ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օգոստոսի 23-ը մեր տոնացույցում գրված է ոսկյա տառերով. Ա. Բաբլոյանի ուղերձը Հայաստանի անկախության հռչակագրի 28-րդ տարեդարձի առթիվ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության հռչակագրի 28-րդ տարեդարձի առթիվ։

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

այսօր մենք տոնում ենք հայոց անկախ պետականության վերականգնման ուղի ոտք դնելու 28-րդ տարեդարձը:

1990 թվականի օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի 12-րդ գումարման Գերագույն խորհուրդը վավերացրեց մի հիմնարար փաստաթուղթ, որը կրում էր «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» անվանումը:

Նրա տասներկու կետերն ասես սեղմ ու փոքրիկ Սահմանադրությունն էին դեռ չստեղծված հայոց անկախ ու ժողովրդավարական պետականության: Եվ նրա բոլոր դրույթները պիտի սրբորեն պահպանենք, որովհետև միայն այդ ճանապարհով ենք պաշտպանելու այն ամենը, որոնք գերակա արժեքներ հռչակելու համար 1988-ին պայքարի ելանք:

Անգամ քսանութ տարի անց դժվար է ասել՝ Հայաստանի անկախության հռչակագիրը մեր քաղաքական մտքի մանկությո՞ւնն էր, թե՞ իրավական մտքի հասունության արտացոլումը:

Հստակ է, որ այն շարունակությունն էր Խորհրդային Հայաստանի 11-րդ գումարման Գերագույն խորհրդի 1988 թվականի նոյեմբերի 24-ի անավարտ մնացած նիստի, երբ խորհրդարանը կեսգիշերն անց հայտարարեց, որ Հայաստանում այսուհետ գործում են միայն Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի հավանությանն արժանացած օրենքները: Զրահատեխնիկան մտավ Հայաստանի մայրաքաղաք, սակայն խորհրդարանն արդեն վավերացրել էր ժողովրդի կամարտահայտումը:

Օգոստոսի 23-ի հռչակագիրը միաժամանակ կարևորագույն ուղենիշն ու մեկնակետն էր դեպի 1991 թվականի սեպտեմբերի 21-ը տանող ճանապարհին:

 Այն հռչակագիր էր, բայց նրա տասներկու կետերից և ոչ մեկը դեկլարատիվ բնույթ չկրեց, այլ մեր պայքարի, զրկանքների ու զոհողությունների շնորհիվ դարձավ իրականություն:

Սիրելի՛ հայրենակիցներ,

օգոստոսի 23-ը մեր տոնացույցում գրված է ոսկյա տառերով և դարձել է հայության մի քանի սերունդների երազանքն իրականություն դարձնելու կամքի ու վճռականության խորհրդանիշը:

Տասնամյակներ կհաջորդեն միմյանց, բազմաթիվ օրենքներ կվերախմբագրվեն, փոփոխություններ կկատարվեն նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում:

Սակայն, ինչպես մենք, այնպես էլ գալիք յուրաքանչյուր սերունդ պարտավոր է պահպանել Հայաստանի անկախության հռչակագրում ձևակերպված այն իսկապե՛ս ժողովրդավարական ու ազգային արժեքները, խոսքի, մամուլի, խղճի ազատությունը, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների իրավահավասարությունը, որոնք հիմնարար արժեքներ հռչակվեցին 1990 թվականի օգոստոսի 23-ին:

Բարին ընդ մեզ այդ ճանապարհին»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    20 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: