ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ նորանշանակ դեսպանն այսօր առաջին անգամ այցելել է Հայաստանի Ազգային ժողով

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Արարատ Միրզոյանը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք ի նպաստ երկու երկրների բարօրության ու բարգավաճման: Ընդգծելով, որ Միացյալ Նահանգները Հայաստանի կարեւոր գործընկերներից է՝ խորհրդարանի ղեկավարը փաստել է, որ մեր երկիրը մեծ նշանակություն է տալիս երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը եւ զարգացմանը:

Ազգային ժողովի նախագահը երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման համատեքստում ընդգծել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկայում վերաձևավորվելիք Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը կարևոր օղակ են օրենսդիր մարմինների միջև կապերի զարգացման գործում:

Միացյալ Նահանգների հետ քաղաքական երկխոսության խորացման հարցում Արարատ Միրզոյանը կարևորել է գոյություն ունեցող մեխանիզմների՝ USATF-ի և TIFA խորհրդի դերը:

Օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր է գնահատել ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական զարգացման, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործում ԱՄՆ կողմից ավելի քան 25 տարի ցուցաբերվող աջակցությունը:

Արարատ Միրզոյանը, խոսելով մեր երկրում իրականացվող բարեփոխումների շարունակական գործընթացից, նշել է. «Ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու ազատությունները, կոռուպցիայի դեմ պայքարը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը մեզ համար սոսկ բառեր չեն, դրանք հիմնարար արժեքներ են, և Հայաստանն անշեղորեն գնալու է այդ ճանապարհով: Կոչ եմ անում միջազգային մեր գործընկերներին, նաև Միացյալ Նահանգներին կանգնել մեր կողքին և աջակցել մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը»:

Դեսպանն անդրադարձել է երկու երկրների համագործակցության ուղղություններին, հետագա ծրագրերին ու անելիքներին: Նա ևս կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ կապերի ամրապնդման հարցում:

«Պատիվ է հանդիպել Ձեզ հետ Ազգային ժողովի նախագահ և վերահաստատել Միացյալ Նահանգների ամուր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական հաստատություններին»,- ընդգծել է Լին Թրեյսին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում փոխգործակցության խթանմանը, ուր չօգտագործված մեծ ներուժ կա:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: