ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիա-Իրան-Ադրբեջան համագործակցությունն ու Ղարաբաղյան հիմնախնդիրը

Հոկտեմբերի 30-ին Թուրքիայում ընդունվեց Ստամբուլյան հռչակագիրը, որում ամփոփվեցին Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների թվով վեցերորդ հանդիպման արդյունքները: Նման ձևաչափով հանդիպումները և ընդունված ամփոփիչ փաստաթղթերը մեծ կարևորություն են ներկայացնում մեզ համար, քանի որ դրանցում մեր անմիջական հարևանների կողմից անդրադարձ է արվում նաև Ղարաբաղյան խնդրին:

Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները՝ Մոհամադ Ջավադ Զարիֆը, Մևլութ Չավուշօղլուն ու Էլմար Մամեդյարովը, Ստամբուլյան հռչակագրում կոչ են արել տարածաշրջանում առկա հակամարտությունները լուծել խաղաղ միջոցներով` հիմնվելով տարածքային ամբողջականության սկզբունքի վրա:

Փաստաթղթում նշվում է, որ կողմերն ընդգծում են իրենց հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության հարգման, ինչպես նաև բոլոր հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու ու ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներին: Փաստաթղթում կողմերը շեշտում են «հայ-ադրբեջանական-ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևորությունը վերը թվարկված սկզբունքների հիման վրա»: Նկատենք, որ «վերը թվարկված սկզբունքների» շարքից բացակայում է ազգերի ինքնորոշման իրավունքը, որին Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում հղում են անում հայկական կողմերը:

Ստամբուլյան հռչակագրի ընդունումից անմիջապես հետո նրանում տեղ գտած պնդումներին անդրադարձավ պաշտոնական Երևանը: ՀՀ արտաքին գերատեսչությունը հիշեցրեց, որ «Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է»։

Նշենք, որ Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները նման ձևաչափով հանդիպում են արդեն վեցերորդ անգամ: Առաջին եռակողմ հանդիպումը, որի արդյունքում ևս ընդունվեց համատեղ հռչակագիր, տեղի էր ունեցել Ուրմիայում (Իրան)՝ 2011 թվականի ապրիլի 15-ին՝ Իրանի արտգործնախարարի նախաձեռնությամբ: Այնուհետև հանդիպումները կայացել են Նախիջևանում (Ադրբեջան), Վանում (Թուրքիա), Ռամսարում (Իրան), Բաքվում (Ադրբեջան): Բոլոր հանդիպումների ավարտին կողմերն ընդունել են համատեղ հռչակագիր՝ որում ամփոփվել են եռակողմ կարևորություն ներկայացնող հարցերի լուծման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Ուրմիայի հռչակագիրը, որն առաջինն էր այս ցանկում, բաղկացած էր ինը կետից, որոնք, մասնավորապես, անդրադառնում էին տնտեսության համակարգային զարգացմանը, զբոսաշրջության, գիտության, մշակութային ոլորտում համագործակցությանը, ահաբեկչության, կազմակերպված հանցավորության դեմ համատեղ պայքարին, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, ինչպես նաև տարածքային ամբողջականության ու սահմանների անխախտելիության սկզբունքների պահպանությանը՝ հակամարտությունների խաղաղ կարգավորման համատեքստում և այլն:

Տարածքային ամբողջականության ու սահմանների անխախտելիության սկզբունքների հիման վրա հակամարտությունների, մասնավորապես՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունն ամրագրված է նաև 2012 թվականի մարտի 7-ին ընդունված Նախիջևանյան հռչակագրում: Այստեղ ևս ոչ մի խոսք չկա ազգերի ինքնորոշման իրավունքի մասին: Ի դեպ, հռչակագրի ընդունումից անմիջապես հետո այն մեկնաբանելուց հրաժարվեց ՀՀ-ում ԻԻՀ այն ժամանակ գործող դեսպան Սեյեդ Ալի Սագայանը՝ նշելով, որ չի կարող մեկնաբանել իր վերադասի՝ արտգործնախարարի ընդունած փաստաթուղթը:

Նշենք, որ հռչակագրում ընդգծվում էր նաև տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցությունը խթանելու կարևորությունը:

Բովանդակությամբ առանձնապես չէին տարբերվում նաև Թուրքիայի Վան և Իրանի Ռամսար քաղաքներում ընդունված հռչակագրերը:

2017-ի դեկտեմբերի 20-ին կայացած հինգերորդ եռակողմ հանդիպման արդյունքներն ամփոփող Բաքվի հռչակագրում արտգործնախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆը, Մևլութ Չավուշօղլուն ու Էլմար Մամեդյարովը ընդգծեցին իրենց հավատարմությունը Ուրմիայի, Նախիջևանի, Վանի, Ռամսարի հռչակագրերով ստանձնած պարտավորություններին, ինչպես նաև վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ շարունակել խորացնել համագործակցությունը՝ հիմնված հնագույն պատմական, կրոնական և մշակութային ընդհանրությունների վրա՝ հանուն տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և բարօրության հաստատման:

Տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության համատեքստում կրկին անդրադարձ եղավ հակամարտությունների, մասնավորապես՝ Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությանը՝ ընդգծելով, որ այն պիտի հիմնված լինի միջազգային իրավունքի սկզբունքների, այն է՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների հարգման վրա:

Այսպիսով, ակնհայտ է, որ 2011 թվականից ձևավորված այս ձևաչաձը՝ Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ, Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում որդեգրել է բացահայտ միակողմանի դիրքորշում: Ընդգծելով խնդրի խաղաղ կարգավորման կարևորությունը տարածաշրջանային անվտանգության ու կայունության տեսանկյունից՝ կողմերն անտեսում են հակամարտության երկրորդ՝ հայկական կողմի դիրքորոշումն ու մոտեցումները՝ ներկայացնելով խնդրի կարգավորման բացառապես ադրբեջանական, սուբյեկտիվ տեսլականը: Նման մոտեցումը ոչ միայն չի նպաստում հիմնախնդրի կարգավորմանը, այլև լրացուցիչ սպառնալիքներ է իր մեջ պարունակում՝ վտանգելով տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը: Ի վերջո, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում վաղուց արդեն ձեռք է բերվել համաձայնություն, որ խնդիրը պիտի կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների ու ինքնորոշման հիման վրա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: