ԵՐԵՎԱՆ 4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աննա Հակոբյանը Սանկտ Պետերբուրգում կոչ է արել միանալ խաղաղության իր արշավին

Սեպտեմբերի 19-21-ը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն աշխատանքային այցով գտնվում էր Սանկտ Պետերբուրգում, որտեղ ՌԴ դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով մասնակցեց «Կանայք հանուն գլոբալ անվտանգության և կայուն զարգացման» երկրորդ եվրասիական համաժողովին: Հակոբյանը սեպտեմբերի 21-ի առավոտյան բացման խոսք է ուղղել համաժողովի մասնակիցներին և նրանց է ներկայացրել իր «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը: «Արշավի ամբողջ իմաստն այն է, որ մենք՝ որպես կին և որպես մայր, համախմբվենք և միաձայն հորդոր ուղղենք  ղարաբաղյան խնդրում ներգրավված բոլոր դերակատարներին՝ արմատապես մերժելու հակամարտության ռազմական լուծման տարբերակը և լուծումներ գտնելու՝ առանց կրակելու, առանց հայ և ադրբեջանցի երիտասարդների կյանքը խլելու: Վերջ ի վերջո, մարդկային միտքն անսահման է, և ցանկության դեպքում կարելի է անել նույնիսկ անհնարինը»,- նշել է Աննա Հակոբյանը:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը` վարչապետի տիկինը ներկաներին պատմել է համաժողովին մեկնելուց անմիջապես առաջ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերի հետ իր հանդիպման մասին՝ նշելով, որ պատերազմում իրենց զավակներին կորցրած մայրերը միացել են իր արշավին և կոչ են արել ադրբեջանցի զոհերի մայրերին նույնը անելու. «Պատկերացնո՞ւմ եք՝ մայրեր, որոնք մարտի դաշտում կորցրել են իրենց զավակներին, ոչ թե վրեժ, այլ խաղաղություն են տենչում, իրենց քայլն են անում՝ հանուն այն մայրերի, որոնք վայելում են իրենց որդիների ներկայությունը: Ես, իսկապես, չգիտեմ, թե ինչպիսին է լինելու ադրբեջանցի մայրերի և առաջին տիկնոջ արձագանքը: Բայց ես հավատում եմ, որ միասին մենք կարող ենք պատմության գիրկն ուղարկել ղարաբաղյան հակամարտությունը, հանձնել զենքերը և խրախուսել տղամարդկանց պատերազմել «մտքի և խոսքի» ուժով»,- ասել է Հակոբյանը՝ վերահաստատելով իր խոսքերը, որ արշավն սկսել է հավասարապես հանուն հայ և ադրբեջանցի երիտասարդների:

ՀՀ վարչապետի տիկինը ելույթը եզրափակել է ներկաներին ուղղված խնդրանքով՝ իրենց անվերապահ աջակցությունն արտահայտելու «Կանայք հանուն խաղաղության» արշավին՝ նշելով, որ մտադիր չէ նախաձեռնությունը սահմանափակել միայն արցախյան խնդրով. «Իմ մեծ ցանկությունն ու ծրագիրն է ընդլայնել դրա աշխարհագրությունը և խաղաղության ուղերձով հանդես գալ աշխարհի տարբեր թեժ կետերում: Ապավինում եմ ձեր աջակցությանը՝ մեր աշխարհը մի փոքր ավելի լավը դարձնելու հարցում»,- ելույթն ավարտել է Աննա Հակոբյանը:

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: