ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կառավարությունը քայլեր է ձեռնարկում զինծառայողների սննդի կազմակերպման արդյունավետության բարձրացման ուղղությամբ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության նիստի մեկնարկին գործադիրի բոլոր անդամները գրքեր են նվեր ստացել: «Գիրք նվիրելու օրվան հաջորդող կառավարության նիստում այսօր բոլորս նվերներ ունենք, տարբեր գրքեր են: Շնորհակալություն նվերների համար և հաճելի ընթերցանություն եմ մաղթում բոլորիդ»,-նշել է վարչապետը:

ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գտնվող զորամասերի և այլ ստորաբաժանումների զինծառայողների համար սննդի կազմակերպման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է «Փորձնական ծրագիր իրականացնելու և գնման գործընթաց կազմակերպելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ ներկայումս սննդի կազմակերպման գործող ձևաչափի պարագայում հաճախակի են դարձել սննդի կազմակերպման գործընթացը բազմաթիվ օղակների բաժանված լինելու հանգամանքով պայմանավորված խնդիրները: Մասնավորապես՝ նախարարությունը կազմակերպում է սննդամթերքի առանձին տեսակների գնման գործընթացներ, որոնց մի մասը չի կայանում, կնքված պայմանագրերը հաճախ միակողմանի լուծվում են պայմանագրային պարտավորությունները չկատարելու հիմքով և այլն: Արդյունքում խաթարվում է այս կամ այն սննդամթերքի մատակարարման գործընթացը և սննդի պատրաստման ժամանակ ստիպված այդ սննդամթերքը փոխարինվում է այլ սննդամթերքով, ինչը սակայն երբեմն արժանանում է ոչ դրական արձագանքի: Խնդիրներ են առաջանում նաև սննդի պատրաստման գործընթացում՝ կապված ձեռք բերվող սննդամթերքի և պատրաստվող սննդի որակի հետ: Մեկ այլ խնդիր է նաև Զինված ուժերում ձեռք բերված սննդամթերքի ընդունման և բաշխման շղթան՝ իր բազմաթիվ կոռուպցիոն ռիսկերով: Որպես խնդրի ճիշտ լուծում, ուսումնասիրելով նաև տվյալ ոլորտում միջազգային պրակտիկան, նախատեսվում է կոնսոլիդացնել նշված առանձին օղակները, որը հնարավոր է միայն պարենավորման կազմակերպումը մասնավոր անձին պատվիրակելու միջոցով: ՀՀ զինված ուժերում սննդի կազմակերպման գործընթացը մասնավոր գործընկերոջը պատվիրակելու փորձնական ծրագիրն իրականացնող հնարավոր ընկերություններ բացահայտելու և ծրագրի տեխնիկական առաջադրանքի և ֆինանսական գնահատականի հստակեցման նպատակով www.procurement.am և ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական www.mil.am կայքերում 2018 թ. դեկտեմբերի 4-ին հրապարակվել է հայտարարություն, որը տարածվել է նաև զանգվածային լրատվության այլ միջոցներով: Հետաքրքրվածության հայտեր են ներկայացրել երկու ընկերություններ, որոնց հայտերի ուսումնասիրման և գնահատման արդյունքները ներկայացվել են ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի նիստի քննարկմանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որոշման նպատակն է պետբյուջեով, առանց զինված ուժերի սննդի ապահովմանը հատկացված միջոցներն ավելացնելու՝ մի քանի անգամ բարձրացնել սննդի որակը: «Նպատակը շատ լավն է, և այն գործընկերները, որոնք պետք է ներգրավվեն, պետք է պարտավորություն ունենան կապիտալ նորոգել ճաշարանները, բարձրացնել սննդի որակի, մատակարարման և անվտանգության մակարդակը, պաշտպանել աշխատատեղերը՝ վերապատրաստումների միջոցով նույն մարդկանց ներգրավելով»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս հարցում պետք է բացառվեն կոռուպցիոն ռիսկերը և օր առաջ զինվորների սննդի որակի հարցը լուծեն: «Մենք այստեղ պետք է 100 տոկոսով վստահ լինենք, որ կոռուպցիոն որևէ ռիսկ չունենք: Այս ընթացքում մենք աշխատել ենք այդ պրոբլեմի վրա, ներգրավվել են իրավապահ մարմինները, արել ենք բացահայտումներ և այլն, բայց դրանից իրականությունը, ճիշտն ասած, չի փոխվել: Իհարկե, շատ մեծ, էական փոփոխություններ արվել են, բայց դրանք շրջադարձային համարել չի կարելի: Հիմա մեր խնդիրն է այս մեխանիզմով ապահովել շրջադարձային փոփոխություն, որը կլինի հեղափոխական մեր զինվորներին սնունդ մատակարարելու առումով», - ընդգծել է վարչապետը:

Օրենսդրական նախաձեեռնություններ

Նախատեսվում է ներդնել ընդերքօգտագործողների իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմներ
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծերի ընդունումը կհանգեցնի ոլորտային օրենսդրական համապարփակ կարգավորումների ամրագրմանը, ինչպես նաև կնպաստի իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմների ներդրմանը: Մասնավորապես, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել իրական սեփականատերերի հասկացությունը՝ միաժամանակ սահմանելով նաև քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը: Ստուգման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակով քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը նախագծով նույնացվել է «Հանրային ծառայության մասին» օրենքով շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց (բացառությամբ՝ քննիչների) և վերջիններիս ընտանիքի անդամների շրջանակին: Նախագծով սահմանվել են նաև իրավաբանական անձանց, ինչպես նաև իրավաբանական անձ- ֆիզիկական անձ փոխկապակցվածության դեպքերը: Առանձին հոդվածով սահմանվել է իրական սեփականատիրոջ բացահայտման պարտականություն ունեցող իրավաբանական անձի վերաբերյալ միասնական գրանցամատյանում գրառվող տեղեկությունների շրջանակը: Վերոնշյալ նախագծով կարգավորվել են նաև իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու կարգը, իրական սեփականատեր գրանցելու և գրանցման մեջ փոփոխություններ կատարելու ժամկետները: «Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքով սահմանվել է, որ հայտարարատուն կրում է շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն անկախ իրավաբանական անձին բաժնեմասնակցության չափից: Ընդերքի մասին օրենսգրքում լրացվել են իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման մասին տեղեկանքի ներկայացման պահանջներ, որպես պատասխանատվության միջոց սահմանվել են ընդերքօգտագործման իրավունքի կասեցման և դադարեցման դրույթներ: Սահմանվել է նաև իրական սեփականատերերի փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքի՝ լիազոր մարմին ներկայացնելու պահանջ: Իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման դրույթները նախատեսվում է տարածել ընդերքօգտագործման բոլոր ձևերի վրա, ինչ հիմք է հանդիսացել նախագծում լրացնելու երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնություն հայցելու դիմումի մերժման հիմքեր:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ մի քանի ամիս առաջ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ներկայացրել է մի ուսումնասիրություն, որի համաձայն՝ հանքերի մեծ մասը որպես սեփականատեր գրանցված են օֆշորային ընկերություններ։ Այդ գրությունը հասցեագրվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը։ Վարչապետը կառավարության այսօրվա նիստում հանձնարարել է գրությունը վերահասցեագրել նաև իրավապահ մարմիններին. «Տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանի հանքերի մեծ մասը կառավարվում է մի կետից ու դա ինքնին տարօրինակ փաստ է։ Կարծում եմ՝ արժե, որ իրավապահ մարմինները զբաղվեն դրանով: Շատ կարևոր տեղեկություններ կան, որոնք պետք է ստուգվեն»:

Մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկով մեքենանները ՀՀ տարածք կարող են ներմուծվել մինչև 2019 թ. մայիսի 1-ը
Հավանության է արժանացել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռնվի ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնց ձեռք բերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թ. դեկտեմբերի 30-ը ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թ. մայիսի 1-ը:

Շուկայում մրցակցային հավասար պայմաններ ապահովելու նպատակով առաջարկվում է պետության կողմից ներմուծվող ցեմենտի վրա որոշակի սահմանափակումների կիրառում
Գործադիրը հավանություն է տվել նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է, մասնավորապես, հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (ցեմենտ) ներքին արտադրությունը խթանելու և ներմուծման փոխարինման միջոցով ներքին շուկան տեղական արտադրանքով ապահովելու անհրաժեշտությամբ։ Ըստ այդմ՝ հնարավորություն կընռեվի շուկայավարման մեխանիզմներով սահմանափակումներ կիրառել այնպիսի արտարդրատեսակների նկատմամբ, որոնք կարելի է արտադրել մեր երկրում` խթանելով տեղական արտադրությունը, օգտագործելով և զարգացնելով առկա հնարավորությունները: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում 2018 թ.-ին ցեմենտի տարեկան իրացման ծավալները կազմում են մոտ 680 հազար տոննա, որից 512 հազար տոննան արտադրվել է Հայաստանում, իսկ 168 հազար տոննան ներմուծվել է: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել են թե՛ արտադրության, թե՛ ներմուծման ծավալները` համապատասխանաբար 53.1 տոկոսով և 3.5 անգամ: Ներմուծման նման պայմաններում ցեմենտի տեղական արտադրող ընկերությունները կդադարեցնեն գործունեությունը և դրա արդյունքում ներմուծող ընկերությունները կարող են բարձրացնել ցեմենտի գները: Շուկայում մրցակցային հավասար պայմաններ ապահովելու նպատակով առաջարկվում է պետության կողմից ներմուծվող ցեմենտի վրա որոշակի սահմանափակումների կիրառում` ապահովելով տեղական արտադրողների համար հավասար մրցակցային դաշտ, սակայն այդ սահմանափակումը պետք է լինի այնպիսին, որը արտադրողներին «հանգստի ռեժիմի» հնարավորություն չի տա, այլ պայմաններ կստեղծի ինքնարժեքի իջեցման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տեղական արտադրողներն էլ պետք է ներդրումներ իրականացնեն տեխնոլոգիապես վերազինվելու, իրենց արտադրանքի ինքնարժեքը նվազեցնելու, մրցունակ դարձնելու ուղղությամբ: «Մեր կառավարության ծրագրում գրված է՝ տնտեսությունը պետք է լինի արտահանմանը միտված, հետևաբար մեր բոլոր արտադրողները պետք է այսպիսի ռազմավարական ընկալմամբ մոտենան իրենց գործունեությանը»,-ընդգծել է վարչապետը:

Նախատեսվում է կիրառել համաներում մի շարք վարչական տուգանքների և պետական տուրքի գծով տույժերի համար
Հավանության է արժանացել «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» ՀՀ օրենքի նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: ՀՀ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքով նախատեսված մի շարք վարչական տուգանքների և պետական տուրքի գծով տույժերի համար նախատեսվում է կիրառել համաներում: Մասնավորապես, նախատեսվում է վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել մինչև 2018 թ. օգոստոսի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 150.3-րդ հոդվածով և 137.2 հոդվածի 7-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը կամ դրա չվճարված մասը վճարելու պարտավորությունից, ինչպես նաև մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար մինչև 2019 թ. հունվարի 1-ը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց ազատել պետական տուրքի չվճարման համար հաշվարկված տույժերի վճարումից եթե սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մարվել են պետական տուրքի մայր գումարը:

Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել նաև «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

 Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. զենքի և զինամթերքի արտադրության ոլորտում կիրականացվի ավելի քան 3 մլրդ դրամի ներդրում

Գործադիրի որոշմամբ «Արսենալ ԼՏԴ» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից: Ներմուծվող ապրանքներն ընկերությունն օգտագործվելու են զենքի և զինամթերքի արտադրության մեջ (ք. Երևան)։ Նախատեսվում է իրականացնել 3 026 000 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում կստեղծվի 200 նոր աշխատատեղ՝ 250 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 44 400 000 000 ՀՀ դրամ։

Բավարարվել է նաև «ԷԿՈՍ-Մ» ՓԲԸ-ի ներկայացրած հայտը՝ «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն ստանալու համար: Ընկերությունը ազատ տնտեսական գոտում նախատեսում է ծավելել գործունեություն՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Ներդրումային ծրագրի ընթացքում արտահանման ընդհանուր ծավալները կկազմեն 3,8 մլն ԱՄՆ դոլար: Արտահանման ուղղություններն են ԵԱՏՄ, ԵՄ, ԱՄՆ, Մերձավոր Արևելք, Չինաստան, Հարավային Կորեա։ Ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումները կկազմի շուրջ 1,6 մլն ԱՄՆ դոլար: Արդյունքում կստեղծվի 57 նոր աշխատատեղ` մոտ 500 հազար դրամ միջին աշխատավարձով:

Միջազգային համագործակցություն. հավանության է արժանացել «ԵՄ-ն Հայաստանի համար. տարածքային զարգացում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությունը:

Հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության միջև «ԵՄ-ն Հայաստանի համար. տարածքային զարգացում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Համաձայնագրի հիմնական նպատակն է Հայաստանի հյուսիսային շրջաններում՝ ՀՀ կառավարության կողմից որպես փորձնական շրջաններ ընտրված Շիրակ, Լոռի և Տավուշ մարզերում, ընդհանուր և բալանսավորված ներառական աճի իրականացումը` խելացի և կայուն գյուղատնտեսության, նորարարական տուրիզմի և ստեղծագործական արդյունաբերության ճյուղերի խթանման միջոցով: Ծրագրի նպատակներն են՝ աջակցել և նախնական թափ հաղորդել շուկայահեն վենչուրային ընկերություններին, որոնք տարածքային բնորոշ մարտահրավերների լուծումներ են առաջարկում, թափ հաղորդել արագ աճի հնարավորություն ունեցող փոքր և միջին ձեռնարկություններին՝ ՀԸԳՀ գործիք ստեղծելու միջոցով դրանց սոցիալ-տնտեսական ազդեցության մակարդակը բարձրացնելու համար, խթանել բարենպաստ միջավայր՝ տարածքային վենչուրային ընկերությունների և փոփոխություններ իրականացնողների ազդեցությունն ընդլայնելու համար: Ծրագիրը կնպաստի ներդրումային և բարձր հավելյալ արժեքով գյուղատնտեսական և նորարարական զբոսաշրջության ոլորտի վենչուրային ընկերությունների հաջորդական շղթայի ստեղծմանը, Ստեղծարար կենտրոնի միջոցով ստեղծարար ոլորտներում (դիզայն, աուդիոտեսողական ոլորտ և նորարարություն) ձեռնարկատիրական տաղանդ ունեցող նոր սերունդ դաստիարակելուն, միջազգային շուկա միտված ներդրումային և նորարարական տեխնոլոգիական վենչուրային ընկերությունների հաջորդական շղթայի ստեղծմանը, Շիրակի մարզում ձմեռային մարզական հաստատությունների հիմնմանը և այլն: Նախատեսված աջակցության որոշ բաղադրիչների իրականացումը կապահովվի Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Ավստրիական զարգացման գործակալության (ADA), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ՝ Հարևանության ներդրումային հարթակի միջոցով: Համաձայնագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից` Եվրոպական հարևանության գործիքի շրջանակում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 31,250 մլն եվրո: Համաձայնագրի իրականացման ժամանակահատվածը կազմում է 72 ամիս:

Անդրադառնալով համաձայնագրին վարչապետ Փաշինյանը նշել է. «Հերթական անգամ քննարկում ենք խոշոր դրամաշնորհ ստանալու վերաբերյալ նախագիծը: Մենք այսպիսի դրամաշնորհներ այս ընթացքում կրկին ստացել ենք և առաջիկայում կրկին կստանանք: Երբ գումարում ենք այս դրամաշնորհների գումարները՝ աստղաբաշխական թվեր ենք ստանում: Եթե մենք ապահովենք այս գումարների արդյունավետ ծախսումը՝ չի կարող դա արդյունք ուղղակի չունենալ, չի կարող Հայաստանի քաղաքացին այս գումարների ծախսման արդյունքում իր վրա կոնկրետ փոփոխություն չզգալ: Հետևաբար, խնդիրը շատ պարզ է՝ մենք պետք է 100 տոկոսանոց երաշխիքներ ստեղծենք, որ ընդհանրապես պետական, վարկային, դրամաշնորհային միջոցները ծախսվեն նպատակային»:

Վարչապետը կառավարության անդամներին հորդորել է չթուլացնել զգոնությունը կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի հարցում: «Եթե մարդու կյանքում բան չի փոխվում՝ դա նշանակում է, որ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մեկը ինչ-որ մի բան գողանում է: Ուրիշ տարբերակ պարզապես չկա: Չեն կարող ամբողջական ոլորտներ տասնյակ միլիոնավոր դոլարներ մտնել, և ուղղակի ոչինչ չփոխվի, ամեն ինչ մնա նույնը և նույնիսկ վատանա: Կառավարության ներկայացուցիչներին ուզում եմ ասել հետևյալը՝ ոչ մի վայրկյան չպետք է զգոնությունը թուլանա կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի վերաբերյալ, ոչ մի վայրկյան: Այսօր էլ Հայաստանի Հանրապետությունում կաշառք վերցնում են, և այն, որ մենք ժամանակ առ ժամանակ ունենում ենք կոնկրետ փաստով ձերբակալություններ՝ դրա ամենաուղիղ ապացույցն է: Բայց եթե կա այդ երևույթը՝ նշանակում է, որ մենք ոչ թե պետք է ամիսը 1-2 այդպիսի հարցով ձերբակալություն ունենանք, այլ 10, 20 և ավելի: Ինձ չի հետաքրքրում ընդհանրապես՝ այդ մարդը գործող պաշտոնյա է, նախկին պաշտոնյա է, որ կուսակցության ներկայացուցիչն է, իմ ընտանիքի անդամ է, հարևանի ընտանիքի անդամ է: Հայաստանի Հանրապետության ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ: Սա է սկզբունքը: Հակառակ դեպքում մենք այս գումարները վերցնում ի՞նչ ենք անում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է այս հարցի վրա բոլորն առանձնահատուկ ուշադրություն դարձնեն և այդ ուղերձը հստակ գիտակցեն:

Կառավարության որոշմամբ պահուստային ֆոնդից գումար կտրամադրվի ՀՀ քննչական կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով նշանակված փորձաքննության համար՝ Earth link & Advanced Resources Development (ELARD) միջազգային հավատարմագրված ընկերության հետ պայմանագիր կնքելու և հետագա գործընթացները կազմակերպելու նպատակով: 2018 թ. նոյեմբերի 8-ին վարչությունում քննվող քրեական գործով հայտարարվել է միջազգային հավատարմագրված ընկերությունների նախաորակավորման երկու փուլով մրցույթ՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվությունների փորձաքննման, ինչպես նաև հանքավայրի շահագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկերը պարզելու համար, քրեական գործով նշանակված էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, նյութագիտական, հողագիտական, քիմիական, տեխնոլոգիական, շինարարատեխնիկական և տնտեսագիտական համալիր փորձաքննության կատարմանը միջազգային հավատարմագրված ընկերություն ներգրավելու նպատակով:

 Այլ որոշումներ. դատավորները կներառվեն սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում

Դատավորների՝ պետական միջոցների հաշվին առողջության ապահովագրության պայմանները և չափը սահմանելու հետ կապված հարաբերությունները կարգավորելու, ինչպես նաև դատավորների՝ հանրային ծառայողի համար սահմանված սոցիալական երաշխիքներից օգտվելն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Այսպիսով, փոփոխություն է կատարվել կառավարության նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ դատավորներին ներառելով սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում: Հիմնավորման համաձայն՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ դատավորն ունի կառավարության սահմանած պայմաններով և չափով առողջության և դժբախտ պատահարներից պետական միջոցների հաշվին ապահովագրության իրավունք, ինչպես նաև՝ դատավորն օգտվում է նաև հանրային ծառայողի համար սահմանված սոցիալական երաշխիքներից: Բացի այդ, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ դատավորն ունի կառավարության սահմանած պայմաններով և չափով առողջության և դժբախտ պատահարներից ապահովագրության իրավունք, ինչպես նաև՝ Սահմանադրական դատարանի դատավորն օգտվում է հանրային ծառայողի համար սահմանված սոցիալական երաշխիքներից:

Անդրադառնալով հարցին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դատավորների հետ կապված հարցն արդի ժամանակաշրջանի կարևոր թեմաներից է: «Այստեղ խնդիրն առնչվում է ոչ միայն դատավորներին և դատարաններին, այլև՝ ՀՀ բոլոր քաղաքացիների անկախ դատական համակարգ ունենալուն և անկախ դատական համակարգի ծառայություններից օգտվելու իրավունքին: Գիտենք, որ այսօր մեր դատական համակարգում կան պրոբլեմներ և գիտենք մեր կառավարության վերաբերմունքը դատական համակարգի անկախության նկատմամբ: Կարծում ենք և համոզված ենք, որ մեր պետության զարգացման համար դատական համակարգի 100 տոկոսով անկախությունը կարևոր է»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի կարծիքով՝ պետք է գնալ այս ճանապարհով. «Եթե մենք ուզում ենք դատական համակարգ ունենանք, պետք է հնարավոր պայմանները ստեղծենք, որպեսզի մեր դատավորները առնվազն օբյեկտիվորեն սրա-նրա ձեռքին նայելու մեծ անհրաժեշտություն չունենան: Մի կողմից մենք պետք է շատ խստորեն պայքարենք կոռուպցիայի, ապօրինի և կամայական որոշումների դեմ, բայց մյուս կողմից պետք է քայլեր ձեռնարկենք, որ այս ապօրինի որոշումների ծագման սոցիալական բաղադրիչը հնարավորինս փոքրացնենք և նեղացնենք»:

Վարչապետը մեկ անգամ ևս կարևորել է բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ստացվող վճարների, աշխատավարձերի, պարգևավճարների թեմայով քննարկումներն ու ընդգծել. «Նախ կարևոր եմ համարում արձանագրել, որ մենք այսօր հասել ենք պետական կառավարման համակարգի թափանցիկության մի աննախադեպ մակարդակի, որը մեզ հնարավորություն է տալիս բաց, ուղիղ, ազնիվ, բայց հապճեպ և էմոցիոնալ քննարկում ունենալ և հասնել ճիշտ և բալանսավորված որոշումների»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է բարձրացվի պետական կառավարման համակարգի գրավչությունը որակյալ աշխատուժի համար, որովհետև այդ աշխատուժի որակից է կախված քաղաքացիների կյանքում տեղի ունեցող փոփոխությունների որակը, արագությունը և արդյունավետությունը: Այս առումով գործադիրի ղեկավարը կարևորել է կշռադատված որոշումների ընդունումը: «Պետական կառավարման համակարգը և պետությունը զգայուն է մարդու օրգանիզմի նման և այնտեղ ճիշտ չախտորոշված բուժումներ նշանակելը կարող է բերել մահացու հետևանքների, որոնք կարող են ազդել բոլորիս վրա: Բայց մյուս կողմից ես ուզում եմ արձանագրել, որ արդի քաղաքական շրջանը մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է առանձնահատուկ պատասխանատվություն՝ անկախ նրանից, թե պետական պաշտոնյաների, պետական կառավարման համակարգում ընդգրկված աշխատողների որ մասն է ընդգրկված եղել հեղափոխական գործընթացների մեջ, որ մասն է կողմնակից եղել, որ մասն է հակառակորդ եղել: Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության, պետական կառավարման բոլոր մարմինների խնդիրն է՝ գործել հեղափոխության բերած արժենքների տրամաբանության, ՀՀ օրենքների և Սահմանադրության շրջանակներում: Հեղափոխությունը հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը չէ, որտեղ հաղթողները պատերի տակ գնդակահարում են պարտվողերին կամ, պայմանական ասած, բաժանում են սպիտակների և կարմիրների, մեր դեպքում սևերի և սպիտակների, և ըստ այդմ են գործում: Սա սիրո և համերաշխության հեղափոխություն է և յուրաքանչյուրը պետք է փոխվելու, նոր արժեքային համակարգը որդեգրելու շանս ունենա, բայց, կարծում եմ, որ բոլորս գիտենք, որ հակառակի շանսը գոյություն չունի և գոյություն չպիտի ունենա: Այսինքն՝ բոլորն ունեին շանս նոր արժեքներին և համակարգին ինտեգրվելու և այդ արժեքները որդեգրելու, բայց նախահեղափոխական արժեքները, հարաբերությունները շանս չունեն վերակենդանանալու: Համենայն դեպս, ես՝ որպես ՀՀ վարչապետ, դա համարում եմ իմ անձնական պարտավորությունը և այդ արժեքների վերակենդանացման ցանկացած փորձ կկասեցվի ամենախիստ ձևով՝ լինի դա ասֆալստի վրա պառկացնելով, թե լինի դա պատերին տալով, թե լինի դա որևէ այլ, իհարկե օրինական, միջոցներով: Ես ուզում եմ, որ սա մենք բոլորս հստակ արձանագրենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության որոշմամբ հունիսի 9-ի ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: