ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ արտաքին քաղաքականություն ընտրեցին ՀՀ քաղաքացիները

Դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյուքներով 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված կլինի երեք քաղաքական ուժ` «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձայների մեծամասնությունը (70.43%) ստացած «Իմ քայլը»՝ ի դեմս դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի, բազմիցս հայտարարել է, որ հիմնական ուղղություններով հավատարիմ է մնալու նախորդ իշխանությունների վարած արտաքին քաղաքական կուրսին` կարելի է եզրակացնել, որ կտրուկ շրջադարձներ արտաքին քաղաքականությունում չեն ակնկալվում: Այնուամենայնիվ, կարևոր է հասկանալ, թե խորհրդարան անցած քաղաքական ուժերը ՀՀ համար կարևորություն ներկայացնող արտաքին քաղաքական ուղղություններում ինչպիսի մոտեցումներ ունեն, որոնք են այդ մոտեցումների ընդհանրություններն ու տարբերությունները:

Ղարաբաղյան հիմնահարց

«Իմ քայլը» դաշինքը Արցախյան հիմնահարցի համատեքստում իր նախընտրական ծրագրում որպես գերնպատակ սահմանել է «ազգերի ինքնորոշման իրավունքի կենսագործմամբ Արցախի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի անխախտելիությունը և միջազգային ճանաչումը ապահովելը»։ Այս ուղղությամբ դաշինքի քայլերն ուղղվելու են.

1. Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի շարունակական իրականացմանը,

2. Արցախի` որպես հակամարտության հիմնական կողմի` կարգավորման գործընթացում որոշիչ ձայնի ճանաչմանը և բանակցություններին ներգրավվածության ապահովմանը,

3. հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազեցմանը և հետաքննման մեխանիզմների ներդրմանը,

4. Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության արտաքին սպառնալիքների չեզոքացմանը,

 5. Արցախի միջազգային կապերի, բնակչության ազատ տեղաշարժի և հումանիտար շփումների օժանդակմանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունՂարաբաղյան հիմնահարցում ունի հետևյալ դիրքորոշումը. «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման ապահովմամբ, hակամարտության երկու կողմերի` Արցախի և Ադրբեջանի կատարած փոխզիջումների հիման վրա, անվտանգության միջազգային երաշխիքների ամրագրմամբ Արցախի հիմնախնդրի խաղաղ, քաղաքական ճանապարհով կարգավորումը ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններից մեկն է:

«Բարգավաճ Հայաստանի» համար ընդունելի է Արցախյան հիմնախնդրի այնպիսի կարգավորումը, որի բանակցային գործընթացում ԼՂՀ-ն հանդես կգա որպես լիիրավ կողմ, իսկ Արցախի կարգավիճակի հարցում կբացառվի որևէ լուծում` առանց Արցախի ժողովրդի համաձայնության:

Նման մոտեցում ամրագրվել է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրում, որտեղ մասնավորապես ասված է. «Շարունակելու ենք աջակցել Արցախի Հանրապետությունը՝ որպես բանակցային լիիրավ կողմ ներգրավելու ուղղությամբ գործադրվող ջանքերին»։ «Լուսավոր Հայաստան»-ը, ի տարբերություն խորհրդարան անցած մյուս երկու ուժերի՝ Արցախյան հիմնահարցի կարգավորման առանցքում դնում է Հայաստանի և Արցախի տնտեսական զարգացումն ու պաշտպանական հզորությունների ավելացումը՝ միաժամանակ սատարելով խնդրի խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Այսպիսով, Ղարաբաղյան խնդրում «Իմ քայլը» դաշինքի, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների մոտեցումները սկզբունքային տարբերություններ չունեն: Բոլոր երեք ուժերի համար էլ առանցքայինը Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալն է և խնդրի խաղաղ հանգուցալուծումը:

Ուժային կենտրոններ 

Ռազմավարական դաշնակցային հարաբերությունների զարգացումը, բարեկամական հարաբերությունները, բազմահարթակ ու բազմաշերտ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ կարևորում են և՛ «Իմ քայլը», և՛ «Բարգավաճ Հայաստան»-ը, և՛ «Լուսավոր Հայաստան»-ը: «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան»-ը հարաբերությունների հիմքում դնում են իրավահավասարության և ազգային շահերի փոխադարձ հարգանքը, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ը հայ–ռուսական հարաբերություններում կարևորվում է քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական և մարդասիրական ոլորտներում հարաբերությունների զարգացումն ու խորացումը: 

ԱՄՆ-ի հետ «Իմ քայլը» մտադիր է զարգացնել բարեկամական, գործընկերային հարաբերությունները տնտեսական, գիտակրթական և հասարակական տարբեր ոլորտներում: «Բարգավաճ Հայաստան»-ը կարևորում է ԱՄՆ հետ ռազմական, անվտանգության, հոգևոր-մշակութային, սոցիալական համագործակցության մակարդակի էական բարձրացումը: «Լուսավոր Հայաստան»-ը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը տեսնում է ինչպես տնտեսական և մշակութային, այնպես էլ քաղաքական ասպարեզում:

ԵՄ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը առաջնահերթ են համարում բոլոր երեք քաղաքական ուժերը:

Ինտեգրացիոն գործընթացներ

«Իմ քայլը» դաշինքի գործողություններն արտաքին քաղաքականության բնագավառում, համաձայն նախընտրական ծրագրի, միտված են լինելու բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելուն և նոր շունչ հաղորդելուն, մասնավորապես՝

«Եվրասիական տարածաշրջանի երկրների հետ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում զարգացնելու ենք փոխշահավետ համագործակցություն և խորացնելու ենք երկկողմ հարաբերությունները:

Քայլեր ենք ձեռնարկելու Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լավագույնս կիրարկման ուղղությամբ, ԵՄ անդամ և եվրոպական տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցության խորացման և պատմական կապերին նոր շունչ հաղորդելու ուղղությամբ: Հասնելու ենք ՀՀ քաղաքացիների համար ԵՄ տարածքում վիզային ռեժիմի ազատականացմանը», - ասվում է դաշինքի նախընտրական ծրագրում:

«Եվ-և»-ի քաղաքականության պաշտպանության դիրքերից է հանդես գալիս նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը. «Մենք կողմ ենք հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների անշեղ արագացմանը և խորացմանը: Շարունակելու ենք գործուն մասնակցություն ունենալ ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում ծավալվող աշխատանքներին:

Զուգահեռաբար շարունակելու ենք կառուցողական մասնակցություն ապահովել Եվրաինտեգրման գործընթացներին»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որը 2017-ին «Ելք» դաշինքի կազմում դեմ էր արտահայտվում Հայաստանի ԵԱՏՄ մտնելու որոշմանը, նոր իրողություններով պայմանավորված փոխել է իր դիրքորոշումը: Կուսակցությունը գտնում է, որ այժմ հնարավոր է «ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵՄ, ԵԽ և այլ միջազգային կառույցներում հանդես գալ Հայաստանի շահերից բխող արտաքին քաղաքականությամբ»: «Լուսավոր Հայաստան»-ը գտնում է, որ «Հայաստանի և Եվրոպական Միության միջև կա բավականին մեծ չօգտագործված պոտենցիալ, որը օգտագործելու համար պետք է ավելի խորացված հարաբերություններ ունենալ Եվրոպական Միության հետ, այն է՝ նախաձեռնել ռազմավարական գործընկերության ձևավորում Հայաստանի և ԵՄ-ի միջև»։

Արդյունքում, ինտեգրացիոն գործընթացների տեսանկյունից խորհրդարան անցած քաղաքական ուժերի մոտեցումները ևս նույնական են: «Եվ-և»-ի քաղաքականությունը շարունակում է ակտուալ մնալ նաև նոր իրողությունների պայմաններում:

Հարևաններ

Հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը կարևորում են բոլոր երեք քաղաքական ուժերը: «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում ամրագրված է.«ապահովելու ենք սահմանակից երկրների՝ Վրաստանի և Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումը` անկախ աշխարհաքաղաքական ազդեցություններից»: Հարևանների հետ հարաբերությունների կարևորությունը գրեթե նույնական ձևակերպումներով տեղ է գտել նաև «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ծրագրերում: 

Ցեղասպանություն, Թուրքիա

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի անվտանգության կարևոր երաշխիք է: Սա կարևորում են բոլոր երեք քաղաքական ուժերը: «Լուսավոր Հայաստան»-ը այստեղ կարևորում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի միջազգային իրավական-դատական հարթություն տեղափոխելը:

Թուրքիայի հետ հարաբերություններին իրենց նախընտրական ծրագրերում անդրադարձել են «Իմ քայլը» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը երկու ուժերն էլ տեսնում են Թուրքիայի կողմից միակողմանիորեն փակված սահմանի՝ առանց նախապայմանների բացելու մեջ:

Այսպիսով, ամփոփելով կարող ենք փաստել, որ ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղություններում դեկտեմբերի 9-ի ընտրություններում հաղթած երեք քաղաքական ուժերը չունեն սկզբունքային տարբերություններ: Սա հիմքեր է տալիս ենթադրելու, որ արտաքին քաղաքականությունում ոչ միայն կտրուկ փոփոխություններ պետք չէ ակնակալել, այլ նաև լուրջ տարաձայնություններ իշխանությունների և ընդդիմության միջև:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: