ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 022,36 դրամ ԱՐԾԱԹ - 260,44 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 960,65 դրամ

2018թ․-ը բավական հարուստ էր Արցախյան հակամարտության շուրջ քննարկումներով․ տարվա ամփոփում

2018թ․-ին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներն ուղղակի և անուղղակի ազդեցություն ունեցան նաև Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վրա։ Ընդհանուր առմամբ, այս տարվա ընթացքում բանակցային գործընթացը կարող է բաժանվել երկու փուլի՝ նախքան հեղափոխությունը և հեղափոխությունից հետո։

Նախքան հեղափոխությունը՝ տարվա մեկնարկից միջնորդներն ակտիվ ջանքեր էին գործադրում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև նախորդ երկու տարիների ընթացքում վստահության միջոցառումների շուրջ ձեռք բերված Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։ Փետրվարի 9-11-ը նրանք այցելել են տարածաշրջան՝ հանդիպումներ անցկացրել Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Այցի արդյունքում տարածված հայտարարությամբ միջնորդները կոչ են արել կատարել վերոնշյալ պայմանավորվածությունները, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնել աջակցելու կողմերին՝ հասնելու հակամարտության կարգավորմանը Հելսինկյան սկզբունքների հիման վրա՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունք։

Ապրիլ-մայիս ամիսներին՝ հեղափոխության ընթացքում, սահմաններին որոշակի անհանգստություն է արձանագրվել, ինչը փաստել են նաև միջնորդները։ Մասնավորապես, ապրիլի 23-ին նրանք հայտարարություն են տարածել, որով «տարածաշրջանում վերջին քաղաքական զարգացումների և շփման գծում էսկալացիայի հնարավորության» ֆոնին ընդգծել են հրադադարի պահպանման կարևորությունը և կոչ արել հնարավորինս արագ վերսկսել բանակցությունները։

Հեղափոխությունից հետո կողմերի միջև, ինչպես նաև կողմերի և միջնորդների միջև շփումների ակտիվացում է նկատվել, որը պայմանավորված էր հայկական նոր իշխանությունների դիրքորոշումներին և մտադրություններին ծանոթանալու ձգտումով։

Հեղափոխությունից հետո միջնորդները երկու անգամ այցելել են տարածաշրջան, այդ թվում՝ մի անգամ նաև Արցախ։ Մինչև տարվա վերջ տեղի է ունեցել երեք հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև և ևս երեք հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Փաշինյան-Ալիև հանդիպումները պաշտոնական բնույթ չեն կրել, այլ տեղի են ունեցել միջազգային տարբեր հարթակների կուլիսներում՝ «ոտքի վրա» կարճ շփումների տեսքով։

Ինչպես փաստում են միջնորդ երկրների ներկայացուցիչներն ու կողմերը, հայկական և ադրբեջանական ղեկավարների միջև կառուցողական երկխոսություն է հաստատվել։ Այդ մասին են վկայում նաև Դուշանբեում սեպտեմբերի 27-28-ին Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ձեռք բերած պայմանավորվածությունը հրադադարի ռեժիմի խախտումները հետագայում բացառելու և օպերատիվ կապ հաստատելու միջև։ Նշենք, որ պայմանավորվածություններն, ընդհանուր առմամբ կատարվում են՝ ըստ կողմերի հավաստման, սակայն Արցախի ՊԲ-ն տարվա վերջում հայտարարեց Ադրբեջանի կողմից խախտումների վերաբերյալ։

Այնուամենայնիվ, մտահուգություն է հարուցում այն, որ այս երկու բանավոր և «ոտքի վրա» ձեռք բերված պայմանավորվածություններն օրակարգում երկրորդ պլան են մղել մինչ այդ Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում (2016-2017թթ․) ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ամրագրված էին համատեղ հայտարարություններով և ավելի ֆունդամենտալ բնույթ էին կրում։ Մասնավորապես, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդնումն ու ԵԱՀԿ Գործող նախագահի հատուկ ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը հնարավորություն կտա ավելի հիմնավոր և միջազգային հանրության համար վստահելի արձանագրում ունենալ հրադադարի ռեժիմի հնարավոր խախտումների վերաբերյալ, ինչն էլ զգալիորեն ավելի ազդեցիկ կլինի դրանց բացառման տեսակետից։

Օգտվելով ստեղծված երկխոսությունից՝ ադրբեջանական կողմը ևս մեկ առաջարկ-պահանջ է առաջ քաշում, որպես վստահության միջոցառում. այն է` գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Այդ մասին ադրբեջանական կողմը հայտարարել է նաև նախկինում, սակայն այս տարվա աշնանը խոսակցությունները կրկին արդիականություն են ձեռք բերել։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ-Պետերբուրգում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ալիևի հետ «խոսել են գերիների փոխանակման մասին, պայմանավորվածություն ձեռք չի բերվել, բայց քննարկումները կշարունակվեն»։ Այս պահանջով Ադրբեջանի իշխանությունները նպատակ ունեն ազատել Արցախում գտնվող երկու ադրբեջանցիներին՝ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին, որոնք 2014թ․-ին դատապարտվել են համապատասխանաբար ցմահ և 22 տարով ազատազրկման՝ լրտեսության, առանց պատշաճ թույլտվության Արցախի պետական սահմանը հատելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար։

Ինչ վերաբերում է անմիջականորեն հակամարտության կարգավորման գործընթացին, ապա այս հարցով կողմերի միջև դեռևս բովանդակային պաշտոնական բանակցություններ չեն անցկացվել, նախարարների հանդիպումների ընթացքում փորձ է արվել ներկայացնել Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը։ Կարևոր է արձանագրել, որ դեկտեմբերի 6-ին ԵԱՀԿ Նախարարների կոմիտեի նիստի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որով կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել բանակցությունները, այդ թվում՝  2019թ․ սկզբում կազմակերպել Ալիև-Փաշինյան հանդիպում։

Ամփոփելով կարելի է արձանագրել, որ չնայած ներքաղաքական ակտիվ զարգացումներին, իսկ մասամբ նաև՝ պայմանավորված դրանցով, տարին բավական ակտիվ է եղել Արցախյան հակամարտության թեմայով երկկողմ և բազմակողմ շփումների տեսակետից։ Կողմերի շփումներում որոշակի կառուցողականություն է արձանագրվել՝ վստահության միջոցառումների շուրջ պայմանավորվածությունների ձեռք բերման և դրանց կյանքի կոչման տեսքով։ Միաժամանակ, հստակ բանակցություններ չեն եղել բուն կարգավորման վերաբերյալ։

Ադրբեջանի այս կառուցողականությունն ու պարտաճանաչությունն ամենևին պատահականություն չեն՝ այլ ստեղծված իրավիճակից օգտվելու և սեփական շահերն ուղղակի և անուղղակի կերպով առաջ մղելու ձգտում։ Ուստի, հաջորդ տարում հայկական կողմերը պետք է հատուկ զգոնություն ցուցաբերեն իրենց համար կարևոր հարցերն օրակարգից դուրս չթողնելու և Ադրբեջանի կողմից թելադրվող օրակարգով առաջ չշարժվելու հարցում։ Ամենայն հավանակությամբ, եկող տարին նույնպես հագեցած է լինելու երկկողմ և բազմակողմ շփումներով։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 23%
Քամի՝ 3 կմ/ժ
27 C°
 
19°  35° 
23.08.2019
19°  34° 
24.08.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը