ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ոչ թե մեծ գումարներ, այլ մեծ սիրտ. Ցարական Ռուսաստանի ամենահարուստ հայը՝ «նավթի թագավոր» Ալեքսանդր Մանթաշով

Auroraprize.com

1910 թվականի հունվարի 2-ին «Սանկտ Պետերբուրգի Նորություններ»-ը  հայտնեցին. «...փոքր ամանորյա ընդունելությանը ներկա էին Ամենայն Ռուսիո Նորին Մեծություն կայսրը և նրա ընտանիքը, հրավիրված էին նաև Ռուսաստանի 20 ամենահարուստ մարդիկ: Ռուսաստանի քաղաքացիներ (չենք խոսում ​​ազգության և կրոնի մասին) Նիկոլայ II-ի ընդունելությանը միայն երեքն էին՝ ֆինանսիստ և արդյունաբերող Պուտիլովը, նավթաարդյունաբերող Մանթաշովը և Վրաստանի իշխան Չիկովանին: Հյուրերի թվում էին նաև նավթարդյունահանող բազմաթիվ ընկերությունների սեփականատեր Նոբելը, բանկիր Ռոտշիլդը և գործարանատեր Զինգերը: Նրանց հաջորդում են ավտոմոբիլային մագնատ Չենդլերն ու շոգենավերի ընկերությունների սեփականատեր Շմետսխենը, գրում է Nnoev-kovcheg.ru-ն:

Ալեքսանդր Մանթաշովը (Մանթաշյանց) ծնվել է 1842 թ-ին Թիֆլիսում, առևտրականների ընտանիքում: Մանթաշովի մանկությունն ու երիտասարդությունն անցել են պարսկական Թավրիզ քաղաքում, որտեղ հայրը զբաղվում էր առևտրով: Որպես միակ որդի՝ նա օգնում էր հորը առևտրային բիզնեսում:

1869 թ.-ին Մանթաշովը տեղափոխվեց Մանչեսթր՝ խոշոր արդյունաբերական քաղաք, որտեղից նա ուղղակիորեն ապրանք էր մատակարարում իր հորը Թավրիզում: Մանչեսթրյան այդ շրջանը կարևոր դեր է խաղացել երիտասարդ Մանթաշովի զարգացման հարցում: Այնտեղ նա խորությամբ ուսումնասիրել է եվրոպական բիզնեսը, սերտել է անգլիական մշակույթը, յուրացրել անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուները:

1872 թ.-ին Թավրիզ վերադառնալուց հետո նա և հայրը փակեցին իրենց բիզնեսը և վաճառեցին ունեցվածքը՝ տեղափոխվելով իրենց հայրենի Թիֆլիս: Շուտով Էրիվանի հրապարակում՝ «Կովկաս» հյուրանոցի առաջին հարկում, Մանթաշովները կտորեղենի առաջին խանութն են բացում, ապա` երկրորդը՝ ընդլայնելով տեքստիլի մեծածախ առևտուրը:

1886 թ.-ին Ալեքսանդրը կորցրեց իր մորը: Մեկ տարի անց, վշտից հյուծվելով, հայրը ևս հեռանում է կյանքից: Ժառանգելով ավելի քան 200 հազար ռուբլի կապիտալ՝ Ալեքսանդր Մանթաշովը ձեռք է բերում Թիֆլիսի Կենտրոնական առևտրային բանկի արժեթղթերի մեծ մասը, որոնք բարձր էին գնահատվում Սանկտ Պետերբուրգի ֆոնդային բորսայում: Շուտով Առաջին գիլդիայի վաճառական Մանթաշովն արդեն բանկի հիմնական բաժնետեր և վարչական խորհրդի երկարամյա նախագահ է դառնում: Դառնալով Թիֆլիսյան դումայի խոսնակ՝ Մանթաշովը սկսում է մտածել նավթի ուղղությամբ, գրում է Noev-kovcheg.ru-ն:

Առանց վախի գործարարը շահույթ չհետապնդող հորեր է ձեռք բերում: Նավթամթերքի վերամշակման համար իր ստեղծած ընկերությունը Բաքվում նավթամշակման գործարան է բացում: Իսկ նավթի և վառելիքի փոխադրման համար նավ է կառուցվում: Շուտով հորերը սկսում են մեծ եկամուտներ բերել: Նավթը մատակարարվում է Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա, ինչպես նաև միջերկրածովյան երկրներ: 1899 թ. հիմնվել է «Mantashev & Co» նավթային և արդյունաբերական ընկերությունը:

Այնուհետև Մանթաշովը ձեռք է բերում մի քանի համաշխարհային նավթային ընկերությունների բաժնետոմսեր, որոնցից մեկը «Նոբելյան եղբայրներ» ընկերությունն էր: Նրա ընկերության մեջ ընդգրկված էր ընդհանուր նավթային ֆոնդի ավելի քան 50 տոկոսը և Կասպից ծովի նավթի պաշարների ավելի քան 66 տոկոսը:

Մանթաշովը ֆինանսավորել է Բաքու-Բաթումի` աշխարհում առաջին 835-կիլոմետրանոց խողովակաշարի շինարարությունը 1907 թ.-ին. նրան սկսել են կոչել «նավթային թագավոր»: 1899-ից մինչև 1909 թթ. ձեռք բերած կապիտալը գնահատվում էր 22 մլն ռուբլի, որն ամենամեծն էր ռուսաստանյան արդյունաբերության մեջ, գրում է ourbaku.com-ը:

Մանթաշովի Ժամանակակից, հայ գրականության դասականներից Ալեքսանդր Շիրվանզադեն նկարագրել է նրան այս կերպ. «Դա ոչ թե մեծ գումարների հարց էր, այլ մեծ սրտի, որն ամենակարևոր դերն է խաղացել Մանթաշովի բարեգործության մեջ: Նա ոչ թե դատարկ փառասիրության կամ հետին դիտավորության պատճառով է հսկայական գումարներ նվիրաբերել, այլ` զգայուն հոգու թելադրանքով»:

Տասներկու համախոհների հետ միասին Մանթաշովը Թիֆլիսում հիմնել է «Հայկական բարեգործական հասարակությունը Կովկասում»: Նա 300 հազար ռուբլի է հատկացրել, որով կառուցվել է Ներսեսյան հոգևոր ակադեմիայի նոր շենքը: 1910-ին Սուրբ Էջմիածնին նվիրաբերած 250 հազար ռուբլի միջոցով կառուցվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը:

Մանթաշովը ֆինանսավորել է 50 տաղանդավոր հայ երիտասարդների ուսումը Ռուսաստանի և Եվրոպայի լավագույն բուհերում: Հետագայում նրանցից շատերը զարգացրել են հայկական մշակույթն ու գիտությունը, այդ թվում՝ հայկական դասական երաժշտության հիմնադիր Կոմիտասը:

Սակայն Մանթաշովի ամենավառ քայլն, անկասկած, եղել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցու կառուցումը Փարիզի Ժան Գուժոն փողոցում: Գործարարն, ինքն իր հանդեպ հեգնանքով, բացատրել է, թե ինչու է նման գումարներ նվիրաբերել Փարիզի հայկական եկեղեցու կառուցմանը. «Դա այն քաղաքն է, որտեղ ես ամենից շատ մեղքերն եմ գործել»: Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցին հայկական սփյուռքի ամենագեղեցիկ տաճարներից է: 1904 թ.-ին շինարարության ընթացքում Մանթաշովը ծախսել է 1 մլն 540 հազար ֆրանկ, ինչի համար Ֆրանսիայի նախագահն Ալեքսանդրին պարգևատրել է Պատվո լեգեոնի շքանշանով:

Ալեքսանդր Մանթաշովը թատրոնի մեծ երկրպագու էր: Թիֆլիսում, նրա ֆինանսական աջակցությամբ, կառուցվել է Պիտոևսկու անվան թատրոնի շենքը (այսօր Շոթա Ռուսթավելու անվան Վրաստանի պետական ​​ակադեմիական թատրոն): Նա երազում էր Երևանում ևս նմանատիպ թատրոն կառուցել, սակայն ժամանակը չբավարարեց:

Մանթաշովը համեստ մարդ էր, չէր սիրում գովազդել իր հարստությունը: Ոսկի չէր կրում, և հագուստի նրա միակ ձևավորումը բնական ծաղիկն էր` կրծքին ամրացրած: Նա չուներ թիկնապահներ, քայլում էր ոտքով կամ երթևեկում էր տրամվայով:

Ալեքսանդր Մանթաշովը մահացել է 1911 թ.-ի ապրիլի 19-ին Սանկտ Պետերբուրգում: Նրան հուղարկավորել են Թբիլիսիի Վանք եկեղեցու գերեզմանատանը` կնոջ կողքին, սակայն 1938-ին Լ. Բերիայի հրամանով տաճարը քանդվեց: Տաճարի քանդմանն աջակցելու համար հավաքում էին հայերի «կամավոր» պահանջները: Ալեքսանդր Մանթաշովի և կնոջ գերեզմաններն այդպիսով անհետ կորան:


Հետաքրքիր փաստեր 

  • Ալեքսանդր Մանթաշովն ունեցել է ութ երեխա՝ չորս որդի՝  Հովհաննեսը, Լևոնը, Հովսեփը, Գևորգը (Գիգոն) և չորս դուստր՝ Աննան, Նադեժդան, Բարբարան և Թամարան: Մանթաշովի մահվանից քառասուն օր անց ընտանիքի անձնական նոտարը բացեց նրա կտակը: Թիֆլիսում գտնվող նրա ողջ անշարժ գույքն արժեր ավելի քան երեք միլիոն ռուբլի, որը նա որդիներին հանձնեց`առանց վաճառելու կամ գրավադրելու իրավունքի: Տեսնելով, թե որքան հաճախ է Հովհաննեսը հիվանդանում, հայրը նրան հանձնել էր իր ունեցվածքի առյուծի բաժինը: Մնացած մասը հավասարապես բաժանել էր մնացած ժառանգների միջև: Նույն կտակով նախատեսվում էր, որ գույքը փոխանցվի այն թոռներին, որոնք ծնվել են հայ-առաքելական հավատքի տեր կանանցից:
  • Ոչ մի փաստաթուղթ չէր ստորագրվում առանց Մանթաշովի անձնական հայերեն գրառման՝ «Աստծով»:
  • Մարդիկ Մանթաշովից հաճախ էին փող խնդրում իրենց սեփական կարիքների համար. Մեկը` բիզնեսի բարգավաճման, մյուսը` երեխայի հարսանիքի կամ բնակարան ձեռք բերելու համար, շատ պատճառներ կային... Մանթաշովը որևէ մեկին գումար փոխանցելուց առաջ հարցնում էր դրա նպատակը, քանի որ դեմ էր փողը անիմաստ վատնելուն: Եղել է դեպք, որ մի մարդ Մանթաշովից խնդրել է 320 ռուբլի, և այն հարցին, թե ինչու է նրան այդ գումարը պետք, պատասխանել է, որ իր միակ որդին ամուսնանում է, և նա ուզում է ճոխ հարսանիք կազմակերպել, իսկ Մանթաշովը պատասխանել է, որ փող չկա, և մոտ ապագայում չի էլ լինի: Բառացիորեն մի քանի օր անց մեկ այլ մարդ մոտեցել է նրան և խնդրել 450 ռուբլի մսի խանութ բացելու համար: Մանթաշովը հարցրել է, թե որտեղ է այն լինելու, և 2 օր անց նրան հրավիրել է տուն, ապա ասել, որ իր հաշվարկները սխալ են, և որ 450 ռուբլու փոխարեն նրան 2200 ռուբլի է պետք այդ գործը գլուխ բերելու համար: Նա միշտ ողջունել և գնահատել է այն մարդկանց, ովքեր կյանքի նպատակ ունեին և ուզում էին ինչ-որ բանի հասնել:
  • Ստեփան Շահումյանը, 1898 թ.-ին ավարտելով Թիֆլիսի ռեալական վարժարանը, որը հիմնադրվել էր Մանթաշովի կողմից, դարձավ ամենափոքր տղայի՝ Գիգո-Գևորգիի ուսուցիչը: Ուսուցիչն այնքան դուր եկավ տղայի հորը, որ նա նույնիսկ Ստեփանին առաջարկեց իր դստեր Նադեժդայի ձեռքը՝ 200 հազար ռուբլի օժիտով և  մենեջերի աշխատանքով: Շահումյանը հրաժարվեց:
  • Նավթային մագնատի մտերիմներից Առաքել Սարուխանը հրատարակել է մի գիրք, որում նա արտահայտել է իր անսահման սերը Մանթաշովի հանդեպ և հիացմունքը` նրա բիզնես խորաթափանցությամբ. «Ես գրում եմ Մանթաշյանց՝ (վերջում «ց»), քանի որ մահացածը հայերեն Մանթաշյանց էր ստորագրում, ռուսերեն՝ Մանթաշով, իսկ օտար լեզուներով Mantacheff». Մանթաշովն ինքն ասում էր, «Նման փոփոխություններն անվան տառերի մեջ որևէ կերպ չեն փոխում ժողովրդին օգտակար լինելու իր ցանկությունը»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: