ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հասնելու ենք ՀՀ քաղաքացիների համար ԵՄ տարածքում վիզային ռեժիմի ազատականացմանը. Մխիթար Հայրապետյան (ԲԱՑԱՌԻԿ)

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ  «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույցների շարք ընտրություններին մասնակցող ուժերի հետ՝ ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում իրենց տեսլականի վերաբերյալ։

Ձեզ ենք ներկայացնում  «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանի բացառիկ հարցազրույցը:

 

 - Պարո´ն Հայրապետյան, ըստ «Իմ քայլը» քաղաքական դաշինքի` Հայաստանի անվտանգության բարձրացման ուղղությամբ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել:

 - Մեր ծրագրում Ձեր հարցի պատասխանն ամենաառանցքային և կարևորագույն մասում է: Եվ վստահաբար մյուս բոլոր կետերը, սկզբունքներն ու մեր գծած ճանապարհային քարտեզը ուղղակիորեն ածանցվում են այս կետից: Երբ խոսում ենք Հայաստանի անվտանգության մասին, ապա հավասարապես մենք հղում ենք կատարում Հայոց բանակի մարտունակության և արդյունավետության համապատասխանեցմանը պաշտպանության ոլորտում անվտանգության միջավայրի փոփոխվող պահանջներին: Սա մեր քաղաքական առաջնահերթությունն է:

Մենք կնախաձեռնենք պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթաց, որը կսահմանի քաղաքական մի շարք պահանջներ` սկսած Զինված ուժերի շարունակական կատարելագործումից, ժամանակակից ռազմագիտության վրա հիմնված տարատեսակ մասնագիտական հմտությունների ներդրումից, զինված ուժերի կառավարման համակարգի առավել ավտոմատացումից, զինծառայողների սոցիալական պաշտպանության համակարգի զարգացումից մինչև այսօրվա ռազմական գիտության պահանջներին համապատասխան արդիական զինատեսակներով և տեխնոլոգիաներով, ընդհուպ ռազմական կործանիչներով համալրում: Առանձնապես կարևորում եմ անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչի` հայրենական ռազմական արդյունաբերության զարգացման մեր հավակնոտ, սակայն իրատեսական ծրագիրը:

 - Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի և ուժային կենտրոնների (Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ) երկկողմ հարաբերությունների զարգացումը:

 - Ինչպես ծրագրում է նշվում, արտաքին քաղաքականության առանցքային նպատակն է լինելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անվտանգության ապահովումը, Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը: Այս տեսակետը մենք ներկայացրել ու անխախտորեն պահպանել ենք հետհեղափոխական Հայաստանում: Միջազգային ասպարեզում իրավահավասար ու արժանապատիվ հարաբերությունների հետագա զարգացումը, համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական, տնտեսական, հասարակական, մշակութային, կրթական և նորարարական գործընթացներին պետության և ժողովրդի լայն ներգրավվածության ապահովումը, Հայաստանի Հանրապետության հեղինակության և հայկական քաղաքակրթության ճանաչելիության բարձրացումը մեզ համար եղել են գերնպատակ ու շարունակում են մնալ։

Շեշտել ենք քանիցս ու պիտի միշտ շեշտենք, որ Հայաստանը միայն հայաստանամետ է, և արտաքին քաղաքականության բնագավառում մեր քայլերը միտված են լինելու բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելուն և նոր շունչ հաղորդելուն: Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք ապահովելու ենք հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության, իրավահավասարության և ազգային շահերի փոխադարձ հարգանքի վրա հիմնված՝ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը: ԱՄՆ-ի հետ զարգացնելու ենք բարեկամական, գործընկերային հարաբերությունները տնտեսական, գիտակրթական և հասարակական տարբեր ոլորտներում: Հավասարապես գործակցելու ենք ԵՄ-ի հետ` քայլեր ձեռնարկելով Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լավագույնս կիրարկման ուղղությամբ, ԵՄ անդամ և եվրոպական տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցության խորացման և պատմական կապերին նոր շունչ հաղորդելու ուղղությամբ: Այո´, մենք հասնելու ենք նաև ՀՀ քաղաքացիների համար ԵՄ տարածքում վիզային ռեժիմի ազատականացմանը:

-Ինչպե՞ս եք տեսնում ՀՀ հարաբերությունների զարգացումը հարևան երկրների՝ մասնավորապես Վրաստանի և Իրանի հետ:

 - Շնորհակալ եմ այս հարցի համար, քանի որ այն հավասարապես կարևորում եմ նախորդ հարցի կողքին: Անկախ աշխարհաքաղաքական ազդեցություններից` Վրաստանի և Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացման ապահովումը մեր ծրագրի ընդգծված կետերից մեկն է:

 - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տեսանելի ապագայում հնարավոր համարո՞ւմ եք, և այդ ուղղությամբ կողմերն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն:

 - Այս սկզբունքային հարցի վերաբերյալ մեր ծրագրում տվել ենք հստակ ուղերձներով ձևակերպում: Թուրքիայի կողմից շարունակական շրջափակման պայմաններում բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված հայկական կողմի միակ ընդառաջ քայլը հայ-թուրքական սահմանն առանց նախապայմանների բացելու պատրաստակամության հայտարարումն է: Եվ սա հնարավոր է միայն թուրքական կողմից երկկողմ հարաբերությունների կարգավորումը ձգձգելու նպատակով երրորդ երկրներին վերաբերող պատրվակների` որպես նախապայման չօգտագործելու դեպքում։

  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: