ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը 2018-ին

2018-ը Թուրքիայի համար բարդ տարի էր՝ նախագահական ընտրություններ, տնտեսական խնդիրներ երկրի ներսում, արտաքին քաղաքական մարտահրավերներ՝ ի դեմս ԱՄՆ-ի հետ լարված հարաբերությունների, Սիրիա ու քրդական խնդիր և այլն:

Հունիսին երկրում տեղի ունեցան արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ, որոնցում հաղթանակ տարավ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ձայների 52.5%-ով: Ընտրությունների արդյունքները սպասելի էին: Թուրքական գործող ղեկավարությունը շարունակեց պահպանել իր դիրքերը, ինչով էլ պայմանավորված՝ էական փոփոխություններ տեղի չունեցան նաև երկրի արտաքին քաղաքական կուրսի ու որդեգրած մոտեցումների մեջ:

2018-ին ևս Թուրքիան ջանք չէր խնայում՝ ամրապնդելու համար իր դիրքերը Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում և Իրաքում: Տարին սկսվեց Սիրիայում թուրքական զինված ուժերի հատուկ գործողությամբ, որ ստացավ «Ձիթենու ճյուղ» անվանումը: Գործողությունն ուղղված էր քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության և դրա ռազմական թևի՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» դեմ: Թուրքիան այս գործողությունը բացատրեց ՆԱՏՕ-ի հարավային սահմանները պաշտպանելու, ինչպես նաև Թուրքիայի սահմանին ահաբեկչական միջանցքի ձևավորումը կանխելու մտադրությամբ:

Ամբողջ տարվա ընթացքում սիրիական ճգնաժամի թեմայով պարբերաբար տեղի ունեցան տարբեր մակարդակներով հանդիպումներ Թուրքիայի, Իրանի ու Ռուսաստանի միջև: Մարտին Աստանայում տեղի ունեցավ փորձագիտական հանդիպում Թուրքիայի, Իրանի ու ՌԴ-ի արտգործնախարարների մասնակցությամբ, որտեղ Թուրքիան հանդես եկավ սիրիական ճգնաժամի քաղաքական լուծումները գտնելու կոչով:

Արդեն ապրիլին Թուրքիայում տեղի ունեցավ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահների հանդիպումը, ինչին հաջորդեցին քննարկումները արտգործնախարարների մակարդակով: Ընդհանուր առմամբ, կողմերը իրենց հավատարմությունը հայտնեցին Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևերին, խնդրի կարգավորմանը՝ Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա, ինչպես նաև հակամարտության կարգավորմանը՝ քաղաքական երկխոսության միջոցով:

Աշնանը Սիրիայի հարցով եռակողմ ձևաչափով հանդիպում եղավ Իրանում, որտեղ ի հայտ եկան կողմերի ունեցած որոշակի տարաձայնությունները, մասնավորապես՝ սիրիական Իդլիբի հարցում, որտեղ, ավելի ուշ՝ Սոչիի հանդիպման արդյունքներով, որոշում ընդունվեց ստեղծել ապառազմականացված գոտի:

ՌԴ-Թուրքիա հարաբերությունները կայուն զարգացման միտումներ են դրսևորել 2018-ի ողջ ընթացքում: Տարվա կարևոր իրադարձություններից էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի եռօրյա պաշտոնական այցը Ռուսաստան: Բացի բովանդակային քննարկումներից, այցը կարևոր էր սպասվող Պուտին-Էրդողան հանդիպման նախապատրաստական աշխատանքների տեսանկյունից: Արդեն ապրիլին տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկօրյա այցը Անկարա: Հանդիպման օրակարգում թուրք-ռուսական հարաբերությունների խորացումն էր երկկողմ կարևորություն ունեցող այնպիսի հարցերում, ինչպիսիք են՝ սիրիական ճգնաժամը, տնտեսական նախագծերի իրականացումը, այդ թվում՝ C-400 զենիթա-հրթիռային համակարգերի ձեռքբերումը Թուրքիայի կողմից և այլն: Ռուս-թուրքական հարաբերություններում մերձեցման դինամիկան շարունակվեց մինչև տարեվերջ:

ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները 2018-ին լարված բնույթ են կրել: Թուրքիան շարունակում էր պնդել, որ ամերիկյան ռազմական ներկայությունը Սիրիայում և աջակցությունը քրդերին ուղղակի հարված է իրեն և տարածաշրջանին: Հարաբերությունները ավելի սրվեցին տարվա երկրորդ կեսին: Հուլիս-օգոստոս ամիսներին երկկողմ հարաբերությունների օրակարգ բերվեց Թուրքիայում ձերբակալված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատ արձակելու հարցը: Այս հարցում Թուրքիան ի վերջո ընդառաջ գնաց ամերիկյան կողմի պահանջներին և հոկտեմբերին թուրքական դատարանը ազատ արձակեց Բրանսոնին: Ենթադրվում էր, որ սա լավ ազդակ կարող է լինել երկկողմ հարաբերությունների բարելավման, պատժամիջոցների չեղարկման ճանապարհին, սակայն դա տեղի չունեցավ: ԱՄՆ-ն ոգևորված չէր ռուս-թուրքական, թուրք-իրանական հարաբերությունների մերձեցմամբ, ինչպես նաև Ստամբուլում Սիրիայի հարցով քառակողմ գագաթաժողովի անցկացմամբ, որին մասնակցում էին Ռուսաստանի, Թուրքիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները և որին հրավիրված չէր ամերիկյան կողմը:

Թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը սրվեց նաև Թուրքիայում սաուդցի ընդդիմադիր լրագրողի սպանության դեպքից հետո: Թուրքիան պաշտոնապես հայտարարեց, որ սպանությունը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում՝ բոլոր սլաքները ուղղելով դեպի Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը, ում ամեն գնով փորձում էին պաշտպանել ամերիկացիները՝ որպես տարածաշրջանում իրենց հիմնական ու վստահելի դաշնակից:

Թուրք-ամերիկյան հարաբերությունների կարգավորման համատեքստում կարևոր նշանակություն կարող է ունենալ արդեն տարեվերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ զորքերը Սիրիայից դուրս բերելու վերաբերյալ, ինչը լուրջ հուզումներ ու քննարկումներ առաջ բերեց հենց ԱՄՆ-ում՝ դեմոկրատների ու հանրապետականների միջև:

Թուրքիան քայլեր ձեռնարկեց վերակենդանացնելու հարաբերությունները նաև Եվրամիության հետ, սակայն դեռ վաղ է խոսել կառուցողական երկխոսության հասնելու մասին: Տարվա հենց սկզբից վերսկսվեցին բանակցություններն ու քննարկումները Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով: Փետրվարին տեղի ունեցավ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրիմի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Հանդիպման արդյունքներն ամփոփելիս՝ թուրք պաշտոնյան նշեց, որ թուրք-գերմանական հարաբերությունները ընդհանուր առմամբ կարգավորված են: Սակայն եվրոպական կողմը հերթական անգամ բարձրաձայնեց իր չափորոշիչներին Թուրքիայի անհամապատասխանության մասին հունիսին՝ երկրում նախագահական և խորհրդարանական ընտրությունների հետ կապված: Չնայած կոպիտ խախտումներ դիտորդների կողմից չարձանագրվեցին, սակայն նրանք շարունակում էին պնդել, որ ընտրություններն անց են կացվել թեկնածուների միջև անհավասար պայմանների առկայությամբ, ինչպես նաև երկրում տիրող արտակարգ դրության պայմաններում:

Եվրոպայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում կարևոր էր սեպտեմբերին կայացած Էրդողանի պետական այցը Գերմանիա: Արդյունքները, սակայն, փաստեցին մի բան. որոշ հարցերում երկխոսությունը հնարավոր է, սակայն էական տարաձայնությունները դեռ հարթված չեն:  

Նոյեմբերի 22-ին Բրյուսելում վերսկսվեցին բարձր մակարդակով քննարկումները Թուրքիա-ԵՄ ձևաչափով, որոնց ընթացքում քննարկվեցին, մասնավորապես, Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության, Մաքսային միության և մի շարք այլ հարցերում երկկողմ հարաբերությունները: ԵՄ-ն վերահաստատեց իր մոտեցումը՝ ընդունել Թուրքիային միայն եվրոպական չափորոշիչներին լիարժեք համապատասխանության դեպքում, ինչի իրականացման հարցում բավարար չի գնահատում Թուրքիայի քայլերը:

Ինչպես և արտաքին քաղաքականության մեջ, Թուրքիայի ներքին կյանքում նույնպես բարդ տարի էր: 2018-ը դրական տեղաշարժեր չարձանագրեց ներքին բռնաճնշումների ու հետապնդումների առումով: Հարկ է փաստել, որ 2018-ին ևս Թուրքիան աշխարհի պետությունների շարքում առաջին տեղն էր գրավում կալանավորված լրագրողների թվով՝ իր հետևում թողնելով Չինաստանին ու Եգիպտոսին: Թուրքիայում 2018-ի ընթացքում կալանավորվել է 68 լրագրող:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: