ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՄԸՄ հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառմանը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառմանը: 
Վարչապետը ՀՄԸՄ-ի բոլոր անդամներին ջերմորեն շնորհավորել է 100-ամյա հոբելյանի առթիվ և խորհրդանշական համարել, որ հոբելյանական միջոցառումը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում կայացած դրամատիկ քաղաքական իրադարձությունների ժամանակաշրջանում: «Թույլ տվեք ասել, որ վերջերս Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն ըստ էության կյանքի է կոչել Հոմենեթմենի կարգախոսը՝ բարձրացիր և բարձրացրու: Ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում. խեղճացած, կռացած քաղաքացին վեր կացավ, բարձրացավ և բարձրացրեց իր հայրենիքը, իր հայրենիքի անունը, իր կարգավիճակը սեփական հայրենիքում և այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին ամուր կանգնած է իր ոտքերի վրա՝ ուղիղ ողնաշարով և հպարտ հայացքով: Սա շատ կարևոր ձեռքբերում է, բայց սա ամենը չէ, ինչին մենք ուզում ենք հասնել: Մենք պետք է շարունակենք մեր ընդհանուր կարգախոսի իրականացումը և շարունակենք բարձրանալ ու բարձրացնել մեր հայրենիքը: Բավարար չէ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այսօր ամուր կանգնած է իր ոտքերի վրա բարձր և բարձրացրած իր երկրի, պետության հեղինակությունը: Մենք հույս ունենք, որ Հայաստանի քաղաքացին շարունակելու է իր ընթացքը, զարգացնելու է, ճախրելու է, թռչելու է մեր ազգային և պետական երազանքների մակարդակի: Մենք այսօր բոլորին կոչ ենք անում, սիրելի հայրենակիցներ, եկեք միասին՝ ազգովի բարձրանանք և բարձրացնենք, մենք սփյուռքի մեր գործարարներին հրավիրում ենք Հայաստանի Հանրապետություն, որպեսզի նրանք իրենց հայրենիքում, բարձրանան և բարձրացնեն, բարձրանան՝ իրենց քաղաքացիական գիտակցությամբ, օրենքի առաջ իրենց ունեցած պարտավորության գիտակցությամբ և բարձրանան իրենց անձնական, թիմային, գործարար հաջողությունների բերումով: Մենք այսօր Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի պետական ծառայողներին կոչ ենք անում, ասում ենք՝ բարձրացեք և բարձրացրեք մեր հայրենիքը, բարձրացեք ձեր ծառայության մեջ, ոչ թե անձնական շնորհների, ձեռքբերումների մեջ, այլ անձնական ծառայության մեջ մեր հայրենիքին և մեր ժողովրդին: Եվ մենք ուզում ենք արձանագրել, որ մեզնից յուրաքանչյուրի բարձրանալն իր հետևից պետք է բարձրացնի ուրիշներին, ոչ թե ցածրացնի, ոչ թե հուսահատության, հուսալքության և արտագաղթի անդունդը նետի մեր մյուս հայրենակիցներին: Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը չափազանց կարևոր դեր է ունեցել մեր ժողովրդի պատմության մեջ և շարունակում է ունենալ սկսած հայ ժողովրդի շրջանում մարմնամարզական, մարմնակրթական ավանդույթների սերմանումից, շարունակելով որբախնամ, հայապահպան առաքելությամբ: Խորհրդանշական է, որ Կոստանդնուպոլսում հիմնված ՀՄԸՄ-ի 100-րդ տարեդարձը նշվում է անկախ և ազատ Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Սա խորհրդանշում է նաև ապագայի մասին մեր պատկերացումը: Ինչպես ՀՄԸՄ-ն Կոստանդնուպոլսի տափաստաններից այս 100 տարվա ընթացքում բարձրացավ դեպի Հայաստանի Հանրապետություն, բառիս բուն և փոխաբերական իմաստով, այնպես էլ մենք հայ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցչի հրավիրում ենք բարձրանալ Հայաստան և բարձրացնել Հայաստանը: Սա է այն առաքելությունը, որ մեզ միավորում է և այս առաքելության մեջ մենք անկասկած պետք է հաղթենք: Եվ ուրեմն կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում են և ապրելու են ազատ ու երջանիկ Հայաստանում»: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: