ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արտաքին քաղաքականությունը գործող իշխանությունների աքիլեսյան գարշապարներից մեկն է. Արմեն Աշոտյան (ԲԱՑԱՌԻԿ)

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույցների շարք ընտրություններին մասնակցող ուժերի հետ՝ ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում իրենց տեսլականի վերաբերյալ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության և «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները ժամանակի սղության պատճառով չեն կարողացել պատասխանել մեր այս հարցերին:

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի բացառիկ հարցազրույցը:

 

-Պարո´ն Աշոտյան, որո՞նք են Ձեր քաղաքական ուժի արտաքին քաղաքական հիմնական գերակայությունները: 

- Արտաքին քաղաքականությունը գործող իշխանությունների աքիլեսյան գարշապարներից մեկն է, հատկապես, եթե արտաքին քաղաքականությունը կապում ենք Արցախյան հակամարտության կարգավորման հետ: Մեզ համար շատ կարևոր է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը միտված լինի Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի հզորացմանն ու ամրապնդմանը: Հայաստանի նման երկրների համար արտաքին քաղաքականությունն անվտանգային քաղաքականության կարևորագույն հիմնաքարերից մեկն է: Եվ այստեղ տարիների ընթացքում մեր կուսակցության ձեռքբերումներն աներկբա են և այնքան անքննելի, որ անգամ գործող իշխանությունները քանիցս հայտարարել են, որ շարունակելու են արտաքին քաղաքականությունը, որը վարել է Հանրապետական կուսակցությունը և այստեղ շրջադարձներ չեն լինելու: Այն բազմաշերտ կապերին Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների և ազգային պետական շահերի համադրման արդյունք է:  Մենք չենք ուզում դարձնել Հայաստանը (ինչն էլ հաջողել ենք այս տարիների ընթացքում) աշխարհի գերհզորների բախման թատերաբեմ: Մենք Հայաստանը չենք ուզում դարձնել աշխարհաքաղաքական ջրբաժանի գեոպոլիտիկ սահման: Մեր հազարամյա պատմության ընթացքում այդ սխալները շատ են կրկնվել և մենք միշտ պառակտված ենք եղել արևելքի, արևմուտքի, հյուսիսի և հարավի միջև, որովհետև քաղաքական վերնախավն այդ տարիներին թույլ է տվել, որպեսզի Հայաստանում կռիվ ծավալեն այդ ժամանակահատվածի գերհզոր պետությունները: 21-րդ դարը նույնպես, հատկապես այսօր, շատ անհանգիստ է: Մեզ հարակից տարածաշրջանը` Մերձավոր Արևելքն` իր սիրիական ճգնաժամով, իրանական խնդրով, ագրեսիվ թուրքական քաղաքականությամբ, Ադրբեջանի կողմից Հայաստանի և հայերի նկատմամբ անթաքույց սպառնալիքներով, մեզ իրավունք չի տալիս կորցնել զգոնությունը: Եվ մենք մտահոգ ենք Հայաստանի անվտագությամբ, մտահոգ ենք Արցախի ապագայով: Մեր թողած ժառանգությունն այսօրվա իշխությունները մսխում են արտաքին քաղաքականության ոլորտում: Ե´վ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում, և´ ինտեգրացիոն եվրասիական գորընթացներում, և´ Եվրոպական միության հետ ունեցած մեր հարաբերություններում, և´ Իրանի ու Վրաստանի հետ ունեցած հարաբերություններում, որևէ լուրջ առաջընթաց ոչ միայն չկա, այլ նաև նախանշված են համակարգային ճգնաժամի համար բոլոր նախադրյալները:

 

- Ինչպիսի՞ մոտեցում ունեք ՀՀ ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ: 

- Հայաստանը պետք է կատարի ոչ միայն իր պարտավորությունները, որոնք ստանձնում է միջազգային հանրության կամ ինտեգրացիոն կազմակերպությունների առջև, այլ նաև լավագույնս օգտվի իր իրավուքներից: Սա է մեր հիմնական մոտեցումը: Հայաստանին պետք էր վերպետական տնտեսական միություն, Հայաստանին պետք էր վերպետական անվտանգային միություն. սա է պատճառը, որ ՀԱՊԿ-ում և Եվրասիական միությունում մեր իշխանության դիրքերը լոկ ամրապնդվել էին: Դրա վկայությունն է Տիգրան Սարգսյանի և Յուրի Խաչատուրովի պաշտոնավարումը, որոնք փաստացի ղեկավարում էին այդ կառույցները: Այսօրվա դրությամբ անհեռատես ու սիրողական քաղաքականության պատճառով Հայաստանը հինգ րոպե է պակաս կորցնելու ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը: Չի կարելի վարել արտաքին քաղաքականություն` հիմնվելով չակերտավոր հեղափոխական գործիքակազմերի` «դըմփ-դըմփ հու»-ների վրա: Արտաքին քաղաքականության մեջ էմոցիաներ պետք չեն, արտաքին քաղաքականության մեջ բանականություն ու գիտելիք է պետք` այն, ինչն արտաքին քաղաքականության ոլորտում բացակայում է այսօրվա իշխանությունների մոտ:

 

- Ինչպիսի՞ն է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Ձեր տեսլականը, և որո՞նք են առաջնահերթ քայլերը: 

- Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեր տեսլականը շատ հստակ կյանքի է կոչվել մեր իշխանության տարիներին: Այն նույնպես բազմաբաղադրիչ է, հիմնված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անքննարկելիության վրա: Եվ մեր օրոք ստեղծված բոլոր միջազգային փաստաթղթերում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ներառված է որպես հիմնարար սկզբունքներից մեկը: Անգամ Լևոն Տեր-Պետրոսյանը քանիցս խոստովանել է, որ Սերժ Սարգսյանի օրոք եղած բանակցային տարբերակը լավագույնն է, որ եղել է Արցախյան կարգավորման քսանհինգ տարիների ընթացքում: Մի կողմից այսօրվա իշխանությունների պոպուլիստական հայտարարությունները, մյուս կողմից նրանց ակնհայտ արցախատյաց վերջին հայտարարությունները պարզապես հարցականի տակ են դնում Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի հեռանկարները:

- Որո՞նք պետք է լինեն ՀՀ-Սփյուռք օրակարգի առաջնահերթությունները: 

- Սփյուռքը ձևավորվել է պատմականորեն և նախևառաջ որպես հայ ժողովրդի պատմության սև էջերի հետևանք` Ցեղասպանություն, ջարդեր, կոտորածներ: Այսօր Սփյուռքը դարձել է Հայաստանի մրցակցային առավելություններից մեկը: Հայաստանը Սփյուռքով մի երկիր է` իր պոտենցիալով, առանց Սփյուռքի` լրիվ այլ երկիր: Եվ մենք պետք է մի կողմից, իհարկե, խրախուսենք հայրենադարձությունը: Մեր օրոք մշակվում էր հայրենադարձության ծրագիր, նախագիծը կար, և այս իշխանությունները մատը մատին չեն տվել այդ նախագծին ընթացք տալու կամ եթե չէին հավանում, նոր նախագիծ մշակելու ուղղությամբ, որպեսզի պետությունն ունենար հստակ հայեցակարգ: Մյուս կողմից, Սփյուռքի ներուժը մենք լավ չենք օգտագործում: Մեր պատկերացումները Սփյուռքի մասին հնացել են: Այս ընթացքում ձևավորվել է, այսպես կոչված, նոր Սփյուռք, որը շատ ակտիվ է: Հին Սփյուռքի առջև կանգնած են ուծացման խնդիրներ: Սփյուռքի մարդկային քաղաքական կապիտալը մենք ավանդաբար սահմանափակում ենք որոշակի լոբբիստական աշխատանքներով և կարծում ենք, որ այդքանով կարելի է ավարտել Սփյուռքի քաղաքական աջակցումը Հայաստանին: Այնինչ իրականում` հատկապես Արցախյան կարգավորման հարցում, Սփյուռքի կազմակերպությունների գործադրած ջանքերը և իրենց ներուժը համադրելի չեն: Կազմակերպման դեպքում  Սփյուռքն իրականում ունի հսկայական քաղաքական ուժ, որը կարող է աջակցել Հայաստանի և Արցախի քաղաքական շահերի ամրապնդմանը: Սփյուռքն ունի հսկայական մարդկային կապիտալ, որը կարող է թարմ արյուն լինել Հայաստանի քաղաքական, քաղաքացիական, մշակութային կյանքում: Եվ այս երկու գործողությունները` հայրենադարձություն, միաժամանակ Սփյուռքի պահպանում, համադրելի են: Այստեղ մենք խելացի քաղաքականության կարիք ունենք:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    18.04.2024
    27°  17° 
    19.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: