ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք նույն ճակատագիրն ենք ունեցել. Բաբլոյանի ուղերձը եզդիների ցեղասպանության 4-րդ տարելիցի կապակցությամբ

Օգոստոսի 3-ին աշխարհի եզդիները հարգանքի տուրք են մատուցում 2014 թվականի այս օրը Իրաքում ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից գազանաբար սպանված հազարավոր եզդիների հիշատակին: Այդ կապակցությամբ այսօր Երևանի Օղակաձև զբոսայգում՝ եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ էին հավաքվել եզդիական համայնքի, հասարակայնության ներկայացուցիչներ:

Օրվա կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ուղերձը հավաքի մասնակիցներին ներկայացրել է խորհրդարանի պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը: Ուղերձում ասված է.

«Սիրելի եզդիներ, հարգելի ներկաներ,

այսօր ևս մեկ անգամ գլուխ ենք խոնարհում ահաբեկչական խմբավորումների վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առջև:

Այդ հրեշավոր հանցագործության չորրորդ տարելիցի օրը հայ ժողովուրդը և Հայաստանի իշխանությունները ոչ միայն զորակցություն են հայտնում եղբայր եզդի ժողովրդին, այլև վերահաստատում են իրենց վճռականությունը` շարունակելու պայքարը ցեղասպանությունների դատապարտման ու կանխարգելման համար:

Սարսափելի է, բայց Հայոց ցեղասպանությունից հազիվ մեկ դար անց մի ողջ ժողովուրդ կիսեց արևմտահայության ճակատագիրը և իր պատմական հայրենիքում ազգային ու կրոնական պատկանելության համար ենթարկվեց կոտորածների ու տեղահանության, ինչպես 1915 թվականին, երբ Օսմանյան կայսրությունում դատարկվում էին Վասպուրականի, Էրզրումի, Մուշի, Կարսի և մյուս նահանգների եզդիական բնակավայրերը:

Մենք նույն ճակատագիրն ենք ունեցել` միասին հայրենիք ենք կորցրել, 1918-ի մայիսին Սարդարապատում ու Բաշ-Ապարանում հայրենիք ենք պաշտպանել ու կրկին Հայաստան կերտել: Այն մեր ընդհանուր տունն է, ուր բոլոր պայմաններն ստեղծվել են եզդիների և Հայաստանում բնակվող մյուս ժողովուրդների բարօրության, զարգացման և ազգային ու մշակութային ինքնության պահպանման համար:

Ըստ այդմ, 2014 թվականին եզդի ժողովրդին պատուհասած դժբախտությանն առաջիններից մեկն արձագանքեց Հայաստանը և աշխարհի ամենաբարձր ատյաններում պահանջեց գործուն քայլեր ձեռնարկել մարդկության դեմ ուղղված այս հանցագործությունը դադարեցնելու համար:

Իսկ Հայաստանի Հանրապետության խորհրդարանը 2018 թվականի հունվարի 16-ին ճանաչեց այն որպես ցեղասպանություն և իր համերաշխությունը հայտնելով եզդի ժողովրդին` պահանջեց միջազգային կառուցակարգերի միջոցով հետապնդել ու հետաքննել կատարված հանցագործությունները, պատասխանատվության ենթարկել միջազգային հանցագործություններ կատարած անձանց:

Հայաստանի Հանրապետության խորհրդարանի և անձամբ իմ անունից զորակցություն եմ հայտնում ողջ եզդի ժողովրդին, կիսում ձեր վիշտը և խոնարհվում հազարավոր անմեղ զոհերի հիշատակի առջև:

Լիահույս եմ, որ հակառակ բոլոր փորձություններին` եզդի ժողովուրդը շարունակելու է ապրել, զարգանալ և արարել»: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    25 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: