ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայերն Արևի որդիներ են. հնդիկ աստղաբան (ԲԱՑԱՌԻԿ)

Պրադիպ Շարմա, Ջյոտիշ աստղաբանության մասնագետ 22-ամյա փորձով

-         Պրադիպ ջի, Դուք Ջյոտիշ/վեդայական աստղաբանության մասնագետ եք: Մեր ընթերցողներին հետաքրքիր կլիներ լսել Ջյոտիշ-աստղաբանի կարծիքը Հայաստանի մասին, քանի որ մեզ մոտ հիմնականում օգտվում են արևմտյան աստղաբանությունից:

- Ինչպես գիտեք, Ջյոտիշ աստղաբանությունը հազարավոր տարիների պատմություն ունի: Հնագույն ժամանակներում գիտելիքները գուրուից աշակերտին բանավոր էին փոխանցվում:

Այստեղ ես սանսկրիտ լեզվով տերմիններ չեմ օգտագործի, որպեսզի ավելի հասկանալի լինի: Մոլորակները, որոնց հիման վրա մենք կանխատեսում ենք կատարում, ունեն նույն ատոմային կառուցվածքը, ինչը որ մենք ունենք: Այն, ինչ գոյություն ունի տիեզերքում, բաղկացած է հինգ տարրերից՝ հող, ջուր, կրակ, օդ և եթեր: Վեդայական փիլիսոփայության / աստղաբանության մեջ մենք ասում ենք. այն, ինչ մակրոկոսմում է, նույնն էլ միկրոկոսմում է: Ատոմային մակարդակում ամեն ինչ միատեսակ է:

Այսպիսով, մենք դիտարկում ենք մոլորակները որպես կենդանի էակներ, որոնք կարող են ազդել մարդու կամ երկրի ճակատագրի վրա: Արևմտյան աստղաբանական նատալ քարտեզն իրենից շրջան է ներկայացնում, որը բաժանված է կենդանակերպի նշանների 12 տների: Իսկ ջյոտիշի քարտեզն ուղղանկյան տեսք ունի և նույնպես բաժանված է 12 տների: Քարտեզի վերլուծության մեջ վեդայական աստղաբանությունն օգտագործում է 7 գրահաներ՝ մոլորակներ. Արև, Լուսին, Մարս, Վեներա, Մերկուրի, Յուպիտեր, Սատուրն, ինչպես նաև Ռահու՝ հյուսիսային լուսնային հանգույց և Կետու՝ հարավային լուսնային հանգույց:

Ինչպես գիտեք, քարտեզը կազմելու համար մեզ հարկավոր են ծննդյան ամսաթիվը, ժամը և տեղը: Հայաստանի համար շատ դժվար է ճիշտ նատալ քարտեզ կազմել, քանի որ պետք է որոշենք, թե ինչը վերցնենք որպես ծննդյան ամսաթիվ և ժամ: Հայաստանը դարձել է հանրապետություն 1918թ., այնուհետև՝ խորհրդային հանրապետություն, իսկ հետո՝ անկախ երկիր: Իմ հաշվարկների համար ես կվերցնեմ Հայաստանի անկախության հռչակման օրը՝ 1990թ. օգոստոսի 23, ցերեկվա ժամը 2-ը: Այսպիսով, մենք օգտվում ենք պատահականության գործոնից, քանի որ չգիտենք անկախության հռչակման ճիշտ ժամը:

Եվ այսպես, երբ նայում ենք Հայաստանի նատալ քարտեզին, ապա տեսնում ենք, որ Լուսինը գտնվում է 12-րդ տանը: Սա շանսերի, ծախսերի տունն է, այն, ինչ մտածում է երկիրը: Այս պետությունը մշտապես փորձում է ինչ-որ բաներ անել, սակայն մինչև հիմա դեռ ոչինչ չի ստացվում: Լուսինը բանականությունն է, ունի դրական էներգետիկա և անցել է 12-րդ տուն, ինչը նշանակում է, որ մարդիկ կորցնում են սեփական էներգիան՝ ինչ-որ բան անելով, որն առայժմ իրենց վերահսկողությունից դուրս է: Նրանք մինչև հիմա հստակ ուղի չեն գտնում, թե ուր գնան, որ ուղղությամբ:

Վեներան հանդիսանում է Հայաստանի մոլորակ-կառավարիչը: Սա շքեղության, ռոմանտիկայի, կյանքի ավելի փափուկ կողմի մոլորակն է: Սա նշանակում է, որ Հայաստանի մարդիկ սիրում են լավ ապրել, լավ վայրերում, լավ տներում, ունենալ լավ մեքենա, ոսկեղեն, տղամարդիկ սիրում են օծանելիք:

Յուպիտերը՝ կրթության, կրոնի, կյանքի ճիշտ կողմի մոլորակը, նստած է իր էկզալտացիայի՝ բարձրության նշանում, ինչը նշանակում է, որ մարդիկ ունեն ակադեմիական հետաքրքրություն, սիրում են սովորել:

Կետուն, մեր բանականության մեջ թաքնված վախերը, բերում է շատ լարվածություն, վախ այն ամենի նկատմամբ, թե ինչ կարող է պատահել: Դուք խաղաղասեր ժողովուրդ եք, սակայն ձեր մեջ թաքնված վախ կա: Նույնիսկ դուք չգիտեք, թե որն է պատճառը, բայց ուղեղում վախ կա:

Ռահուն (շփոթություն) գտնվում է 4-րդ տանը: Սա այն է, թե ինչ է տեղի ունենում երկրի ներսում. անկարգություններ, կոնֆլիկտներ քաղաքական կուսակցությունների միջև, ներքին խնդիրներ, կոնֆլիկտ մարդկանց միջև: Երկրում կան մարդկանց խմբեր, որոնք այլ կերպ են մտածում, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանը: Դեռևս կան հակասական կարծիքներ ելքը գտնելու հարցում: Այն, ինչ մենք ունենք, դրա մասին չենք մտածում, չենք կենտրոնանում դրա վրա, այլ մտածում ենք այն մասին, թե ինչ կարող էինք ունենալ:

Երկրի թշնամիները հայտնվել են 8-րդ տանը՝ թաքուն գաղտնիքների, խնդիրների տանը, որտեղ համակարգի թաքնված թշնամիները մտորում են, թե ինչպես կարող են երկրին վնասել:

Արևը գտնվում է 11-րդ՝ նվաճումների տանը: Հիմնականում Արևը՝ դա ճանաչում է: Արևը ցույց է տալիս հոգին: Եթե դուք ասում եք՝ մենք հպարտ հայեր ենք, դա նշանակում է, որ ձեր մեջ Արևն է խոսում: Սա նշան է, որ դուք արիացի եք: Արևը նստած է հենց իր տանը, այդ պատճառով էլ ուժեղ է: Եթե Արևն ուժեղ է, ուրեմն քո հոգին ու ոգին էլ են ուժեղ: Ուստի հայերը պետք է մտածեն, թե ինչպես Հայաստանը այնպիսի երկիր դարձնեն, որին նկատի ողջ աշխարհը:

- Խնդրում եմ, այժմ պատմեք Հայաստանի մասին ըստ ժամանակահատվածների:

- 1990 – 1999 թվականները եղել է Լուսնի կառավարման ժամանակահատվածը, գլխում, ուղեղում հստակություն չկար, ոչ մի որոշակի բան:

1999-2006թթ.՝ Մարսի ժամանակահատված: Մարսը հանդիսանում է մոլորակ-կառավարիչ Վեներայի թշնամին: Սա շատ լավ ժամանակահատված է եղել բիզնեսի, գործընկերային հարաբերությունների, շփումների համար, սակայն ընդհատակում գնում էր ինչ-որ թաքուն դավադրություն, թաքնված կապեր, կոռուպցիա: Սովորական մարդիկ չեն կարողանում տեսնել, թե ինչ է կատարվում, բայց ինչ-որ մեկը ձեր, ձեր համակարգի դեմ դավեր է նյութում:

2006–2024թթ.՝ Ռահուի ժամանակահատված. շփոթություն, խռովություն, քաղաքականության մեջ շատ կոմբինացիաներ, չկա կայունություն, քանի որ Ռահուն թույլ չի տալիս, որ կայունանա ինչ-որ բան կամ էլ ինչ-որ մեկի կյանքը: Կամ ինչ-որ մեկը մի այնպիսի բան է անում, ինչը հակասում է մշակութային, համամարդկային հիմքերին: Օրինակ, ինչ-որ մեկը զբաղվում է թմրանյութերի անօրինական շրջանառությամբ կամ ԼԳՏԲ քարոզչությամբ և այլն: Ռահուն դրանց հավանություն է տալիս, քանի որ Ռահուին դուր չի գալիս կյանքի նորմալ հունը: Ռահուն այն է, որը թույլատրում է վատ, ոչ ճիշտ, անբարոյական արարքները: Այսպիսով, նման տարրերը ծաղկում կապրեն, իսկ ճիշտ մտածելակերպի համար շատ դժվար կլինի:

Շուտով կգա Վեներան՝ Ռահուի գուրուն: Վեներայի ազդեցությունը կլինի 2019-2020թթ. և 2021-ի կեսը: Այս ժամանակահատվածն ավելի լավ կլինի: Ռահուն մի փոքր կհանգստանա, կհանդարտվի, քանի որ ոչ ոք իրավունք չունի գուրուի դեմ խոսել, նրան հակաճառել: Ռահուն հարգում է իր ուսուցչին: Այս ընթացքում տնտեսական իրավիճակը որոշակիորեն կբարելավվի:

Վեներայից հետո կգա Արևը: Սա էլ է լավ ժամանակահատված: Սա նշանակում է, որ միջազգային ասպարեզում Հայաստանին կսկսեն հարգել:

Ի՞նչ խորհուրդ կտայիք հայերին: 

- Այս խորհուրդը ոչ միայն հայերի համար է, այլև մնացածների: Միշտ նայեք ձեր մեջ, զբաղվեք ինքնազարգացմամբ, եղեք բարի, հոգատար և հարգալից բոլորի, հատկապես ձեր ընտանիքի նկատմամբ: Կիրակին հոր օրն է, երկուշաբթին՝ մայրիկինը, երեքշաբթին՝ եղբորինը, չորեքշաբթին՝ քրոջը, հինգշաբթին՝ ուսուցչինը, ուրբաթը՝ ամուսնունը, կնոջը, շաբաթը՝ տարիքով մարդկանցը: Գոնե այդ օրերին հոգ տարեք այդ մարդկանց նկատմամբ: Եթե նրանք հեռու են գտնվում կամ նրանց հետ լարված հարաբերություններ են, ուղղակի բացասական վերաբերմունքը դրեք մի կողմ և նրանց մասին մտածեք դրական տրամադրվածությամբ: Սա կերջանկացնի ոչ միայն նրանց, այլև ձեզ:

- Շատ շնորհակալություն: Ավարտվում է 2018 թվականը, մոտենում է Նոր Տարին: Կուզենայինք իմանալ նաև, թե ինչպիսին կլինի Հայաստանի համար 2019-ը ջյոտիշ աստղաբանության համաձայն:

- Սա քննարկման համար ևս մեկ ծավալուն թեմա է: Ես Հայաստան-2019-ի համար հաշվարկ կանեմ ոչ միայն վերոնշյալ ձևով: Կա նաև հաշվարկի մեկ այլ տիպ, որը կոչվում է Սահիտյա Ջյոտիշ:

Ինչպես գիտեք, կա աստվածների երրորդություն՝ Բրահմա (արարիչ), Վիշնու (պահապան) և Շիվա (կործանիչ): Վիշնու-Պահապանը 10 անգամ վերամարմնավորվում է ոչ միայն մարդկային, այլև այլ ձևերով, նրա ավատարներից են՝ Ռամա, Կրիշնա, Վարահա, Նառայանա և այլն: Տեր Վիշնուի Կուրմա-ավատարը կրիայի տեսքով համարվում է շատ-շատ բարենպաստ ոչ միայն հնդկական, այլև չինական աստղաբանությունում:

Այսպիսով, Սահիտյա Ջյոտիշում մենք ստեղծում ենք կրիայի ձևը՝ դեմքով դեպի արևելք, և այդ նկարը տեղադրում ենք երկրի քարտեզի վրա: Բոլոր մոլորակները և 27 համաստեղությունները տեղադրում ենք կրիայի մարմնի վրա և նայում, թե որ մոլորակը կրիայի մարմնի որ մասում հայտնվեց՝ գլխին, պոչին, թաթերին: Բայց այս մասին մենք կխոսենք Նոր տարվա նախօրյակին: Հաջողություն:

Հարցազրույցը վարեց՝

Նաիրա Ս. Մկրտչյանը

Նյու Դելի


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: