ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քրդական հարցի շուրջ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում լարվածությունը խորանում է

Evan Vucci/AP

ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում ճգնաժամն ավելի է խորանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է տնտեսապես ավերել Թուրքիան, եթե վերջինս Սիրիայում ամերիկյան զորքի դուրսբերումից հետո հարձակում գործի քրդական ուժերի վրա:  «Մենք սկսում ենք Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման երկար սպասված գործընթացը` միաժամանակ տարբեր կողմերից հարված հասցնելով «Իսլամական պետություն» խմբավորմանը: Եթե այն կրկին գլուխ բարձրացնի, կհարձակվենք նորից այդ տարածքում առկա ռազմաբազայից: Թուրքիային տնտեսապես կոչնչացնենք, եթե որոշի հարվածել քրդերին», - գրել է Թրամփը` միևնույն ժամանակ զգուշացնելով քրդերին չսադրել Անկարային: Թե ինչ քայլերի միջոցով է Թրամփը պատրաստվում սնանկացնել Թուրքիային, վերջինս չի հստակեցրել:

Սակայն հարկ է նշել, որ չնայած Դոնալդ Թրամփի այս սպառնալիքներին`  Անկարան մտադիր է շարունակել պայքարը Սիրիայում գործող քրդական կազմավորումների դեմ: Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալինը թվիթերի իր էջում վերահաստատել է Թուրքիայի այն դիրքորոշումը, ըստ որի` ԱՄՆ դաշնակից Սիրիայի քրդական զինված միավորումներն Անկարայի կողմից դիտարկվում են որպես ահաբեկչական խմբավորումներ: Նրա խոսքով` Թուրքիան պայքարում է ոչ թե քրդերի, այլ ահաբեկիչների դեմ: «Ոչ մի տարբերություն չկա «Իսլամական պետության», Քրդստանի աշխատավորական կուսակցության, «Ինքնապաշտպանության ուժերի» և «Ժողովրդավարական միություն» կուսակցության միջև: Մենք կշարունակենք պայքարը նրանց դեմ: Մենք պաշտպանելու ենք քրդերին ու մյուս սիրիացիներին ահաբեկչական սպառնալիքներից»,- գրել է Քալինը թվիթերի իր էջում` դրանով իսկ հաստատելով, որ Թուրքիան քրդերի հարցով չի պատրաստվում զիջումների գնալ:

Իր հերթին, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե թուրք ազգը երբեք չի խոնարհվի սպառնալիքների առաջ։ «Մի կողմից տնտեսական դժվարություններն են, մյուս կողմից ահաբեկչության վտանգը։ Այս ազգը սոված կմնա, ծարավ կմնա, սակայն չի խոնարհվի սպառնալիքների առաջ։ Մենք ճիշտ չենք համարում պարոն Թրամփի հայտարարությունը»,– ասել է Մևլութ Չավուշօղլուն։

Նշենք, որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին Դոնալդ Թրամփի դեկտեմբերի 19-ի որոշումն անսպասելի էր տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր դաշնակիցների` մասնավորապես քրդերի համար: «Սիրիայի Ժողովրդավարական ուժեր» զինված կոալիցիան, որի հիմնամասը կազմում են քրդական կազմավորումները, Սիրիայի տարածքից իր զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի վարչակազմի որոշումը գնահատել է «որպես դաշույնով հարված թիկունքին»: Իսկ դավաճանության մեջ մեղադրելու պատճառն այն է, որ Թուրքիան ներկայում ավելի մեծ վտանգ է ներկայացնում քրդերի համար: Եթե նախկինում Թուրքիան չուներ հնարավորություն բաց առճակատման գնալ քրդական  խմբավորումների հետ, որոնք գտնվում էին ԱՄՆ-ի անմիջական հսկողության տակ, ապա այժմ ամերիկյան զորքի դուրսբերումից հետո քրդերը կարող են հայտնվել Թուրքիայի թիրախում:

Ներկայում ԱՄՆ-ն հայտնվել է բարդ իրավիճակում: Իր սեփական երկրի իմիջը պահելու համար Թրամփը փորձում է անել հնարավոր ամենը լուծելու Սիրիայի քրդերի հարցը, քանի որ վերջիններս սիրիական հակամարտությունում եղել են ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցները: Եթե Թրամփը քրդերին հանձնի Թուրքիայի ձեռքը, ապա դա վատ ազդակ կլինի ԱՄՆ-ի մնացյալ դաշնակիցների համար: Հետևաբար, ԱՄՆ-ն Սիրիայից հեռանալուց առաջ, ցանկանում է որոշակի անվտանգային երաշխիքներ տալ քրդերին: Այդ իսկ պատճառով էլ Թրամփը ձեռնամուխ է եղել սպառնալիքների լեզվով խոսել Թուրքիայի հետ: Սակայն ողջ խնդիրը կայանում է նրանում, որ Թուրքիան չի պատրաստվում տեղի տալ այդ սպառնալիքներին:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: