ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կառավարությունը նախատեսում է մի շարք բարեփոխումներ իրականացնել կենսաթոշակային ոլորտում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել 2011 թ. մայիսի 5 ի ««Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» համապատասխան որոշման մեջ: Մասնավորապես, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի կենսաթոշակի իրավունքի իրացմանն առնչվող դրույթներում 2018 թ. հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի համար եկամտային հարկը փոխարինվել է շահութահարկով: Սահմանվել են ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով (պատճառական կապով) հաշմանդամ ճանաչված անձի կենսաթոշակ նշանակելու կամ չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու կարգ: Սահմանվել է, որ եթե հաշմանդամ ճանաչված անձը հիվանդանոցային պայմաններում բուժվում է օտարերկրյա պետությունում, ապա նրա կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև այլ անձ: Հստակեցվել է նաև, որ ՀՀ քաղաքացու` միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու ժամանակահատվածները հաշվառվում են աշխատանքային ստաժում, եթե օրենքով սահմանված դեպքում նրա համար կենսաթոշակային վճար է կատարվել ՀՀ պետբյուջե: Սահմանվել է նաև, որ կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելիս կենսաթոշակառուն ներկայացնում է միայն աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառելու դիմում. վերացվել է աշխատած լինելու մասին տեղեկանք ներկայացնելու պահանջը: Չի դադարեցվի նաև հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարվելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը, իսկ մանկատանն ապրող երեխային որդեգրելու դեպքում մանկատանն ապրած ամբողջ ժամանակահատվածում կուտակված կենսաթոշակի գումարը վճարվում է որդեգրողին:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ոլորտում նախատեսվող կարգավորումները և հանձնարարել նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ իրականացնել պատշաճ լուսաբանում, որպեսզի քաղաքացիները ստեղծված հնարավորությունների մասին տեղեկություն ստանան:


Խթանվում է անասնապահության զարգացումը

Կառավարությունն ընդունել է «Գույք նվիրաբերելու մասին» որոշում՝ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» ֆինասավորման և երկրորդ ծրագրի վարկային համաձայնագրերով նախատեսված ծրագրերի շրջանակներում ձեռք բերված անասնաբուժական սարքավորումների, գործիքների, գյուղատնտեսական տեխնիկայի և կառուցված ջրարբիացման համակարգերի հետագա շահագործումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ծրագրերով աջակցություն է ցուցաբերվել համայնքներում և ֆերմերային տնտեսություններում իրականացվող անասնաբուժական ծառայությունների մատուցման ոլորտին, համայնքների արոտավայրերի ջրարբիացման բարելավմանը և ստեղծված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներին գյուղատնտեսական տեխնիկայով ապահովմանը: Որոշմամբ՝ ձեռք բերված անասնաբուժական սարքավորումներն ու գործիքները կնվիրաբերվեն «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին: Վերջինս այդ գույքն անհատույց օգտագործման իրավունքով կհանձնի համաձայնագրի պահանջներին համապատասխան չափորոշիչներով ընտրված, համայնքներում անասնաբուժական գործունեություն իրականացնող անասնաբույժներին, ջրարբիացման համակարգերը կնվիրաբերվեն նույն համայնքներին, իսկ արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվների համար ձեռք բերված գյուղատնտեսական տեխնիկան` համապատասխան կոոպերատիվներին: Արդյունքում՝ առնվազն 20 համայնքի անասնաբույժ կապահովվի անասնաբուժական նորագույն սարքավորումներով ու գործիքներով, 12 համայնքի արոտավայր կապահովվի ջրարբիացման համակարգով, արոտօգտագործողների 19 սպառողական կոոպերատիվ կապահովվի գյուղատնտեսական տեխնիկայով:

Անդրադառնալով անասնաբուժական ծառայությունների մատուցման խնդրին՝ վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է դրանք արտապատվիրակել մասնավորին:

«Մենք տարածքներում պետք է ունենանք անասնաբուժական կենտրոններ, որոնց կաջակցենք տեխնիկական և մասնագիտական պատշաճ մակարդակ ունենալու հարցում: Պետական ծրագրերը պետք է իրականացնենք այդ կենտրոնների միջոցով, որովհետև հիմա զուգահեռ երկու մեթոդ ունենք աշխատելու: Կներեք այս ձևակերպման համար, մենք ունենք մեկ նորմալ անասնաբուժություն, մեկ հատ էլ պետական անասնաբուժություն՝ սրանից բխող բոլոր հետևանքներով: Մենք պետք է այս կառույցներն ուժեղացնենք, և սա պետք է լինի մեր ռազմավարությունը: Մեր պետական ծառայությունները պետք է արտապատվիրակենք: Սա նաև ֆինանսական աջակցություն է, և կարծում եմ՝ եթե ոչ ծառայությունների գինը, ապա առնվազն որակն այս մեթոդով մեծացնելու հնարավորություն կունենանք»,- ասել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անհրաժեշտ է առաջ գնալ այս ռազմավարությամբ, որը ոլորտային միջոցառումների ծրագրում պետք է առանձնահատուկ նշվի որպես ուղղություն: «Սա չի նշանակում, որ պետական ծրագրերի իրականացման պրոցեսում լավ մասնագետներ չկան: Այստեղ մոտիվացիայի, իրենց աշխատանքի անընդհատականության, ինչպես նաև պրոֆեսիոնալ մակարդակը շարունակաբար բարձրացնելու խնդիր է»,-նշել կառավարության ղեկավարը:

Կառավարության նիստում քննարկվել է նաև, մասնավորապես՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեությունը դադարեցնելու, վերջինիս լիազորությունների մի մասի իրականացումը նախարարությանը վերապահելու վերաբերյալ որոշման նախագծերը: Քննարկվել է նաև ԾԻԳ-ի որոշ գործառույթների իրականացման համար «Գյուղական ֆինանսավորման կառույց» ՓԲԸ ստեղծելու հարցը:

Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարել նոր կառույցի ստեղծումը, քանի որ վերջինիս վերապահված գործառույթները կարող է իրականացնել, օրինակ՝ նախարարության վարչությունը: Վարչապետի առաջարկությամբ համապատասխան որոշման նախագծերը հանվել են օրակարգից՝ լրամշակված տարբերակներով ներկայացնելու համար:


Արտոնություններ են տրամադրվել հերթական ներդրումային ծրագրերին


Կառավարության որոշումներով ներդրումային ծրագրի շրջանակում «Էյ ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ն կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու և մաքսատուրքից ազատելու արտոնություններից: Ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզում հիմնել և գործարկել ամբողջությամբ ավտոմատացված, միջազգային չափանիշներին համապատասխանող աղբյուրի և հանքային ջրի շշալցման գործարան։ Արտադրական փուլը նախատեսվում է սկսել 2019 թ. մայիսից։ Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը կիրականացնի 13,2 մլրդ ՀՀ դրամի ներդրում: Այս պահի դրությամբ արդեն իսկ իրականացվել է 7,9 մլն եվրոյի ներդրում (հողի ձեռքբերում, շինարարական աշխատանքներ, վարչական ծախսեր): Մինչև 2022թ.-ը կստեղծվի 141 նոր աշխատատեղ՝ 422 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ներկա դրությամբ արդեն իսկ ստեղծված է 16 աշխատատեղ (վարչական անձնակազմ): Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր տարեկան ծավալը նախատեսված է 1,7 մլրդ ՀՀ դրամից մինչև 2022թ.-ը հասցնել մինչև 20,6 մլրդ ՀՀ դրամի: Արտադրանքի հիմնական մասը կարտահանվի Ռուսաստան, իսկ որոշակի մասը կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 115 055 120 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 7 005 601 ՀՀ դրամ:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է արտահայտել կառավարության կամքն այս և նման այլ ծրագրերին աջակցություն ցուցաբերելու հարցում:

Գործադիրի համապատասխան որոշումներով նույն արտոնություններից կօգտվի նաև «Արմտեքս Գրուպ» ՍՊԸ-ն: Ընկերությունը Շիրակի մարզի ք. Գյումրիում նախատեսում է զբաղվել տեքստիլի արտադրությամբ, որտեղ կարտադրի բարձր որակի ներքնաշոր՝ կատարելով 601 մլն դրամի չափով ներդրում։ Արդյունքում՝ երեք տարվա ընթացքում կստեղծվի 40 նոր աշխատատեղ` 94 հազար դրամ միջին աշխատավարձով: Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 420 000 000 ՀՀ դրամ, որից 50 000 000 ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի Ռուսաստանի Դաշնությունում, 370 000 000 ՀՀ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում (ԱՄՆ, Կանադա)։ Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 36 000 000 ՀՀ դրամ:

Մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվեն նաև «Նիկոլա ինթերնեյշնլ, Արմենիա», «Ռիբեկ» և «Էֆարվի Մարսիկ» ընկերությունները:

«Նիկոլա ինթերնեյշնլ, Արմենիա» ՍՊԸ-ն ներմուծվող հումքն օգտագործելու է ձիթապտղի վերամշակման և արտադրության մեջ (Կոտայքի մարզ): Ընկերությունը նախատեսում է իրականացնել 1 700 000 000 ՀՀ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար: Ներկայում առկա է 100 աշխատատեղ՝ 120 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով, ծրագրի շրջանակում կստեղծվի ևս 30-40-ը։ Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 6 100 000 000 ՀՀ դրամ, որից 3 800 000 000 ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 2 300 000 000 ՀՀ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրներում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 1 700 000 000 ՀՀ դրամ։ Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 255 000 000 ՀՀ դրամ:

«Ռիբեկ» ՍՊԸ-ն գործում է թեթև արդյունաբերության բնագավառում և ներմուծվող ապրանքներն օգտագործելու է երեխաների և կանացի ներքնազգեստի և հագուստի արտադրության մեջ (ք. Չարենցավան)։ Արդեն իսկ իրականացվել է 70 000 000 ՀՀ դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։ Նախատեսվում է իրականացնել ևս 480 000 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում կստեղծվի 50 նոր աշխատատեղ՝ 100 000 - 150 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 720 000 000 ՀՀ դրամ, որից 130 000 000 ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 440 000 000 ՀՀ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների, 150 000 000 ՀՀ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 234 250 000 ՀՀ դրամ։ Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 17 720 500 ՀՀ դրամ:

«Էֆարվի Մարսիկ» ՓԲԸ-ն ներմուծվող ապրանքներն օգտագործելու է արևային էլեկտրակայանի կառուցման համար (Գեղարքունիքի մարզ, Մեծ Մասրիկ համայնք)՝ իրականացնելով 27 837 143 000 ՀՀ դրամի ներդրում: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 4 նոր աշխատատեղ՝ 590 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի (էլեկտրաէներգիա) ընդհանուր ծավալը շինարարության ավարտից հետո գործունեության 20 տարիների ընթացքում կկազմի 60 972 583 308 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 10 204 285 700 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 1 039 477 161 ՀՀ դրամ:

Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրը հավանություն է տվել «Ազգային ժողովի կանոնակարգ» Սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» Սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Մասնավորապես՝ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը վերաբերող իրավակարգավորումները սահմանվել են «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի շրջանակում: Հստակեցվել են Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար առաջադրումների և ընտրության համար նախատեսված ժամկետները և ամրագրվել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով:

Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Ներկայացված նախագծերով առաջարկվում է ՀՀ դատավարական օրենսգրքերով նախատեսված՝ դատական տուգանք սանկցիայի կիրառման հարցում բացառություն սահմանել գործի քննությանը մասնակցող դատախազի և գործի քննությանը որպես գործին մասնակցող անձի ներկայացուցիչ մասնակցող փաստաբանի համար: Առաջարկվող կարգավորումը հիմնավորվում է նրանով, որ փաստաբաններին դատական տուգանքի ենթարկելու օրենսդրական կարգավորումը խնդրահարույց է, քանի որ դատական տուգանքը կարող է վտանգել փաստաբանի ինստիտուտի անկախությունը և փաստաբանի՝ որպես իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձի մասնագիտական ինքնուրույնությունը: Գործին մասնակցող փաստաբանի և դատախազի նկատմամբ դատարանի կողմից որպես դատական սանկցիա տուգանքի վերացմանն ընդհանուր առմամբ կողմ լինելով հանդերձ՝ կառավարությունը գտնում է, որ նախագծերն անհրաժեշտ է լրամշակել, մասնավորապես՝ վերականգնելով դատարանի կողմից փաստաբանի և դատախազի նկատմամբ կիրառվող առանձնահատուկ սանկցիան, այն է՝ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով, համապատասխանաբար, գլխավոր դատախազին կամ ՀՀ փաստաբանների պալատ դիմելը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: