ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շինարարության ոլորտում մենք լուրջ ծրագրեր ունենք. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են Հայաստանում շինարարության ոլորտի զարգացման միտումներին և կառուցապատման գործընթացների խթանմանը վերաբերող հարցեր: Քննարկմանը մասնակցում էին շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները և կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչներ:

Բացելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շինարարության ոլորտում շատ լուրջ ծրագրեր ունի: «Հիպոթեկային վարկավորման ոլորտում շատ լուրջ ակտիվություն է նկատվում, և դա ենթադրում է, որ այն իր հետևից պետք է բերի որոշակի աշխուժություն նաև շինարարության ոլորտում: Բացի այդ, մենք շատ լուրջ ծրագրեր ունենք նաև կապված Հայաստանում ջրամբարաշինության ակտիվացման հետ, որովհետև դա մեր զարգացման ռազմավարական ուղղություններից է, և մենք պետք է կարողանանք լրջագույն ջրային ռեսուրսներ կուտակել՝ մեր կայուն զարգացումն ապահովելու, ինչպես նաև Սևանա լիճը, ի վերջո, հանգիստ թողնելու համար:

Ճանապարհաշինության ոլորտում ևս լուրջ պլաններ ունենք, որովհետև ենթակառուցվածքի այն մակարդակը, որ այսօր ունենք Հայաստանի Հանրապետությունում, մտահոգվելու տեղիք է տալիս, և մենք այդ ենթակառուցվածքների, ավտոճանապարհների մակարդակը և որակը էականորեն բարձրացնելու խնդիր ունենք: Հույս ունեմ, որ այսօր կքննարկենք այն բոլոր խնդիրները, որ կան շինարարության ոլորտում, որպեսզի այս բոլոր ուղղություններով մեր հետագա աշխատանքի համադրության և սինխրոնիզացման խնդիրը լուծենք», - ասել է կառավարության ղեկավարը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են պետություն-մասնավոր հատված գործընկերության զարգացմանը, կառուցապատողի կողմից ենթակառուցվածքներով ապահովմանը, ինտեգրված կադաստրային համակարգի ներդրմանը, տեղական ընկերությունների խթանմանը, շինարարության ոլորտի օրենսդրական և գնագոյացման մեխանիզմներին, գործող նորմատիվային բազային առնչվող և մի շարք այլ հարցերի: Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչներն անդրադարձել են նաև վարչապետ Փաշինյանի նշած ոլորտներում համագործակցության հեռանկարներին և պատրաստակամություն հայտնել քննարկել այդ ուղղություններով ծրագրերի հնարավորությունները:

Նիկոլ Փաշինյանը նշել է՝ կառավարությունը կարևորում է շինարարության ոլորտում ընթացակարգերի շարունակական բարելավումը, ինչը կխթանի մեր երկրում կառուցապատման գործընթացը և կնպաստի նաև «Doing business»-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանի դիրքերի բարելավմանը:

Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին՝ կառուցապատող ընկերությունների և շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել ներկայացված առաջարկությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ նման ձևաչափով հանդիպումները հաճախակի կազմակերպելու վերաբերյալ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: