ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որևէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն. Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ում

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանում իր ելույթում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Ղարաբաղյան խնդրին՝ մասնավորապես նշելով.

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է գերակշռել մեր արտաքին քաղաքական օրակարգում: Արցախի Հանրապետության կարգավիճակը և անվտանգությունը լինելու է Հայաստանի Հանրապետության բացարձակ առաջնահերթությունը բանակցային գործընթացում: Հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ ուղղակի սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների համար: Հայաստանը կշարունակի իր կառուցողական ներգրավվածությունը հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով, որին էլ տրված է հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ մանդատը: Ադրբեջանը պետք է փոխի բանակցությունների հանդեպ իր անհարգալից վերաբերմունքը, պետք է լիովին հրաժարվի ցանկացած ռազմական լուծման գաղափարից և իրագործի բոլոր նախորդ համաձայնագրերը:

Ավելին, եթե Ադրբեջանն իսկապես հավատարիմ է խաղաղ գործընթացին, ապա պետք է սկսի երկխոսել այս հակամարտության հիմնական սուբյեկտի` Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանն ամեն առիթով հայտարարում է, որ Ղարաբաղը պետք է լինի իր տարածքի մի մասը: Միևնույն ժամանակ հայտարարում է, որ չի բանակցելու Լեռնային Ղարաբաղի հետ: Խնդիրն այն է, թե ինչպես կարող է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություն ներկայացնել առանց նույնիսկ ԼՂ-ի հետ երկխոսելու: Դա հնարավո՞ր է: Դա հնարավոր է, եթե միայն Ադրբեջանի ղեկավարությանը հետաքրքրում է ոչ թե ժողովուրդը, այլ բուն տարածքը: Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի ղեկավարության մտադրությունն այն է, որ Ղարաբաղը մաքրվի հայերից, ինչպես եղավ Նախիջևանում: Սա իրավունք է տալիս Լեռնային Ղարաբաղին ասել, որ Ադրբեջանի մաս կազմելը Ղարաբաղի բնակչության համար կնշանակի լիակատար բնաջնջում: Հետևաբար Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որևէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն:

Ամփոփելով` թույլ տվեք վերահաստատել. հակամարտությունը կարող է և պետք է կարգավորվի միայն կողմերի փոխադարձ զիջումների միջոցով` խաղաղության և ոչ թե պատերազմի մթնոլորտում:

Եվ վերջում չափազանց կարևոր եմ համարում իմ երախտագիտությունը հայտնել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերի և մոտեցումների հանդեպ իր անվերապահ աջակցության համար»:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: