ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞ւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը կորցրեց առաջնային կարևորությունը Հայաստանի համար

Նոյեմբերի 20-ին տեղի ուենցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը երկրորդական, երրորդական, նույնիսկ չորրորդական կարևորության հարց է։ Առաջնային է ՀԱՊԿ անդամ երկրների փոխադարձ պարտավորությունները հստակեցնելը։ Հարց է առաջանում, թե ինչո՞ւ փոխվեց այս հարցի կարևորությունը Հայաստանի համար, իսկ ավելի ճիշտ, ինչո՞ւ փոխվեց Հայաստանի իշխանությունների հռետորաբանությունն այս հարցի շուրջ։

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցելուց և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից վերջինիս հետ կանչելուց հետո փորձ արվեց ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծել Աստանայում նոյեմբերի 8-ին։ Սակայն ՀԱՊԿ անդամ ոչ բոլոր երկրները համաձայնեցին Հայաստանի կողմից առաջադրվող նոր թեկնածուի նշանակմանը։ Ռուսաստանցի և այլ վերլուծաբանների կարծիքով դա պայմանավորված էր մի կողմից՝ ՀԱՊԿ-ի հեղինակությանը վնաս հասցրած Հայաստանի իշխանություններին «սանձելու» նրանց ձգտումով, մյուս կողմից՝ սեփական շահերն առաջ մղելու Բելառուսի նկրտումներով, որը ստացավ Ղազախստանի աջակցությունը։ Արդյունքում, հարցի քննարկումը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 6։

Սակայն այդ ընթացքում հարցի շուրջ նոր զարգացումների ականատես եղանք։ Մասնավորապես, Բելառուսի նախագահը որոշեց հարցը քննարկել Ադրբեջանի դեսպանի հետ և կասկած հայտնեց, թե Հայաստանն ի վիճակի է այժմ ղեկավար պաշտոններ զբաղեցնել և՛ ՀԱՊԿ-ում, և՛ ԵԱՏՄ-ում։ Հայաստանից հնչեց բավական կոշտ պատասխան ԱԳՆ-ի և ՀՀ վարչապետի կողմից. Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պարզաբանումներ է պահանջելու, իսկ Բելառուսի ԱԳՆ-ն էլ կոշտ հանդիմանեց նրան՝ օգտագործելով «փողոցային ժողովրդավարություն» ձևակերպումը։ Այլ խոսքերով, հարցը դուրս եկավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման շրջանակներից և ընդլայնվեց՝ վերածվելով Հայաստան-Բելառուս ոչ հաճելի հռետորաբանության։ 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նման պահվածքը Հայաստանի նկատմամբ մի քանի բացատրություն կարող է ունենալ՝ Ադրբեջանի հետ մերձեցումից մինչև ՀՀ ղեկավարի հանդեպ անձնական վերաբերմունք, Հայաստանում տեղի ունեցած ներքին զարգացումների հետ կապված մտավախություններ և այլն։ Սակայն, այս իրավիճակում առավել կարևոր է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը։

Պատահական չէ, որ նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը առաջնային կարևորություն չունի, և որ եթե դեկտեմբերի 6-ին կոնսենսուս ձեռք չբերվի, այս հարցի շուրջ քննարկումները կշարունակվեն։ Հաշվի առնելով դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություները՝ հարցը նաև որոշակի ներքաղաքական նշանակություն է ստանում ՀՀ իշխանությունների համար։

Ելնելով Հայաստանի իշխանությունների հռետորաբանությունից, ինչպես նաև Ղազախստանի ու Բելառուսի հայտարարություններից` ակնհայտ է դառնում, որ դժվար թե Հայաստանին հաջողվի հասնել ՀՀ ներկայացուցչի նշանակմանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Առավել հավանական է, որպես կոնսենսուսային տարբերակ, ՌԴ ներկայացուցչի հաստատումը ժամանակավոր պաշտոնակատարի դերում։ Այս է վկայում նաև Փաշինյանի այն հայտարարությունը, թե խիստ դրական է գնահատում ՌԴ դիրքորոշումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ծավալվող այս գործընթացում։

Սակայն, եթե այդ որոշումն ընդունվի դեկտեմբերի 6-ին, դիվանագիտական այս պարտությունն ընտրությունների նախաշեմին որոշակի բացասական ազդեցություն կարող է ունենալ Նիկոլ Փաշինյանի հեղինակության վրա, ուստի իշխանությունները փորձելու են հետաձգել հարցի որոշումը՝ թողնելով ընտրություններից հետո։

Դրա հետ մեկտեղ, գլխավոր քարտուղարի նշանակման և ՀԱՊԿ անդամ մյուս երկրներից «բացատրություններ պահանջելու» հարցը տրանսֆորմացվում է ՀԱՊԿ անդամ երկրների փոխադարձ պարտավորությունների հստակեցման տիրույթ, ինչը շատ ավելի ոչ հստակ և երկարաժամկետ խնդիր է։ Այստեղ հարկ է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց ի վեր հայտարարել է այս մտադրության մասին, սակայն առ այսօր այս ուղղությամբ արված որևէ հստակ քայլ տեսանելի չէ։

Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Փաշինյանին ոչ միայն չի հաջողվել էական քայլեր անել ՀԱՊԿ անդամ երկրների փոխադարձ պարտավորությունների հստակեցման, միմյանց շահերի հանդեպ ավելի մեծ զգուշավորության հասնելու ուղղությամբ, այլև ավելին՝ հաստատվել է ՀԱՊԿ-ում դիտորդ երկրի կարագավիճակի և ՀԱՊԿ-ի հետ գործընկերության ինստիտուտի ձևավորման դրույթը։ Բնական է, որ սա ցանկալի որոշում չէր Հայաստանի համար՝ հաշվի առնելով ՀԱՊԿ-ում դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակով ներգրավվելու Ադրբեջանի ցանկության վերաբերյալ շրջանառվող լուրերը։

Այսպիսով, ակնհայտ է, որ հստակ խնդիրների լուծումը ՀԱՊԿ-ում աստիճանաբար ավելի ու ավելի է բարդանում Հայաստանի գործող իշխանությունների համար, և, առնվազն նախընտրական շրջանում, նրանք փորձելու են հետաձգել դրանք՝ քողարկելով դա կոշտ հայտարարություններով և ավելի վերացական ու երկարաժամկետ խնդիրներով։ Սակայն կարևոր է առնվազն երկու հարց լուծել՝ նախընտրական շրջանում թույլ չտալ այնպիսի զիջումներ և այնպիսի սրացումներ, որոնք ռիսկեր կպարունակեն մեր ազգային շահերի համար, և հետընտրական շրջանում հստակ պլանավորված ռազմավարությամբ քայլեր ձեռնարկել՝ ՀԱՊԿ գործընկերների հետ առկա խնդիրները հարթելու, կառույցում Հայաստանի կառուցողական դերակատարման մեծացման միջոցով երկրի կշիռը մեծացնելու ուղղությամբ։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    21 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: