ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփ-Կիմ Չեն Ին գագաթաժողով. կողմերը հայտնվել են փակուղում

Reuters

Վիետնամի մայրաքաղաք Հանոյում ավարտվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի թվով երկրորդ գագաթաժողովը: Չնայած կողմերը նշում են, որ բանակցություններն անցել են բավականին լավ, կառուցողական մթնոլորտում, այնուամենայնիվ, դրանց արդյունքում նախատեսված փաստաթղթերը չստորագրվեցին: Ավելին, բանակցություններն ավարտվեցին ծրագրվածից շուտ. վերջին պահին չեղարկվեց Թրամփի և Կիմ Չեն Ինի համատեղ ճաշը:

Ավելի ուշ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ փաստաթուղթը չի ստորագրվել, քանի որ Փհենյանը ցանկացել է Յոնբենի միջուկային օբյեկտի ապամոնտաժման դիմաց բոլոր պատժամիջոցների չեղարկում: Թրամփի խոսքերով` պայմանավորվածությունների բացակայությունը երկկողմ որոշում է: Միևնույն ժամանակ նա նշել է, որ Կիմ Չեն Ինը խոստացել է այլևս միջուկային և հրթիռային փորձարկումներ չիրականացնել:

Հյուսիսային Կորեայի առաջնորդը, կարծես թե, անկեղծ է ապամիջուկայնացում իրականացնելու իր մտադրությունում, սակայն այդ ուղղությամբ ակտիվ գործնական քայլերի չի գնում ԱՄՆ նկատմամբ ունեցած անվստահության պատճառով: Հիշեցնենք, որ Իրանի միջուկային գործարքից ԱՄՆ դուրս գալու մասին Թրամփի որոշումից հետո սա կողմերի առաջին հանդիպումն է, և այն, ի տարբերություն նախորդ երկուսի, այդքան էլ արդյունավետ չէր: Փհենյանում կարծես թե վստահ չեն, որ ԱՄՆ-ը կպահպանի իրենց հետ պայմանավորվածությունները: Վերջին ամիսներին Փհենյանը բազմիցս հայտարարել է, որ ապամիջուկայնացման հարցում նոր քայլեր ձեռնարկելու համար ակնկալում է նախ ԱՄՆ կողմից որոշակի պատժամիջոցների չեղարկում: Վաշինգտոնն իր հերթին կտրականապես մերժում է որևէ պատժամիջոցի չեղարկում մինչև Կորեական թերակղզու լիակատար ապամիջուկայնացումը:

Հանոյի բանակցությունները ցույց են տալիս, որ կողմերը հայտնվել են որոշակի փակուղային իրավիճակում: Մի կողմից, երկուսի մոտ էլ մեծ ցանկություն կա՝ վերջ դնելու Կորեական թերակղզու միջուկայնացմանը. Թրամփի համար կարևոր է 2020 թվականի նախագահական ընտրություններից առաջ արտաքին քաղաքականությունում ունենալ հաջողության պատմություն` հատկապես Իրանի միջուկային գործարքից դուրս գալու, Սիրիայում և Աֆղանստանում առնվազն առերևույթ պարտվողական քաղաքականության, Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումների ֆոնին: Հյուսիսային Կորեայի համար միջազգային և հատկապես տնտեսական շրջափակումը դառնում է անտանելի, այդկերպ շարունակվելու դեպքում չի բացառվում, որ մոտ ապագայում երկրում  մարդասիրական աղետ սկսվի: Մյուս կողմից կա որոշակի անվստահության մթնոլորտ` ավելի վճռական գործողությունների դիմելու համար:

Հաշվի առնելով այս ամենը` ենթադրվում է, որ առաջիկայում Վաշինգտոնն ու Փհենյանը դեռ կշարունակեն քաղաքական խորհրդակցությունները, սակայն հավանականություն փոքր է, որ դրանք լուրջ արդյունքներ կտան: Այս մասին է վկայում նաև Կիմ Չեն Ինի հետ հաջորդ գագաթաժողովի բավականին մշուշտ լինելու մասին Թրամփի հայտարարությունը:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: