ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակն ու Պուտին-Թրամփ չկայացած հանդիպումը

The National

Նոյեմբերի 11-ին Փարիզում մեծ հանդիսավորությամբ նշվեց Առաջին համաշխարհային պատերազմի ավարտն ազդարարող զինադադարի 100-րդ ամյակը, որին մասնակցեցին շուրջ 70 երկրների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ: Տոնական միջոցառումների բացումը տրվեց, երբ առավոտյան ժամը 11:00-ին լսվեց Փարիզի Աստվածամոր տաճարի ղողանջները, ինչն էլ խորհրդանշական էր նրանով, որ 100 տարի առաջ նոյեմբերի 11-ին ժամը 11:00-ին է ուժի մեջ մտել  Կոմպիենի անտառում Գերմանիայի և մյուս կողմից՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և հակագերմանական կոալիցիայի մյուս երկրների միջև ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը: Սակայն հարկ է նշել, որ համաշխարհային առաջնորդները Հաղթական կամարի մոտ ժամանեցին նշված ժամանակից բավականին ուշ:    

Փարիզի Հաղթական կամարի մոտ տեղի ունեցած հանդիսավոր արարողությունից և Ելիսեյան պալատում ճաշից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Խաղաղության փարիզյան համաժողովը, որն ուղղված էր գլոբալ կարգավորման միջոցով խաղաղության հաստատմանը ու միջազգային լարվածության նվազեցմանը:

Համաժողովը բացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որն իր ելույթում ընդգծել է միջոցառման կարևորությունն ու շնորհակալություն հայտնել բոլորին, ով ներդրում է ունեցել դրա անցկացման համար: «Աշխարհը, որում մենք ապրում ենք, թուլացել է ճգնաժամերի պատճառով, որոնք ապակայունացնում են մեր հասարակությունը… այդ իսկ պատճառով մենք որոշել ենք ստեղծել Խաղաղության փարիզյան համաժողովը, որն անցկացվելու է ամեն տարի… Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր եկել են և ներկա են այստեղ», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:

Նրանից բացի բացման արարողությանը ելույթ են ունեցել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: Այնուհետև ելույթներով հանդես են եկել նաև այլ երկրների ղեկավարներ` այդ թվում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ փարիզյան միջոցառումների ընթացքում ամենասպասվող իրադարձությունը Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպումն էր: Սակայն երկու երկրների ղեկավարների միջև հանգամանալից զրույց այդպես էլ չի կայացել: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով` Պուտինի և Թրամփի միջև միայն կարճ զրույց է տեղի ունեցել և կոնկրետ թեմաների շուրջ ոչինչ չի քննարկվել: «Պուտինն ու Թրամփը, բառացիորեն, ճաշի ընթացքում են  ողջունել իրար, ոտքի վրա: Չի եղել խոսելու հնարավորություն: Թրամփը լքել է Ելիսեյան պալատը: Միայն իրար ցտեսություն են ասել»,- հայտնել է Պեսկովը`հավելելով, որ Պուտինի ու Թրամփի հանդիպումը կկայանա Բուենոս-Այրեսում G20 համաժողովի ժամանակ, որը կանցկացվի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը:

Նշենք, որ սպասված հանդիպումը չեղարկելու տարբեր պատճառներ են նշվում: Коммерсант-ի փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարների միջև Փարիզում նախատեսված հանդիպումը չեղարկվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խնդրանքով: Պարբերականի աղբյուրի խոսքով՝ Մակրոնը չի ցանկացել, որ այդ հանդիպումը ստվերի Փարիզում նախատեսված և Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումները: «Էմանուել Մակրոնը Մոսկվային և Վաշինգթոնին խնդրել է «չստվերել» Ելիսեյան պալատում նախատեսված միջոցառումներն ու հանդիպումները: Բառացիորեն այդպես էլ ձևակերպվել է»,- ասել է պարբերականի աղբյուրը:

Մեկ այլ վարկածի համաձայն էլ պատճառն այն է, որ Թրամփին ու Պուտինին տարբեր սեղանների շուրջ են նստեցրել: Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները` նախապես որոշված է եղել, որ Մակրոնը, Թրամփը և Պուտինը, ինչպես նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը պետք է նստեն նույն սեղանի շուրջ:

«Ելիսեյան պալատը վերջին պահին փոխել է դասավորությունը և Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների նախագահներին դեմ դիմաց է նստեցրել: Այդ իսկ պատճառով նրանք մանրամասն խոսելու հնարավորություն չեն ունեցել», - «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ռուսական պատվիրակության աղբյուրը:

Ամեն դեպքում, Ֆրանսիային հաջողվել է հավաքել այդքան թվով համաշխարհային առաջնորդների և միջոցառմանը չհաղորդել ընդգծված քաղաքական բնույթ: Միջոցառման ամենահիշվող պահերը ոչ թե այս կամ այն հարցի վերաբերյալ համաշխարհային առաջնորդների քաղաքական հայտարարություններն են, այլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «ավանդական» ուշացումը միջոցառումից և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի  և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայացած միջադեպը, Թրամփը ձեռքը չի մեկնել բարևելու Ուկրաինայի նախագահին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: