ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի նման ագրեսոր երկիրն իրավունք չունի մեզ անվտանգության երաշխիքներ առաջարկել. Արցախի ԱԳ նախարար

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հարցազրույց է տվել «Lragir.am» գործակալությանը, որում անդրադարձել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի աղմկոտ հայտարարություններին:

Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

-Դեկտեմբերի 25-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն իր հարցազրույցում մի շարք աղմկոտ հայտարարություններ է արել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։ Ինչպիսի՞ն է Արցախի դիրքորոշումը ադրբեջանական կողմի պնդումների կապակցությամբ։

-Նախ և առաջ, հարկ է նշել, որ Արցախի իշխանությունները բազմիցս հրապարակայնորեն հայտնել են իրենց սկզբունքային դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Միայն անցնող տարվա ընթացքում ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի Խորհրդում և այլ միջազգային կառույցներում որպես պաշտոնական փաստաթղթեր տարածվել են շուրջ տաս Արցախի ԱԳՆ հուշագրեր և այլ փաստաթղթեր՝ Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության տարբեր ասպեկտների վերաբերյալ։ Ս.թ. հոկտեմբերի 30-ին արցախյան կողմի դիրքորոշումը վերահաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Ստեփանակերտում կայացած հանդիպումներին և վերջերս «Ազատ Արցախ» հանրապետական թերթին տված իմ հարցազրույցում։ Մենք կարծում ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հնացած մոտեցումները պետք է վերանայվեն։ Անհրաժեշտ է վերականգնել բանակցությունների եռակողմ ձևաչափը՝ Արցախի Հանրապետության ուղղակի և լիարժեք մասնակցությամբ։ Հակամարտության կարգավորման հիմքում պետք է դրվի իր հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու Արցախի ժողովրդի իրավունքը։ Քանի որ այս միջպետական հակամարտությունը տարածքային վեճ չէ, ուստի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված հնարավորությունների որոնումը՝ հիմնված տարածքային զիջումների վրա, անհեռանկարային է և չի արտացոլում հակամարտության էությունը։

Ինչ վերաբերում է ադրբեջանական իշխանությունների հայտարարություններին, ապա իրենց բնորոշ ոճով նրանք ցանկալին ներկայացնում են որպես իրականություն։ Խաղաղ կարգավորման գործընթացի տրամաբանությունը, նրա էվոլյուցիան, ինչպես նաև իր քաղաքական կարգավիճակի որոշման հարցում Արցախի ժողովրդի վճռորոշ դերի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահող երկրների ղեկավարների հայտարարությունները ցույց են տալիս, որ միջազգային դերակատարներն արդյունքում կհանգեն նախկին Ադրբեջանի ԽՍՀ տարածքում երկու անկախ հանրապետությունների՝ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ձևավորման փաստի ճանաչմանը։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք այն պնդումները, որ Ադրբեջանը պատրաստ է, համաձայն իր ստանձնած միջազգային պարտավորությունների, Արցախի ժողովրդին տրամադրել անվտանգության երաշխիքներ և բարձր մակարդակով ինքնակառավաման իրավունք Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

-Ադրբեջանական կողմի նման հայտարարություններն այլ կերպ չեն կարող գնահատվել, քան ցինիզմի դրսևորում։ Ագրեսոր-երկիրը, որն իր անկախության ձեռքբերումից հետո նախաձեռնել է Արցախը զենքի ուժով զավթելու և ոչնչացնելու՝ իր համար երկու անհաջող փորձ, չունի ո՛չ բարոյական, ո՛չ էլ որևէ այլ իրավունք՝ առաջարկել մեզ անվտանգության երաշխիքներ։ Արցախի Հանրապետությունը՝ որպես տարածաշրջանում կարևոր ռազմաքաղաքական գործոն, վաղուց հանդիսանում է անվտանգության մատակարար և դե ֆակտո իր ներդրումն է ունենում տարածաշրջանային կայունության պահպանման գործում։

Բացահայտորեն արհամարհելով իր ստանձնած միջազգային պարտավորությունները՝ ադրբեջանական իշխանությունները պարբերաբար սպառնում են տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը, վարում ադրբեջանական հասարակությունում հայերի հանդեպ այլատյացություն և ատելություն սերմանելու պետական քաղաքականություն, ամեն կերպ ձգտում մեկուսացնել Արցախը՝ դրանով իսկ խախտելով նրա բնակչության հիմնարար իրավունքները, այդ թվում՝ զարգացման իրավունքը։ Ադրբեջանը, խախտելով իր ստանձնած միջազգային պարտավորությունները, անվերահսկելի կերպով զինվում է, ինչի արդյունքում մի շարք ցուցանիշներով զգալի գերազանցում է Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին (ԵՍԶՈՒ) պայմանագրով սահմանված սպառազինության առավելագույն թույլատրելի մակարդակները։

Այս փաստերն արդեն իսկ խոսուն են և ցուցադրում են ադրբեջանական կողմի կեղծ խաղաղասիրական հայտարարությունների իրական արժեքը։ Եթե ադրբեջանական իշխանությունները լուրջ վերաբերվեին իրենց միջազգային պարտավորություններին, ապա ինքնակառավարում կտրամադրեին ներկայիս Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին՝ իրենց ազգային ինքնության պահպանման, ինչպես նաև մշակութային և քաղաքական իրավունքների պաշտպանության համար։

Արցախի ժողովուրդն ազատության իր ուղին ընտրել է դեռևս երեսուն տարի առաջ և իրավական տեսակետից անթերի կերպով իրացրել է իր ինքնորոշման իրավունքը։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում Արցախի քաղաքացիները, մասնակցելով հանրաքվեների և համապետական ընտրությունների, մոտ տասնհինգ անգամ ուղղակի կամ անուղղակի կերպով հաստատել են իրենց անկոտրուն կամքը։

-Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի և Արցախի ներկայացուցիչների միջև իբրև թե տեղի ունեցած հանդիպումների մասին, որոնք ընդհատվել են Հայաստանի նախկին իշխանությունների դիրքորոշման պատճառով։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս պնդումը։

-Ադրբեջանական կողմի հայտարարությունը որևէ աղերս չունի իրականության հետ։ Առաջին՝ Արցախի ներկայացուցիչները երբևէ չեն մասնակցել, այսպես կոչված, «միջհամայնքային ձևաչափով» երկկողմ հանդիպումների։ Իրականում, քաղաքացիական խաղաղասիրական նախաձեռնությունների շրջանակներում տեղի էին ունենում Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների եռակողմ հանդիպումներ։ Երբեմն միջոցառումներ էին իրականացվում Աբխազիայի, Հարավային Օսիայի և Վրաստանի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այդ հանդիպումներին ադրբեջանական կողմից կարող էին մասնակցություն ունենալ Լեռնային Ղարաբաղից ադրբեջանցի փախստականների ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչները, ընդ որում, նրանք ներկայացնում էին Ադրբեջանի քաղաքացիական հատվածը։

Երկրորդ՝ քաղաքացիական խաղաղասիրական նախաձեռնությունները կտրուկ նվազել են այն բանից հետո, երբ ադրբեջանական իշխանությունները նախաձեռնել են իսկական «վհուկների որս»՝ Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով ձերբակալելով մի շարք ադրբեջանցի իրավապաշտպանների և լրագրողների, ովքեր տարբեր տարիների մասնակցություն էին ունեցել հակամարտող կողմերի հասարակությունների միջև վստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված տարբեր խաղաղասիրական նախաձեռնությունների։

Կարծում եմ, որ ոչ մի կողմ չպիտի խոչընդոտներ ստեղծի, եթե Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի փախստականների հասարակական կազմակերպությունների ներակայացուցիչները որոշեն քննարկել իրենց խնդիրները ժողովրդական դիվանագիտության շրջանակներում։ Այդ խմբի անձանց միավորում է մեկ բան. ըստ էության, նրանք դարձել են ինքնիշխան ԼՂՀ դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի զոհերը։

-Ինչպիսի՞ դիրքորոշում ունի արցախյան կողմն Ադրբեջանի այն պնդումների կապակցությամբ, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ բանաձևերն են։

-Ադրբեջանական կողմի փորձերը՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի (ԱԽ) բանաձևերը ներկայացնել որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմք, զուրկ են որևէ իրավական հիմնավորումից։ ՄԱԿ ԱԽ բոլոր չորս բանաձևերն ընդունվել են ակտիվ ռազմական գործողությունների ժամանակահատվածում, ինչով էլ պայմանավորված էր դրանց կարևորագույն պահանջը՝ կրակի, բոլոր ռազմական և թշնամական գործողությունների անհապաղ դադարեցումը։ ՄԱԿ ԱԽ բանաձևերը չեն իրականացվել Ադրբեջանի դիրքորոշման պատճառով, որը կտրականապես հրաժարվել է խաղաղություն երաշխավորել և ստանձնել ռազմական գործողությունները դադարեցնելու իր պարտավորությունները։ Փոխարենը, Ադրբեջանը ձգտում էր օգտագործել բանաձևերը՝ որպես ռազմական առավելության հասնելու միջոց։ Իրենց բոլոր գործողություններով ադրբեջանական իշխանությունները ցուցադրում էին, որ չեն դիտարկում ՄԱԿ ԱԽ բանաձևերի՝ իրենց հասցեագրված կոչերը և պահանջները, այդ թվում՝ դրանցից կարևորագույնը՝ բոլոր ռազմական և թշնամական գործողությունների դադարեցումը՝ որպես պարտադիր բնույթ կրող։

ՄԱԿ ԱԽ-ն չի դիտարկել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման հարցը, փոխարենը՝ լիարժեք աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի գործընթացի շրջանակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին։

Ավելին, ՄԱԿ ԱԽ բանաձևերի տեքստի մեկնաբանությունը, ինչպես նաև Անվտանգության խորհրդի, այդ թվում՝ նրա երեք մշտական անդամների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի, և հենց Ադրբեջանի հետագա քայլերը ի ցույց են դնում բանաձևերի խորհրդատվական բնույթը։

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: