ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանյան ֆրանկոֆոն շաբաթվա հիմնական արդյունքները

Անցյալ շաբաթվա ընթացքում Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն, անշուշտ, Հայաստանի նորանկախ շրջանի համար պատմական կարևորության իրադարձություն էր։ Մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանը գտնվում էր ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում, այդ թում՝ մի շարք աֆրիկյան երկրների, որոնց հետ Հայաստանի առնչությունները խիստ սահմանափակ են։

Եթե ամփոփելու լինենք գագաթաժողովի հիմնական արդյունքները, ապա առաջին հերթին պետք է նշենք Հայաստանի ճանաչելիության մակարդակի բարձրացումը։ Սա կարևոր է թե՛ միջազգային ասպարեզում երկրի հեղինակության, թե՛ տուրիստական հոսքերի աճի տեսանկյունից։

Բացի այդ, գագաթաժողովն ու դրան զուգահեռ անցկացվող միջոցառումները հնարավորություն ընձեռեցին Հայաստանին ներկայացնել տարբեր ոլորտներում, և առաջին հերթին՝ տեխնոլոգիական ոլորտում իր ձեռքբերումները, փնտրել ներդրումներ ու գործընկերության զարգացման հնարավորություններ։

Փաստացի, Հայաստանը հանդես եկավ ֆրանկոֆոն աշխարհում օրակարգ կերտողի, առաջնային կարևորության միջոցառումներ անցկացնողի դերում։ Հաշվի առնելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հումանիտար բնույթն ու Հայաստանի՝ կառույցի ասոցացված անդամ լինելը, դա իսկապես մեծ ձեռքբերում է։ Եվ այդ հաջողությանը հասնելու համար պահանջվել է երկար տարիների հետևողական աշխատանք։

Ֆրանսերեն լեզվին ու տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցերից զատ, կառույցն անդրադառնում է նաև անդամ երկրների, ընդհանուր տարածաշրջանի ռազմաքաղաքական խնդիրներին, այդ թվում՝ հակամարտություններին։ Ուշագրավ է գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթերում տեղ գտած Արցախյան հակամարտության վերաբերյալ ձևակերպումը։ «Ֆրանկոֆոնիայի տարածքի երկրների՝ճգնաժամային իրավիճակների, ճգնաժամերից դուրս գալու և համախմբվելու վերաբերյալ» բանաևում, որն ընդունվել է գագաթաժողովի արդյունքում, նշվում է․ «Վերահաստատում ենք մեր լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին՝ ուղղված ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը և կրկնում ենք, որ հարատև խաղաղությունը պահանջում է հակամարտության բոլոր կողմերի լիարժեք ներգրավում հակամարտության կարգավորման գործընթացին՝ համանախագահների առաջարկների հիման վրա»։ Նշենք, որ այս ձևակերպումը տարբերվում է նախորդ գագաթաժողովի նույնանուն բանաձևում տեղ գտած ձևակերպումից, որտեղ բացակայում էր պարբերության երկրորդ հատվածը՝ վերաբերող բոլոր կողմների ներգրավմանը։

Բացի այդ, անդամ երկրները կոչ են արել թուլացնել լարվածությունն ու լիարժեք հարգել հրադադարի ռեժիմը, խուսափել ռազմատենչ հռետորաբանությունից՝ կառուցողական միջավայր ստեղծելու նպատակով, և կյանքի կոչել առկա պայմանավորվածությունները։ Նաև կոչ են արել շարունակել բանակցային գործընթացը՝ հիմնվելով Հելսինկյան հիմնարար սկզբունքների վրա՝ ներառյալ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների իրավահավասարությունը և ինքնորոշման իրավունքը։

Այսպիսով, Հայաստանը վերջին տարիների ընթացքում բավական մեծ աշխատանք է տարել՝ ֆրանկոֆոն աշխարհի համար այս կարևոր միջոցոռումն ըստ արժանվույն անցկացնելու ուղղությամբ՝ զուգահեռաբար մեծացնելով նաև մեր երկրի հանդեպ դրական վերաբերմունքն ու ընդլայնելով գործընկերային կապերը ֆրանկոֆոն երկրների հետ։ Դա ստեղծում է թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական լայն հնարավորություններ։ Իսկ արդեն իսկ սկիզբ առած այդ գործընթացը կարող է էլ ավելի արդյունավետ կերպով շարունակվել մոտակա երկու տարիների ընթացքում՝ հաշվի առնելով ՀՀ նախագահությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: