ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արա Բաբլոյանն ուղերձ է հղել Ազգային ժողովի արձակման կապակցությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ուղերձ է հղել խորհրդարանի արձակման կապակցությամբ: Ստորև ձեզ ենք ներկայացնում ուղերձն ամբողջությամբ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վեցերորդ գումարման հարգելի՛ պատգամավորներ, Ազգային ժողովի աշխատակիցներ,

խորհրդարանը վարչապետի հրաժարականից և երկու անգամ վարչապետ չընտրվելուց հետո իրավունքի ուժով սկսում է իր լիազորությունների դադարեցման գործընթացը: Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ ներկա խորհրդարանը կգործի մինչեւ յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը:

Ակնհայտ է, որ Ազգային ժողովի վեցերորդ գումարման պատգամավորական կազմն առանձնացավ իր խոհեմությամբ ու հանդուրժողականությամբ: Դա մեր գործընկերների բարձր պրոֆեսիոնալիզմի, քաղաքական կամքի ու իմաստության արդյունքն էր: Անցած մեկուկես տարին լրիվ բավական էր համոզվելու համար, որ մեր պատգամավորներն ունեն սեփական դիմագիծ եւ ցանկացած խնդրում մինչեւ վերջ պաշտպանում են իրենց քաղաքական դիրքորոշումը: Բայց դժվարին պահերին, որոնք անցած ամիսներին քիչ չէին, հաճախ մի կողմ թողնելով կուսակցական շահերն ու տեսակետները՝ բոլորը համախմբվեցին Հայաստանում ու Արցախում կայունության պահպանման գաղափարի շուրջ և երկիրը չտարան նորանոր ցնցումների:

Ուստի, շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին՝ նման բարձր գիտակցություն ցուցաբերելու համար: Եվ, միաժամանակ, առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում հատկապես ա՛յն պատգամավորներին, ովքեր անկախ հին ու նոր իրողություններից այս ամեն օր փոփոխվող ժամանակներում չդավաճանեցին իրենց սկզբունքներին և որոշումներ ընդունելիս առաջնորդվեցին իրենց խղճի ու ներքին համոզմունքների թելադրանքով: Դրա շնորհիվ էլ այս ամիսներին պահպանվեց ամենակարևորը՝ ներքին ու արտաքին գործընթացների կանխատեսելիությունը, ինչը թույլ տվեց երկրին, ժողովրդին ու բանակը հետ պահել մեծամեծ փորձություններից:

Սիրելի բարեկամներ,

2017 թվականի գարնանից ի վեր ստանձնելով խորհրդարանի ղեկավարումը՝ օրենսդիր աշխատանքին զուգընթաց ձեռնամուխ էի եղել նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքի բարեփոխմանը:

Իհարկե, ափսոսում եմ, որ չհասցրեցինք իրականացնել մեր բոլոր ծրագրերը: Իսկ արածի արդյունքներն արդեն տեսնում ենք և համոզվում, որ ընդունված որոշումները ճիշտ էին ու տեղին: Մասնավորապես, Ազգային ժողովի նախագահի խորհրդականների ինստիտուտի պարզեցումը թույլ տվեց աշխատել անմիջապես Ազգային ժողովի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների հետ ու բացահայտել և զարգացնել նրանց մասնագիտական մեծ հնարավորությունները: Եվ այսօր, օգտվելով առիթից` շնորհակալություն եմ հայտնում Ազգային ժողովի ողջ աշխատակազմին՝ բարեխիղճ և արhեստավարժ աշխատանքի համար:

Միաժամանակ, շնորհակալություն եմ հայտնում նաև մամուլին և խորհրդարանում հավատարմագրված բոլոր լրագրողներին: Նրանք այս ընթացքում բարձր մակարդակով իրականացրեցին մեր աշխատանքների անկողմնակալ ու օպերատիվ լուսաբանումը եւ ավելին` հաճախ մատնացույց արեցին հրատապ լուծում պահանջող տարբեր խնդիրներ ու ասես դարձան մեր օգնականներն ու խորհրդատուները:

Իսկ կառուցվածքային բարեփոխումների շրջագծում ամենամեծ ծրագիրն Ազգային ժողովի վերլուծական կենտրոնի ստեղծման նախաձեռնությունն էր: Մեր նպատակն էր ունենալ ընդունված օրենքների արդյունավետության մշտադիտարկման ապահովումը, վերլուծությունն ու գնահատումն իրականացնող, ինչպես նաև ցանկացած ասպարեզում միջազգային օրենսդրական փորձն ու ավանդույթները Հայաստանում կիրառելու հնարավորության վերաբերյալ հիմնավորված առաջարկներ ներկայացնող մարմին: Լիահույս եմ, որ ապագա խորհրդարանն ու նրա ղեկավարությունը հետամուտ կլինեն այս գրեթե ավարտուն նախաձեռնությունը վերջնականապես կյանքի կոչելուն:

Հարգելի՛ պատգամավորներ,

սիրելի՛ հայրենակիցներ,

ավարտելով խոսքս՝ պարզ ու անկեղծ ասում եմ հետևյալը. իմ կյանքի ուղեկիցը միշտ եղել է պատասխանատվությունը: Այն կրել եմ, երբ պարզապես բժիշկ էի, բժշկական կենտրոնի ղեկավար, առողջապահության նախարար և տասը տարի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ, անդավաճան ընկերս` պատասխանատվությունը, կրկին ինձ հետ էր ու վերահսկում էր ինձ:

Իսկ որպես Հայաստանի խորհրդարանի նախագահ՝ իմ պատասխանատվությունն ավելի է ընդգծվել:

Ըստ այդմ, երբ արդեն պարզ էր քաղաքական գործընթացների զարգացման տրամաբանությունը, առաջին հայացքից ամենաճիշտ և ընկալելի քայլը, որպես խորհրդարանում ներկայացված ամենամեծ քաղաքական ուժի ներկայացուցիչ` լինելու էր իմ հրաժարականը:

Բայց ընդհակառակը: Դարձյալ առաջնորդվել եմ նույն պատասխանատվությամբ, քանի որ կարծել եմ, որ իմ հրաժարականը կարող էր առաջացնել ավելորդ դժվարություններ:

Ի դեպ, Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն ուներ ինձ անվստահություն հայտնելու իրավունք: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր խմբակցություններին ցուցաբերած բարձր վստահության համար, ինչը կրկնապատկեց իմ պատասխանատվությունը:

Սիրելի բարեկամներ,

չեմ թաքցնում, որ ափսոսանքով ու մտահոգությամբ եմ հեռանալու՝ մտածելով, թե արդյո՞ք ավարտին են հասցվելու այն մտահղացումները, որոնք սկսել էի. օրենսդրական նախաձեռնություններ, միջազգային համագործակցություն, խորհրդարանական դիվանագիտություն, կառուցվածքային բարեփոխումներ և այլն: Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի:

Հայաստանի Հանրապետության յոթերորդ գումարման խորհրդարանին մաղթում եմ օրինաստեղծ արդյունավետ աշխատանք և ամենակարևորը՝ պատասխանատվություն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    25°  13° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: