ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 972,62 դրամ ԱՐԾԱԹ - 271,79 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 312,92 դրամ

«Ավրորան» կօգնի Մատենադարանին՝ ներկայացնել աշխարհով մեկ սփռված հայկական մշակութային կենտրոնները

www.idea.am

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է աջակցել Մատենադարանին. այս տարի էլ 20 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհը կուղղվի հայկական գրչության կենտրոնների ինտերակտիվ քարտեզի ստեղծմանը: Այս մասին հայտնում է IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժինը: 

Հայկական գրչության կենտրոնները յուրահատուկ նշանակություն են ունեցել հայ ժողովրդի պատմամշակութային կյանքում: Դրանք եղել են արվեստի և մշակույթի յուրօրինակ կենտրոններ, որտեղ հայ գրիչներն ու մանրանկարիչներն ստեղծել են իրենց գործերն, ընդօրինակել ձեռագրեր: Ինտերակտիվ քարտեզը կմեկտեղի այս կենտրոններն ու կստեղծի հայկական ձեռագիր մշակույթի մեկ ամբողջական պատկեր: Այն կդառնա արժեքավոր գործիք՝ ներկայացնելով հայկական գրավոր ժառանգության աշխարհագրությունը, պատմությունն ու զարգացումը Հայաստանում և աշխարհասփյուռ հայկական գաղթօջախներում:

««Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ մեր համագործակցությունն անգնահատելի է,- ասաց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը,- Այս նոր նախագծով մենք կունենանք շատ օգտակար գործիք՝ ինտերակտիվ քարտեզ, որը հնարավորություն կտա առավել պատկերավոր ներկայացնել հայ գրչության կենտրոնները, որոնք բացառիկ նշանակություն են ունեցել հայ ժողովրդի հոգևոր և մշակութային կյանքում: Արդի տեխնոլոգիական լուծումներն ամենաարդյունավետ միջոցն են՝ ներկայացնելու հայկական մշակութային հարուստ ժառանգությունն ու դրա ազդեցությունը համաշխարհային մշակույթի գանձարանում»:

Ընդամենը մեկ հպումով Մատենադարանի յուրաքանչյուր այցելու կկարողանա ճանապարհորդել պատմության մեջ և տեսնել գրչության տասնյակ կենտրոնների զարգացումը: Առանձին պատուհանով կբացվեն գրչության կենտրոնների պատկերները և դրանց մասին մանրամասն տեղեկություններ՝ հակիրճ պատմությունը, աշխարհագրական դիրքը, վանական համալիրի ճարտարապետական բնութագիրը, թե որտեղ է գտնվել տվյալ կենտրոնը: Առանձին պատուհաններով կտրամադրվի նաև ինֆորմացիա ձեռագրերի մասին՝ վերնագիր, ժամանակաշրջան, գտնվելու վայր, գրչի և մանրանկարչի անուններ, վիճակագրական տվյալներ և այլն:

«Ուրախ ենք շարունակել մեր համատեղ աշխատանքը Մատենադարանի հետ, որտեղ  հսկայական քանակության հայկական ձեռագրեր են պահվում: Այս ձեռագրերն են պատուհան բացում դեպի հայկական մտքի և Արևմտյան աշխարհի պատմություն: «Ավրորան» կարևորում է հայերի անցյալն ու ներկան համաշխարհային զարգացման համատեքստում ներկայացնելը: Այս նախագիծը ևս ծառայում է այդ գործին՝ բացի պահպանումից, հեշտացնելով դրանց բազմակողմանի ներկայացումը»,- նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը:

Այսպիսով, «Ավրորան» չորրորդ դրամաշնորհն է տրամադրում Մատենադարանին՝ հիշողության պահպանման «Armenian Memory Act» նախագծի շրջանակում: 2015 թվականի դրամաշնորհով ինստիտուտը հնարավորություն ստացավ ձեռք բերել ձեռագրերի թվայնացման հատուկ սարքավորում՝ դրանք դարձնելով առավել հասանելի հետազոտողների ու հանրության համար: Մինչև հիմա թվայնացվել են ավելի քանի 4560 ձեռագիր և հազվագյուտ արխիվային փաստաթուղթ:

2016-ին տրամադրված դրամաշնորհով Մատենադարանի տասը գիդ-էքսկուրսավարներ վերապատրաստվեցին Գերմանիայում: Այցելելով տարբեր թանգարաններ և մշակութային կենտրոններ՝ նրանք ծանոթացան թանգարանային կառավարման նոր մոտեցումներին և յուրացրին հմտություններ, որոնք անհրաժեշտ են օտար լեզվով աշխատող զբոսավարներին:

2017-ի դրամաշնորհով Մատենադարանը կազմակերպել է 50-ից ավելի դասախոսություններ՝ հումանիտար և բանասիրական ուղղվածության, ինչպես նաև Մատենադարանի անմիջական գործունեությանն առնչվող թեմաներով՝ միջնադարագիտություն, ձեռագրագիտություն, աղբյուրագիտություն, մատենագիտություն, օտարալեզու գրավոր աղբյուրների ուսումնասիրություն, հայ թարգմանական ժառանգություն, ինչպես նաև ձեռագրերի (մանրանկարների), հնատիպ գրքերի, արխիվային նյութերի, վավերագրերի վերականգնում և պահպանում: Պատրաստվում է նաև գրքույկ Մատենադարանում աշխատող էքսկուրսավարների և գիտաշխատողների համար: 


Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 20%
Քամի՝ 10 կմ/ժ
28 C°
 
  21° 
22.09.2019
  23° 
23.09.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը