ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞ւ է Ռուսաստանը ռազմավարական հրթիռակիրներ ուղարկել Վենեսուելա

Դեկտեմբերի 10-ին ռուսական ռազմատիեզերական ուժերին պատկանող «Տու-160» երկու ռազմավարական հրթիռակիրները, ինչպես նաև «Ան-124»  «Ռուսլան» ծանր ռազմատրանսպորտային ինքնաթիռը վայրէջք են կատարել Վենեսուելայի օդանավակայանում: Նշվում է, որ Ռուսաստանը, չնայած Վենեսուելայում տիրող ծանր տնտեսական ճգնաժամին, փորձում է վենեսուելացի օդաչուներին հմտություններ ուսուցանել:

Ռուսաստանի կողմից Վենեսուելա ռազմավարական ռմբակոծիչներ ուղարկելու մասին առաջինը հաղորդել է ամերիկյան հայտնի The Washington Free Beacon պարբերականը: Հղում անելով Պենտագոնի աղբյուրներին` պարբերականը նշում է, որ օդանավերը մասնակցելու են համատեղ օպերատիվ թռիչքներին:

Հրապարակման մեջ նշվում է նաև, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն ուշադիր հետևելու է ռմբակոծիչներին, որոնք ի վիճակի են միջուկային մարտագլխիկներով հրթիռներ արձակել:  Ամերիկյան պետությունների կազմակերպությունն էլ, իր հերթին,  հայտարարել է, որ «անհանգստացած» է միջուկային զենք կրելու հնարավորություն ունեցող երկու ռմբակոծիչների` Վենեսուելայում գտնվելու փաստով։

Նշենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հաստատել են Վենեսուելա օդանավերի փոխադրման մասին տեղեկությունը: Ռազմական վարչությունից նաև հաղորդել են, որ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը սպասարկող Մայկետիա միջազգային օդանավակայանում ռուսական ռազմական հրթիռների անձնակազմին հանդիսավոր կերպով ընդունել են Վենեսուելայի պաշտպանության նախարար Պադրինո Լոպեսը և Կարակասի ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները:

Նրանց փոխանցմամբ` միջոցառման ժամանակ Պադրինո Լոպեսը նշել է, որ ռուսական օդանավերը մասնակցելու են համատեղ օպերատիվ թռիչքներին:

«Մենք պատրաստվում ենք նրան, որ անհրաժեշտության դեպքում մինչև վերջին շունչը պաշտպանենք Վենեսուելան: Եվ մենք դա անելու ենք մեր ընկերների հետ, որոնք հանդես են գալիս ի պաշտպանություն երկրների միջև հարգալից հարաբերություններ հաստատելուն», - նշել է Լոպեսը:

Սակայն հարկ է նշել, որ Ռուսաստանի այս քայլը միանշանակ չի ընդունվել ԱՄՆ-ի կողմից: Ինչպես հայտնում է BBC-ին` ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, մեկնաբանելով լուրը, նշել է, որ դա «գումարների վատնում» է:

«Ռուսաստանի կառավարությունն անցել է աշխարհի կեսն ու իր ռմբակոծիչները Վենեսուելա ուղարկել: Ռուս և վենեսուելացի ժողովուրդները պետք է այս հարցն այսպես դիտարկեն. կոռումպացված կառավարությունները վատնում են հանրային միջոցները, մինչդեռ նրանց ժողովուրդները տառապում են»,- ասել է Պոմպեոն:

Նշենք, որ Ռուսաստանի ԱԳՆ-ում Պոմպեոյի այս հայտարարությունն անվանել են ոչ պրոֆեսիոնալ, և մեղադրել վերջինիս դիվանագիտական էթիկայի նորմերի խախտման մեջ: Իսկ Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արրեասն, իր հերթին, ասել է, որ Պոմպեոն անհարգալից և ցինիկ կերպով է խոսել Մոսկվայի և Կարակասի համագործակցության մասին:

«Միացյալ Նահանգներն առնվազն 800 զինվորական բազա ունի 70 երկրում: Այսօր, ԱՄՆ-ի` անվտանգության համագործակցության ոլորտի 107 անվտանգության ծրագրերից 75-ը գործում են Լատինական Ամերիկայում », - թվիթերում գրել է Արրեասը:

Հարկ է նշել, որ  ռուսական ռազմական օդանավերի այցը Վենեսուելա առաջինը դեպքը չէ: Ավելի վաղ ռազմավարական նշանակության հրթիռային կրիչները Վենեսուելա են ժամանել 2008 թ. սեպտեմբերին և 2013 թ. հոկտեմբեր-նոյեմբերին ամսիներին: Ինչպես  հայտնում է TASS-ը, անցած շաբաթ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և պաշտպանության նախարար  Պադրինո Լոպեսի` Մոսկվա կատարած այցի ժամանակ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ ռուսական ռազմական ավիացիայի թռիչքները Վենեսուելայի օդանավակայաններում կշարունակվեն, իսկ ռուսական նավատորմի նավերն ինչպես միշտ մուտք կգործեն այդ երկրի նավահանգիստներ:

Նշենք, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքով ներկայումս Վենեսուելան ծանր տնտեսական ճգնաժամում է գտնվում: Վենեսուելայի իշխանությունների խոսքերով` ԱՄՆ-ն պատժամիջոցները սահմանել է երկրում իշխանափոխության հասնելու նպատակով:  Եվ ի դեմս Վլադիմիր Պուտինի, Նիկոլաս Մադուրոն գտել է ուժեղ դաշնակցի, որի միջոցով նա հույս ունի շրջանցել պատժամիջոցները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    10 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: