ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անհատ, գաղափար թե՞ ծրագիր. Հայաստանում վերլուծում են ընտրությունների արդյունքները

Reuters

Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունները, որոնք Հայաստանի պատմության մեջ առաջին արտահերթ ընտրություններն էին, դիտորդների և փորձագետների կողմից գնահատվել են որպես ազատ և ժողովրդավարական: Խորհրդարան են անցել երեք ուժեր` Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը, Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Էդմոն Մարուքյանի առաջնորդած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Փաշինյանը շնորհակալություն է հայտնել իր դաշինքի օգտին քվեարկած բոլոր քաղաքացիներին և նշել. «Այդ վստահության քվեն բացառիկ պարտավորեցնող է, և մենք գիտակցում ենք՝ ահա եկել է օր ու գիշեր աշխատելու և ժողովրդի վստահությունն արդարացնելու ժամանակը, և որևէ կասկած չկա, որ մենք ամբողջությամբ նվիրված ենք այդ առաքելությանը»: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին՝ ընտրություններում իրենց արձանագրած արդյունքների համար, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել այն ուժերին, որոնք ակտիվ մասնակցություն են ցուցաբերել ընտրություններում: Փաշինյանը հավաստիացնել է, որ «Իմ քայլը» կփորձի ներկայացնել նաև այն քաղաքացիներին, որոնց նախընտրած ուժերը չեն հաղթահարել խորհրդարանում հայտնվելու շեմը:

Նշենք, որ խորհրդարան չանցած ուժերը նույնպես հանդես են եկել հայտարարություններով: Նախկին իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր տարածած հայտարարությունում նշել է, որ կայացած խորհրդարանական ընտրություններն եղել են ժողովրդավարական իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ:  «Դրանք անցան այլախոհության նկատմամբ անհանդուրժողականության, թեկնածուների և նրանց աջակիցների, ՏԻՄ ղեկավարների նկատմամբ բիրտ ճնշումների և այլատյացության քարոզի պայմաններում, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառմամբ: Կառավարման խորհրդարանական համակարգի անցման հիմնական նպատակներից մեկը հենց տարբեր, անգամ հակադիր կարծիքների համադրման հնարավորության ստեղծումն է: Հետևաբար, ցավալի է, որ ընտրարշավն այդքան խորը բաժանարար գծեր ստեղծեց», - ասվում է ՀՀԿ հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն չի կարողացել հաղթահարել 5 տոկոսանոց անցողիկ շեմը` կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 4,7 տոկոսը:

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ներկայացված չի լինի Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային Ժողովում: Սա պարտություն է, սակայն ոչ մեր ընտրողների, - ասվում է կուսակցության հայտարարությունում: «Ընտրողն այսօր իր ձայնը տվեց անհատին, ոչ գաղափարին ու ծրագրին: Ընտրության մասնակիցների մի ստվար զանգվածն այսօր կենտրոնացած է «ներքին թշնամու» կերպարի վրա ու ապշելու աստիճան անհոգ է արտաքին և ներքին վտանգներին հանդիման: Դաշնակցության մոտեցումներն այսօր ընկալվում են փոքրամասնության կողմից: Պատշաճորեն չի կարևորվում Արցախյան գործոնը քաղաքական օրակարգում: Ձևավորվում է Ազգային ժողով առանց հստակ գաղափարական և ազգային դիմագծի», - ասվում է ՀՅԴ հայտարարությունում, որը ստացել է ընտրողների 3,89%-ի քվեն:

 «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը հայտարարել է, որ չի համալրի «փողոցային» ընդդիմության շարքերը: «Մենք այլընտրանքային քաղաքական ուժ կլինենք: Մտադիր ենք բարձրացնել երկրի քաղաքական համակարգի մակարդակը, առաջարկել նոր քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային հայեցակարգեր»,- հստակեցրեց կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը:

«Այո՛, այս ընտրություններն անցել են առանց էական խախտումների և միջադեպերի, բայց նաև ակնհայտ է բոլորի համար, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում բովանդակային, գաղափարական և ծրագրային պայքար այդպես էլ տեղի չունեցավ, որի արդյունքում էլ ունեցանք միաբևեռ Ազգային ժողով», - ասվում է ընտրություններում պարտություն կրած «Մենք» դաշինքի հայտարարությունում:

7-րդ գումարման Ազգային ժողով անցած քաղաքական ուժերը հայտարարել են աշխատանքը շարունակելու պատրաստակամության մասին: «Մեր կուսակցությունը կլինի ինստիտուցիոնալ ընդդիմություն և պատրաստ է փոխգործակցության արտախորհրդարանական ուժերի հետ», - հայտարարել է կուսակցության ղեկավար էդմոն Մարուքյանը: «Մենք ցանկանում ենք ստեղծել զսպման և հակակշռի մեխանիզմներ, ինչպես նաև իշխանությունների նկատմամբ վերահսկողություն», - հավելել է նա: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ ընդգծել է. «Հանրության քվեով ձևավորվեց այն խորհրդարանը, որը մեր երկրում պետք է իրականացնի քաղաքական և տնտեսական այն բարեփոխումները, որոնք նախանշելու են մեր երկրի առաջիկա տարիների զարգացումը»:

Հայտարարություններով հանդես են եկել նաև արտահերթխորհրդարանական ընտրություներին չմասնակցած քաղաքական ուժերը: Լևոն Տեր-Պետրոսյանի «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարել է. «Ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ Ազատ և արդար ընտրությունների անցկացումը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է երկրի ժողովրդավարացման և զարգացման համար։ Նոր իշխանությունները կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ․ ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը, արմատախիլ անել կոռուպցիան և հաստատել արդարադատություն, տնտեսությունը դնել զարգացման ուղու վրա, հզորացնել քաղաքացիական հասարակության ինստիտուտները, ընդունել նոր հարկային և ընտրական օրենսդրություն»: Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» կուսակցությունը կայացած ընտրությունները որակել է որպես  «գործող ավտորիտար համակարգի վերբեռնում»: «Աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում Սերժ Սարգսյանի և Միքայել Մինասյանի կողմից իրականացվող իշխանության վերբեռնումը ստեղծել է այնպիսի իրավիճակ, որի պայմաններում, կեղծ վախեր սերմանելով՝ «ընտրության» անվան ներքո դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել հայ ազգի քաղաքական ընտրության հնարավորության արգելափակում… «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարում է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է հայ ազգի համակենտրոնացում (մոբիլիզացիա)՝ Հայկական Մեծ իրական  հեղափոխություն իրականացնելու համար»:

Նշենք, որ նորընտիր խորհրդարանի առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 24-ին:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: