ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախյան հիմնախնդրի կարգավորմանն անցնելու համար դիրքորոշումների հստակեցման կարիք կա

Նյու-Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ ունեցած առանձին հանդիպումներից և երկու նախարարների հետ համատեղ քննարկումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած մամլո հաղորդագրությունը ցույց է տալիս, որ կողմերի դիրքորոշումների հստակեցման կարիք կա։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ համանախագահները նախարարների հետ քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և հստակեցումներ են մտցրել վերջին շրջանում արված հայտարարությունների և տեղի ունեցած միջադեպերի հետ կապված։ Սա կարող է վերաբերել ինչպես Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո հայկական ղեկավարության կողմից արված որոշ նոր շեշտադրումներին ու հայտարարություններին, այնպես էլ Ադրբեջանից հնչող վերջնագրային հռետորաբանությանը։ Նման ձևակերպումը վկայում է, որ համանախագահները փորձել են հստակեցնել, թե պատրա՞ստ են արդյոք կողմերը շարունակել բանակցությունները և ինչի՞ շուրջ դրանք պետք է լինեն։

Ուշագրավ է նաև համանախագահների այն դիտարկումը, որ համապարփակ կարգավորումը զիջումներ է պահանջելու բոլոր կողմերից, ինչն, ըստ էության, ուղերձ է Ադրբեջանին, որի հռետորաբանությունը հենվում է միայն պահանջների վրա։ Պետք է նշել, որ համանախագահների այս դիտարկումը նոր է՝ նախորդ երկու հաղորդագրությունների համեմատ։

Բացի այդ, հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախարարները հաստատել են լարվածության թուլացմանն ուղղված լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու կարևորությունը։ Սա, առաջին հերթին, վերաբերում է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարմանը՝ ի դեմս հետաքննության մեխանիզմների ներդրման և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման։ Սակայն, այս համատեքստում պետք է դիտարկել նաև Դուշանբեում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի ձեռք բերած պայմանավորվածությունները, որոնց մասին սեպտեմբերի 28-ին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը(հրադադարի ռեժիմի պահպանում, բանակցությունների շարունակում և օպերատիվ կապի հաստատում)։

Եթե երկու նախարարների նախորդ հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կողմից տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ քննարկվել են բովանդակային բանակցություններին անցնելու հաջորդ քայլերն ու պարամետրերը և առանձին ընդգծվում էր, որ քննարկվել են նաև հետագա շփումների հնարավոր հարցերը՝ այդ թվում վստահության հնարավոր միջոցները, այս անգամ նշվում է միայն բանակցություններն ինտենսիվացնելու նախարարների մտադրության մասին։ Սա կարող է նշանակել, որ կողմերի դիրքորոշումներից ելնելով բովանդակային հարցերի քննարկումն այս փուլում օրակարգում առաջին տեղում չէ։ Այդ մասին է վկայում նաև կարգավորման հիմնարար սկզբունքների վրա հղման բացակայությունը, որն առկա էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախորդ երկու հաղորդագրությունների մեջ։

Այսպիսով, միջնորդները փորձում են հստակեցնել կողմերի դիրքորոշումներն ու հնարավոր դարձնել բովանդակային քննարկումները, սակայն այս փուլում առաջնայինը վստահության մթնոլորտի ձևավորումն է։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: