ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը տարածքներ կզիջի՞ «խաղաղության» դիմաց

AP

Վերջին շրջանում ակտիվացել են Ռուսաստանի և Ճապոնիայի միջև բանակցությունները` երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր կնքելու և այդ համատեքստում տարածքային վիճելի հարցերը կարգավորելու շուրջ:

Ընդհանուր առմամբ, կողմերը դեմ չեն խաղաղության պայմանագիր կնքել 1956 թվականին Խորհրդային Միության և Ճապոնիայի միջև կնքված համաձայնագրի հիման վրա: Վերջինս տարածքային հարցերի, մասնավորապես Կուրիլյան կղզիների, մասով նախատեսում է Ռուսաստանի կողմից Շիկոտան և Համբոմայի կղզիների փոխանցումը Ճապոնիային:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն այս մոտեցումը հաստատեցին նաև նոյեմբերի կեսերին Սինգապուրում կայացած հանդիպման ժամանակ: Մոսկվայում, սակայն, պնդում են, որ խաղաղության պայմանագրի կնքումից հետո կղզիների փոխանցումը Ճապոնիային հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե իրենք ունենան հստակ երաշխիքներ, որ այնտեղ ամերիկյան ռազմաբազաներ չեն տեղակայվելու: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն արդեն նման խոստում տվել է, սակայն վերջանական գործարքի համար անհրաժեշտ է ավելին, քան ուղղակի խոստումները: Ռուսաստանում չեն բացառում, որ, օրինակ՝ Աբեին փոխարինած վարչապետը միանգամայն այլ դիրքորոշում ունենա և ամերիկյան ռազմաբազաները հայտնվեն Ռուսաստանի սահմանների մոտ:

Ըստ ամենայնի, առաջիկայում գլխավորապես հենց այս հարցի շուրջ են ընթանալու ռուս-ճապոնական բանակցությունները: Նշենք, որ ճապոնական լրատվամիջոցների փոխանցմամբ` կողմերը նախատեսում են խաղաղության և սահմանների դեմարկացիայի վերաբերյալ շրջանակային պայմանագիրը կնքել 2019 թվականին:

Միևնույն ժամանակ պետք է նկատել, որ խաղաղության պայմանագիրը, մեծ հաշվով, կողմերից ոչ մեկին պետք չէ. 1956 թվականին Ճապոնիա-ԽՍՀՄ համաձայնագրով Ճապոնիան դուրս է եկել պատերազմական վիճակից: Խաղաղության պայմանագիրը Ճապոնիային ավելի շատ պետք է տարածքային խնդիրները լուծելու համար: Ընդ որում, Ճապոնիայում Կուրիլների հարցը չեն համարում լուծված միայն երկու կղզիների փոխանցումով: Ճապոնիայում մտադիր են խաղաղության պայմանագրի կնքումից հետո երկկողմ հարաբերությունների օրակարգում ներառել նաև Կուրիլյան մյուս երկու կղզիների (Կունաշիր, Իտուրուպ) փախանցումը Ճապոնիային:

Կունաշիր և Իտուրուպ կղզիներն ավելի մեծ են և ավելի բնակեցված: Այդ կղզիներում է գտնվում աշխարհում ռենիումի (բավականին հազվագյուտ և թանկարժեք մետաղ) ամենամեծ հանքավայրը, բավականին զարգացած է ձկնորսության ոլորտը, որը Կուրիլների տնտեսության հիմքն է: Բացի այդ, այս երկու կղզիները Ռուսատանի համար ունեն նաև ռազմավարական մեծ նշանակություն. կղզիները Ճապոնիային հանձնելով՝ Ռուսաստանը կզրկվի Օխոտի ծովով դեպի Խաղաղ օվկիանոս ամենահարմար ելքից:

Ռուսաստանը շատ ավելի մեծ գին պետք է ստանա Ճապոնիայից այս երկու կղզիները փոխանցելու համար, քան Տոկիոյի կողմից ՌԴ դեմ 2014 թվականից գործող պատժամիջոցների չեղարկումը և Ռուսաստանում ճապոնիայի տնտեսական ակտիվացումը, ինչը, ենթադրաբար, Ռուսաստանի մոտիվացիան է ընթացիկ բանակցություններում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: