ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ցույցեր Ֆրանսիայում. ֆրանսիացները չեն ցանկանում վճարել «մոլորակը վերստին մեծ դարձնելու» համար

The Independent

Ֆրանսիայի մի շարք քաղաքներում վառելիքի թանկացման դեմ բողոքի ակցիաները չեն դադարում: Շուրջ 300 հազար ցուցարար, որոնք «դեղին ժիլետներ» անվանումն են ստացել այն պատճառով, որ հագնում են լույսն անդրադարձնող համապատասխան գույնի բաճկոններ,  բողոքի ակցիաները սկսել են նոյեմբերի 17-ից: Նշվում է, որ ոստիկանությունը մարդկանց ցրելու համար որոշ քաղաքներում նույնիսկ արցունքաբեր գազ է օգտագործել: Ընդհանուր առմամբ, 3 օրվա ընթացքում ակցիաների ժամանակ տուժածների թիվը հասել է 500-ի: Ձերբակալվել է մոտ 300 մարդ, որոնցից 157-ը կալանավորվել է:

Նշենք, որ ցույցերի պատճառն այն է, որ այս տարի Ֆրանսիայում դիզելային վառելիքի գինն աճել է 24%-ով, բենզինի գինը`10-15%-ով, ինչն էլ վերջին 10 տարվա ընթացքում աննախադեպ ցուցանիշ է համարվում:  Այժմ, միջին հաշվով, մեկ լիտր վառելիքի արժեքը մեկ ու կես եվրոյից ավել է: Ակնկալվում է, որ գնի հերթական աճը տեղի կունենա հաջորդ տարվա սկզբին: Նշենք, որ վառելիքի շուկայում գնաճը հիմնականում պայմանավորված է Էմանուել Մակրոնի կառավարության կողմից ներկայացված դիզելային և բենզինի հարկերով, որի նպատակը շրջակա միջավայր վնասակար արտանետումների քանակը նվազեցնելն է ու «քաղաքացիներին խրախուսելը», որ սկսեն կիրառել էլեկտրական հիբրիդային տրանսպորտային միջոցներ: Նշենք, որ այս միջոցառումները նոր չեն. դրանք Ֆրանսիայում իրականացվում են 2015 թվականից սկսած` կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը ստորագրվելուց հետո:  Սակայն դրա ողջ ծանրությունը Ֆրանսիայի վարորդները սկսեցին զգալ Մակրոնի օրոք, երբ վերջինս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կլիմայի մասին փարիզյան համաձայնագրից դուրս գալուց հետո «Վերստին մեծ դարձնենք մեր մոլորակը» կարգախոսի ներքո իր վրա ստանձնեց կլիմայի և շրջակա միջավայրի խնդիրների համար հստակ լուծումներ գտնելու պատասխանատվությունը:  

Եվ չնայած նրան, որ Ֆրանսիայի բնակչության կեսից ավելին իր դժգոհությունն է հայտնում այս կապակցությամբ, այնուամենայնիվ, Ֆրանսիայի կառավարությունը չի պատրաստվում զիջումների գնալ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հայտարարել է, որ երկրի կառավարությունը տեսնում է ֆրանսիացիների «զայրույթն ու տառապանքը», սակայն չի փոխելու հարկերի դրույքաչափերի արդեն հաստատված կարգը: Ֆրանսիայի վարչապետը նաև ընդգծել է, որ երկրում հարկերը կնվազեն միայն նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնավարման ժամկետի ավարտին, ինչն էլ ավելի մեծ զայրույթի ալիք է բարձրացրել ցուցարարների շրջանում: Սոցիոլոգիական հարցումների համաձայն` հասարակության դժգոհությունը բավականին մեծ է, սակայն այստեղ Մակրոնի համար ուրախալի փաստն այն է, որ ցուցարարները  կտրականապես հրաժարվել են ընդդիմությանը կամ արհեստակցական միություններին միանալուց` պնդելով, որ իրենց շարժումը ապաքաղաքական է:  Այսպիսով` դեռ պարզ չէ, արդյոք նրանք մինչև վերջ կպայքարե՞ն, թե ցույցերը գնալով կմարեն:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Ֆրանսիայի բնակչությունը բողոքի ցույցեր է անցկացնում Մակրոնի բարեփոխումների դեմ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր քաղաքականությունից դժգոհ քաղաքացիների առաջին փողոցային ցույցերին բախվել է դեռևս իր պաշտոնավարման առաջին տարում: «Մակրոնը մարդկանց թշնամին է», «Ֆրանսիայի նախագահը հարուստների նախագահն է»  գրություններով ցուցարարները բողոքում էին Մակրոնի աշխատանքային բարեփոխումների դրույթներից, առողջապահության և բժշկական սպասարկման ոլորտում իշխանությունների որոշումից: Իսկ այս տարվա սկզբին հարյուրավոր ուսանողներ և Փարիզի համալսարանի դիմորդներ բողոքի ցույց են իրականացրել կրթական համակարգում բարեփոխումների նախագծի դեմ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: