ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրականում ինչո՞վ է պայմանավորված սաուդցի ընդդիմադիր լրագրողի անհետացման շուրջ բարձրացված աղմուկը

Թեև սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշկաջիի՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենքում սպանության հանգամանքները դեռևս պարզված չեն, և հետաքննությունը շարունակվում է, սակայն Էր-Ռիադի նկատմամբ այս հարցում արդեն միջազգային զգալի ճնշում է գործադրվում: Մասնավորապես, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան դիտարկում են Սաուդյան Արաբիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը, Գերմանիայում և ԱՄՆ-ում կոչ են անում արգելել Սաուդյան Արաբիա զենքի մատակարարումները, եվրոպական մի շարք երկրների ֆինանսների նախարարներ, Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահն արդեն չեղարկել են իրենց մասնակցությունն Էր-Ռիադում կայանալիք ներդրումային ֆորումին և այլն: ԱՄՆ գլխավորությամբ միջազգային հանրության նման արձագանքն ընդդիմադիր լրագրողի սպանությանը կարելի կլիներ համարել նորմալ, սակայն ոչ Սաուդյան Արաբիայի դեպքում: Արաբական այս թագավորությունում մարդու իրավունքների կոպիտ խախտումները բնավ նորություն չեն, և միջազգային հանրությունը սովորաբար այս հարցը փորձում է շրջանցել: Միջազգային հանրությունն պատշաճ կերպով չարձագանքեց անգամ ԱՄՆ ռազմավարական դաշնակից հանդիսացող այս երկրում Լիբանանի վարչապետին պատանդ պահելու փաստին:

Այս համատեքստում ընդդիմադիր լրագրողի անհետացման շուրջ բարձացած աղմուկն, ըստ էության, միանգամայն այլ պատճառներ ունի: Հետաքրքիր զուգադիպությամբ Խաշկաջիի անհետացման մասին հայտնի դարձավ Թրամփի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի հեռակա բանավեճից հետո, թեև լրագրողն անհետացել էր ավելի վաղ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին Թրամփը հայտարարել էր, որ սաուդյան թագավորական ընտանիքը պետք է իր անվտանգության համար վճարի ԱՄՆ-ին, քանի որ առանց վերջինի երկու շաբաթից ավելի չի գոյատևի: Ի պատասխան Թրամփի այս հայտարարությանը՝ թագաժառանգ արքայազն ասել էր, որ չի պատրաստվում վճարել ԱՄՆ-ին, և որ թագավորությունը կգոյատևի առանց ԱՄՆ-ի երկու հազար տարի:

Պետք է նկատել, որ ռազմավարական դաշնակիցների միջև սա միակ տարաձայնություն չէ: Այսպես, Էր-Ռիադը հրաժարվում է հետևել ԱՄՆ հորդորներին և ավելացնել նավթի արդյունահանման ծավալները, ինչը նավթի համաշխարհային շուկայում կձևավորի ԱՄՆ համար շահեկան գին: Միևնույն ժամանակ Վաշինգտոնին դուր չեն գալիս Սաուդյան Արաբիայի ոչ կառուցողական կեցվածքը Ծոցի արաբական երկրների՝ մասնավորապես Կատարի հետ հարաբերություններում, Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ռազմական գործողությունները, որոնց արդյունքում մեծ թվով խաղաղ բնակիչներ են զոհվում, Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցում առաջընթացի բացակայությունը և այլն: Ընդ որում, բոլոր այս հակասություններն առաջացել են թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի՝ փաստացի իշխանությունն իր ձեռքը վերցնելուց հետո: Թրամփի և թագաժառանգ արքայազնի վերջին բանավեճը հերթական ապացույցն է, որ նա այլևս հրաժարվում է «պարել ամերիկյան դուդուկի տակ»:

Իրականում Խաշկաջիի անհետացման շուրջ առաջացած սկանդալը ոչ միայն լուրջ հարված կարող է հասցնել թագավորության արտաքին կապերին, այլ նաև կարող է լուրջ ներքաղաքական խնդիրներ առաջացնել՝ ապառնալիք ստեղծելով Մուհամմադ բեն Սալմանի՝ հոր մահից հետո գահ բարձանալու համար: Խաշկաջիի անհետացման ֆոնին Սաուդյան Արաբիայի «իմաստունների խորհուրդը» մի քանի օր շարունակ դռնփակ խորհրդակցություններ է անցկացրել: Le Figaro թերթի՝ դիվանագիտական շրջանակներում ունեցած քաջատեղյակ աղբյուրի համաձայն՝ քննարկվել է թագաժառանգ արքայազնի տեղապահ ընտրելու հարց: Նշենք, որ այս պաշտոնը լուծարվել է Մուհամմեդ բեն Սալմանի՝ 2017 թվականի ամռան պաշտոնապես թագաժառանգ արքայազն դառնալուց հետո: Ընդ որում, թագաժառանգի տեղապահի պաշտոնում դիտարկվում է Մուհամմեդի կրտսեր եղբայրը՝ ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի նախկին դեսպան Խալեդ բեն Սալմանը:

Նման պայմաններում անձամբ Մուհամմադ բեն Սալմանի համար խիստ կարևոր է ԱՄՆ հետ առկա տարաձայնությունները հարթելը: Այս համատեքստում հատկապես հետաքրքրություն է ներկայացնում այն, որ լրագրողի անհետացման հետ կապված ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Էր-Ռիադ կատարած այցի ժամանակ սաուդյան իշխանություններն ԱՄՆ-ին 100 մլն դոլար են փոխանցել Սիրիայի հյուսիս-արևելքում ամերիկյան գործողություններին աջակցելու համար: Միևնույն ժամանակ Էր-Ռիադը հրաժարվել է Խաշկաջիի գործում նախկին հերքողական կեցվածքից և  խոստովանել է, որ լրագրողին իսկապես սպանել են հյուպատոսության շենքում և այդ կապակցությամբ հետաքննություն է սկսել: Վերջինս փորձում է սպանությունը ներկայացնել որպես մասնավոր վեճի արդյունք, այլ ոչ թե պատվեր թագաժառանգ արքայազնի կողմից, ինչպես գրում էին արմերիկյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության ունեցած ապացույցներին:  

Պետք է նկատել, որ Սաուդյան Արաբիայի հետ տարաձայնությունների հարթումը բխում է նաև Վաշինգտոնի շահերից: Չպետք է մոռանալ, որ դաշնակիցներին միավորում է ընդհանուր թշնամին՝ Իրանը,  և այս պահին ԱՄՆ-Սաուդյան Արաբիա ռազմավարական դաշնակցային հարաբերությունների պահպանումն անչափ կարևոր է:

 

 

 

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    25 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: