ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 030,68 դրամ ԱՐԾԱԹ - 227,79 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 074,57 դրամ

Հայաստանը խնդիր ունի հավասար գործընկերոջ պես պատասխանել Լավրովին

Հայաստանի գործող իշխանությունների կողմից հռչակված հիմնական սկզբունքներից մեկն արտաքին քաղաքականության մեջ ինքնիշխանության ամրապնդումն ու այլ երկրների հետ հավասար գործընկերների պես հարաբերվելն է։ Սա, անշուշտ, շատ կարևոր նպատակ է՝ նպաստող ՀՀ արտաքին շահերի առաջմղմանն ու դիրքերի ամրապնդմանը։ Սակայն այս նպատակը բավական նուրբ գործիքակազմ է պահանջում և հեռատեսություն՝  ոչ միայն արտաքին, այլև ներքին քաղաքականության մեջ։ Ներքաղաքական այնպիսի գործողությունները, որոնք արտաքին դերատակատարների կողմից բաց և կոշտ արձագանք են ստանում և ազդում հանրային տրամադրությունների վրա, ոչ միայն չեն ամրապնդում, այլև ավելի են թուլացնում Հայաստանի ինքնիշխանությունը։

Կոռուպցիայի դեմ պայքարն ու հանցագործությունների բացահայտումը, արդար դատավարության իրականացումն ու օրենքի տառի պահպանումը ցանկացած ժողովրդավար երկրի գլխավոր նպատակն են, և Հայաստանի հանրության բնական պահանջմունքը։ Բայց այսօրվա ստեղծված իրավիճակում փաստացի որոշ քայլեր այս ուղղությամբ, իսկ ավելի ճիշտ, այդ քայլերի իրականացման ոչ բավարար նրբությունը, Հայաստանի համար բավական լուրջ արտաքին քաղաքական խնդիրներ և անվտանգային մարտահրավերներ են ստեղծում։

ՌԴ աննախադեպ կոշտ արձագանքը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դեպքի հետ կապված, ըստ էության, ակնհայտ միջամտություն էր ՀՀ ներքաղաքական գործընթացներին։ Այս միջամտությունը պայմանավորված էր նրանով, որ Յուրի Խաչատուրովը ներկա պահին ՀԱՊԿ գործող ներկայացուցիչ է, և նրա անվան հետ կապված նման միջադեպն անուղղակի հարված է նաև ողջ կառույցի և դրա անդամ երկրների հեղինակությանը։ Եվ ՀՀ իշխանություններն այսօր խնդիր ունեն մի կողմից՝ արձագանքել «հավասար գործընկերոջ» պես, մյուս կողմից՝ կանխել հնարավոր ռիսկերը։

Հայաստանին անցյալում հաջողվել է իր շահերն աշխարհաքաղաքական ասպարեզում առաջ մղել թափանցիկ և կանխատեսելի արտաքին քաղաքականության շնորհիվ։ Բոլոր դեպքերում, երբ այս սկզբունքները խախտվել են, Հայաստանը բավական լուրջ խնդիրներ է ունեցել։ Եվ այժմ էլ, առավել նպատակահարմար և ոչ ռիսկային կլիներ, եթե պաշտոնական Երևանն առավել բաց գործեր և նախապես ներկայացներ ՀԱՊԿ գործընկերներին առկա իրավիճակը, փոխարիներ Յ․Խաչատուրովին այլ պաշտոնյայով, և հետո միայն անդրադարձ կատարվեր նրա հետ կապված ներքին հարցերին։

Ստեղծված իրավիճակում Հայաստանի իշխանություններից բավական մեծ ջանքեր կպահանջվեն ռուս գործընկերների հետ միմյանց հասկանալու, հետագա հնարավոր ռիսկերը կանխելու և Հայաստանի ինքնիշխանությանը հասցված հարվածը մեղմելու համար։ Սա կարևոր փորձաքար է լինելու հավասար գործընկերության կառուցման հայտարարված ուղու վրա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 53%
Քամի՝ 11.27 կմ/ժ
15 C°
 
  20° 
17.10.2018
  21° 
18.10.2018
Հարցում

Սպասու՞մ եք արդյոք ղարաբաղյան բանակցությունների վերսկսման՝ Փաշինյան-Ալիև ձևաչափով