունները, այնուամենայնիվ, կան մի քանի սկզբունքներ, որոնք բնորոշ են նման ներդրումային ծրագրեր ունեցող պետությունների մեծամասնությանը:  Այսպես, նշված ընթացակարգը վերահսկվում է համապատասխան պետական մարմինների կողմից և իրականացվում է իրավական հիմքերով: Օրենսդրական մակարդակում նախատեսվում է կապիտալի լիարժեք պահպանում և պետական աջակցություն դրա աճին: Ներդրումային նման ծրագրերին կարող է մասնակցել ցանկացած ոք` անկախ ազգությունից և զբաղեցրած պաշտոնից:

Քաղաքացիության դիմաց ներդրումների ամենատարածված տեսակներից է անշարժ գույքի ձեռքբերումը: Ընդ որում, քաղաքացիություն կարելի է ստանալ ինչպես սահմանված կարգով բնակարան գնելու, այնպես էլ վերջինիս երկարաժամկետ վարձակալության դեպքում: Այսպիսի երկրներից է, օրինակ Մալթան, որտեղ քաղաքացիություն ձեռք բերելու նպատակով անշարժ գույքի (բնակարաններ, վիլլաներ և այլն) գնման համար հարկավոր է ներդնել առնվազն 350 հազար եվրո:  Թույլատրվում է նաև երկարաժամկետ վարձակալություն 5 տարի ժամկետով, որի վրա ծախսած գումարի չափը պետք է լինի տարեկան 16 հազար եվրո:

Նման ծրագրերի շրջանակներում օտարերկյա քաղաքացիություն ստանալու երկրորդ տարածված միջոցը բիզնես ներդրումներ կատարելն է: Նման հնարավորություն է ընձեռնում, օրինակ, Կիպրոսը, որտեղ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ներդնել առնվազն 2 միլիոն եվրո` ստեղծելով քաղաքացիների համար ամենաքիչը 5 աշխատատեղ: Բացի այդ, Կիպրոսը հարուստ ներդրողների և գործարարների համար հնարավորություն է ընձեռում անձնագիր ստանալ պետական արժեթղթեր գնելու միջոցով (500 հազար եվրո պետական պարտատոմսեր, ինչպես նաև 1.5 միլիոն եվրո ներդնելով բիզնես ոլորտում կամ անշարժ գույքի ձեռք բերման դեպքում):

Նշենք, որ այս գործարքի ժամանակ պետությունը հանդես է գալիս որպես երաշխավոր և ներդրողին երաշխավորում է ոչ միայն կապիտալի և ներդրումների անվտանգությունը, այլև բարձր եկամտաբերությունը: Միևնույն ժամանակ, անհրաժեշտության դեպքում, ներդրողը կարող է դրանք վաճառել ցանկացած ժամանակ`առանց նյութական կորուստներ կրելու:  

Օտարերկրյա քաղաքացիություն կարելի է ստանալ նաև միանգամյա բարեգործական նվիրատվություն կատարելու միջոցով, ինչպես օրինակ, Բուլղարիայում: Անհրաժեշտ է պարզապես իրականացնել բանկային ընթացակարգ` կապված ավանդի գումարի փոխանցման հետ և այսպիսով ձեռք բերել քաղաքացիություն:

Հարկ է նաև նշել, որ ներդրումների համար սահմանված կարգը, ինչպես նաև արժեքը տարբեր պատճառներով ամեն տարի փոփոխությունների է ենթարկվում: Այսպես, օրինակ, 2017 թվականի Ատլանտյան օվկիանոսում մոլեգնած փոթորիկից հետո Կարիբյան երկրներում ներդրումային ծրագիրն ավելի էժան և մատչելի է դարձել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: