ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանն ուղենիշ է դարձել ողջ երկրի զարգացման համար․ Արա Բաբլոյանի ուղերձը

Երևանի ծաղկման համար Հայաստանը շատ բան է արել, բայց Երևանն էլ շռայլորեն փոխհատուցել է այն, և որպես մայրաքաղաք՝ ուղենիշ է դարձել ողջ երկրի զարգացման համար: Այս մասին Երևանի 2800-ամյակի տոնի առթիվ իր ուղերձում նշել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սրտանց շնորհավորում եմ Երևանի հիմնադրման 2800-րդ տարեդարձի առթիվ: Երևանը բերդաքաղաքից վաղուց դարձել է Արարատի հայացքի ներքո տարածված և արագ զարգացող մեծ ու գեղեցիկ քաղաք, ռազմապաշտպանական կառույցից վերածվել է քաղաքաշինության ասպարեզում իրականացված սխրանքի, ձեռք է բերել թամանյանական եզակի ճարտարապետական դիմագիծ, ստեղծել է իր յուրահատուկ՝ երևանյան միջավայրը, և ի վերջո, այն այլևս համայն հայության մայրաքաղաքն է:

Ու նաև դարձել է բոլորիս սիրո, հոգատարության և հպարտության առարկան, որի զարգացումը խորհրդանշեց Հայաստանի ու հայության վերազարթոնքը:

Երևանն այսօր ո´չ միայն Հայաստանի վարչական կենտրոնն է, այլև տնտեսական, գիտական, կրթական ու մշակութային մայրաքաղաքը, ուր միաձուլվել են պատմության բազմաթիվ շերտեր, և ուր, գոնե վերջին հարյուրամյակում, զարգացել է հայ հասարակական-քաղաքական միտքը, ձևակերպել է համահայկական ընդգրկում ունեցող նորանոր գաղափարներ և իրականություն դարձրել դրանք:

Երևանն այսօր աշխարհի շատ ու շատ պետությունների կայուն զարգացման ճանապարհով ընթացող մայրաքաղաքների շարքում է, ապրում է նոր ժամանակների շնչով, միշտ զարմացնում է իր դասական գեղեցկությամբ ու կոլորիտով: 

Տոնական այս օրը հետադարձ հայացք նետելով Երևանի անցած քսանութ դարերին և երախտագիտությամբ հիշելով մեր քաղաքը կառուցողներին ու շենացնողներին` շնորհակալության առանձնահատուկ խոսքեր պիտի ուղղենք նաև բոլոր ա´յն մարդկանց, ովքեր իրենց տքնաջան աշխատանքով ամեն ինչ անում են մայրաքաղաքի զարգացման ու գեղեցկացման, Երևանը քաղաքային կյանքի բոլոր ոլորտներում ու համայնքային կառավարման ասպարեզում նորարարական մոտեցումների կենտրոն դարձնելու և դրանք Հայաստանի մյուս բնակավայրերում կյանքի կոչելու համար:

Երևանի ծաղկման համար Հայաստանը շատ բան է արել, բայց Երևանն էլ շռայլորեն փոխհատուցել է այն, և որպես մայրաքաղաք՝ ուղենիշ է դարձել ողջ երկրի զարգացման համար` իր կրթական, բժշկական, գիտական, արդյունաբերական և մյուս ասպարեզների մեծ հնարավորությունները ծառայեցնելով հեռու ու մոտիկ, մեծ ու փոքր բնակավայրերի զարգացմանը:

Սիրելի հայրենակիցներ, այսօր բոլորիս տոնն է և Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ու իմ անունից կրկին շնորհավորում եմ Երևանի հիմնադրման 2800-րդ տարեդարձի առթիվ:

Հպարտանանք մեր մայրաքաղաքի պատմությամբ, գնահատենք ու պահպանենք ներկան և կերտենք Երևանի վաղվա օրը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: