ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իմ նպատակն է վերակենդանացնել մեր երկրի գիտական ավանդույթները, Հայաստանը դարձնել գիտական կենտրոն. նախագահ Սարգսյան

president.am

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Եվրոպական հարավային աստղադիտարան, որն աստղագիտական հետազոտություններ իրականացնող աշխարհի խոշորագույն կենտրոններից է:
Նախագահ Արմեն Սարգսյանի և աստղադիտարանի ղեկավար կազմի հանդիպմանը գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Քսավիե Բարկոնը ներկայացրել է հաստատության գործունեությունը, իրականացվող հետազոտություններն ու ուսումնասիրությունները: Նա նշել է, որ միջազգային այս հեղինակավոր հաստատությունը ունեցել է բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր, բայց Արմեն Սարգսյանն առաջին պետության նախագահն է, ով այցելում է աստղադիտարան։

Նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է հայկական գիտական մտքի նվաճումների ու կրթական ոլորտում հայ մասնագետների գրանցած հաջողությունների մասին:
«Որպես Հայաստանի նախագահ` իմ նպատակն է երկիրը դարձնել գիտական կենտրոն, վերակենդանացնել մեր երկրի գիտական ավանդույթները»,- նշել է Հանրապետության նախագահը: Նա ներկայացրել է հայկական գիտական մտքի ձեռքբերումները՝ մասնավորապես խոսելով Բյուրականի աստղադիտարանի, Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի գործունեության մասին: «Ես ցանկանում եմ առաջ մղել Հայաստանը` իբրև երկիր, որը հիմնված է գիտության, կրթության, գաղափարների վրա: Մենք պատրաստ ենք համագործակցել ձեզ նման հեղինակավոր միջազգային կենտրոնի հետ, լինելու ձեր գործընկերը»,- ասել է Արմեն Սարգսյանը։
Հանրապետության նախագահը կազմակերպության ներկայացուցիչներին հրավիրել է Հայաստան` մասնակցելու այս տարվա հունիսին առաջին անգամ մեր երկրում կայանալիք «Մտքերի գագաթնաժողովին»:
Պրոֆեսոր Քսավիե Բարկոնը ողջունել է նախագահի առաջարկն ու համագործակցության պատրաստակամություն հայտնել: 
Հանդիպումից հետո նախագահ Արմեն Սարգսյանը շրջայց է կատարել Եվրոպական հարավային աստղադիտարանի տարածքում, ծանոթացել աշխարհում ամենամեծ օպտիկական աստղադիտակի կառուցման աշխատանքներին:

1962 թվականին ստեղծված Եվրոպական հարավային աստղադիտարանի անդամ է 16 պետություն՝ Ավստրիան, Բելգիան, Չեխիան, Դանիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Նիդերլանդները, Լեհաստանը, Պորտուգալիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան և Միացյալ Թագավորությունը:
Կազմակերպությունը, որի աստղադիտարանները գտնվում են Չիլիում, առաջատար դերակատարում ունի աստղագիտության ոլորտում միջազգային համագործակցության նախաձեռնման ու կազմակերպման մեջ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: