ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եթե Ադրբեջանը Խոջալուի հարցով այդքան վստահ է իր ճիշտ լինելու վրա, թող դիմի դատարան. Արմինե Ադիբեկյան (ԲԱՑԱՌԻԿ)

Խոջալուում տեղի ունեցած դեպքերի, ինչպես նաև ադրբեջանական քարոզչության շուրջ «Արմեդիա» ՏՎԳ զրուցել է սոցիոլոգ, ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի հետ: 

 

- Տիկի'ն Ադիբեկյան, ո՞րն էր Խոջալուի գործողությունների անհրաժեշտությունը և ի՞նչ նշանակություն դրանք ունեցան պատերազմի հետագա ընթացքի վրա:

- Խոջալուն հետևանք է: Խոջալուի գործողություն չկար: Կար մի գործողություն` Ստեփանակերտի շրջափակման ճեղքման գործընթաց: Մի քանի ամիս Ստեփանակերտը եղել է բլոկադայի մեջ ու կապ չի կարողացել հաստատել ոչ մի հայաբնակ կենտրոնի հետ` ո'չ Լեռնային Ղարաբաղի, ո'չ էլ Հայաստանի: Այնտեղ 50,000 մարդ առանց սնունդի առավոտից երեկո ռմբակոծությունների տակ է եղել: Եվ բնական է, որ այդ իրավիճակը պետք է փոխվեր, այդ շրջափակումը պետք էր ճեղքել: Ու առաջին ամենանպատակահարմար կետը Խոջալուն էր` մի քանի պատճառներով:

Առաջինը, Խոջալուն մնացած հինգ բնակավայրերից մեկն էր, որտեղից «Ալազանով» ռմբակոծվում էր Ստեփանակերտը, երկրորդը` Խոջալուն գտնվում էր Լեռնաին Ղարաբաղում գտնվող միակ օդանավակայանի մոտ և օդանավակայանը կառավարվում էր Խոջալուի կողմից: Եվ երրորդը` Խոջալուն գտնվում էր միակ խճուղու վրա, որը կապում էր Ստեփանակերտն Արցախի մնացած հայաբնակ և ոչ հայաբնակ բնակավայրերի հետ: Այսինքն` գտնվում էր Ստեփանակերտ–Ասկերան ճանապարհի վրա: Այս երեք հիմնական պատճառով է հենց այդ ուղղությամբ սկսվել Ստեփանակերտի ապաշրջափակման գործընթացը:

Առաջին հերթին մենք կարողացանք մեր հսկողության տակ վերցնել օդանավակայանը, կարողացանք կապ հաստատել երկրորդ հայաբնակ ու մեծ բնակավայրի հետ` Ասկերանի, և կարողացանք մի շատ կարևոր կրակակետ լռեցնել: Այսինքն` Խոջալուի կողմ ընկած Ստեփանակերտի հատվածն արդեն չէր ռմբակոծվում ու մարդիկ կարող էին հանգիստ վերադառնալ իրենց բնակավայրերը:  

-Ադրբեջանն այս օրերին ակտիվ քարոզչություն է իրականացնում տվյալ թեմայով: Որպես երկար ժամանակ այս թեմայով զբաղվող մասնագետ, կարո՞ղ եք ասել` ինչ քայլեր պետք է ձեռնարկել ադրբեջանական քարոզչությանը հակազդելու համար:

-Բոլոր քայլերը ձեռնարկված են, բոլոր կեղծարարությունները բացահայտված են, բոլոր ստերը հանված են ջրի երես: Ընդամենը պետք է կարդալ, տեղյակ լինել և հասկանալ, թե ինչքան խղճուկ վիճակում է գտնվում ադրբեջանական քարոզչությունը: Ինչ-որ պետք է, արդեն արված է: Այս թեմայով գոյություն ունի xocali.net կայքը, որտեղ հավաքված և զետեղված են բոլոր կեղծարարությունները: Գոյություն ունեն հոդվածներ, ֆիլմեր, գրքեր, որոնք կարելի է բացել և ուսումնասիրել:  Եթե Ադրբեջանն այդքան վստահ է իր ճիշտ լինելու վրա, թող դիմի դատարան: Ես մեծ հաճույքով այդ դատին կմասնակցեմ որպես մասնագետ:

- Խոջալուի դեպքերի վերաբերյալ ի՞նչ ուղերձ կցանկանայիք փոխանցել հասարակությանը:

- Առաջին ուղերձը` կարդացե'ք ու տեղյակ եղե'ք և երբեք չփորձե'ք ընկնել ադրբեջանական քարոզչության ազդեցության տակ: Եթե Ադրբեջանը վստահ է իր ճիշտ լինելու մեջ, ապա հանգիստ կարող է դիմել միջազգային դատարան: Հայաստանը պատրաստ է իրադարձությունների նման  զարգացմանը:  

Զրուցեց Արփինե Մելիքյանը


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 0 կմ/ժ
    10 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: