ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վենեսուելայի հայ համայնքն օգնության կարիք ունի. հարցազրույց Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ղեկավարի հետ (ԲԱՑԱՌԻԿ)

Վենեսուելայում տիրող իրավիճակի, հնարավոր հետևանքների, ինչպես նաև Վենեսուելայի հայ համայնքի և նրանց կարիքների մասին  «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Հակոբ Տաբակյանի հետ:

Հարցազրույցը ներկայացնում ենք արևմտահայերենով:

-Պարո´ն Տաբակյան, Վենեսուելայում քաղաքական ճգնաժամն աստիճանաբար խորանում է: Հանգուցալուծման ի՞նչ սցենարներ կան և արդյո՞ք հանգուցալուծումը մոտ է:  

Այսօրուայ դրութեամբ հանգուլածում չի երևում հորիզոնին: Հասարակութեան մէջ բևեռացումը շատ խիստ է մի կողմից երկրի նախագահ Նիքոլաս Մատուրոյի և միւս կողմից Ազգային Ժողովի նախագահ Խուան Կուայտոյի միջև: Այս վերջինը ինքզինք յայտարարել է երկրի գործող նախագահ և ճանաչուած որպէս այդպիսին Ամերիկեան ցամաքամասի կարգ մը երկիրների կողմից: Հակառակ միջազգային կազմակերպութիւններու և կարգ մը երկիրներու, ի մասնաւորի՝ Եւրոպական Միութիւն, Ուրուկուայ և Մեքսիքօ, ջանքերուն՝ տիալոկ առաջացնելու և ազատ, արդար, միջազգային վերահսկողութեան տակ առաջ տարուին ժողովրդավարական նոր ընտրութիւններ տեղի ունենան երկրի օրինական և լեգիդիմ կառավարութիւն մը ընտրելու համար, տագնապի զոյգ դերակատարները՝ Մատուրօ և Կուայտօ իրենք է որ չեն համաձայնիր տիալոկին, որովհետև իւրաքանչիւրը կը հաւատայ որ ինքն է երկրի օրինաւոր ղեկավարը: Արդիւնքով՝ երկրի մէջ արդէն առկայ մարդկային աղէտը սնունդի և դեղօրայքի պակասէն մինչև ըմպելի ջուր և հոսանք ահաւոր խորացած է: Առանց տակաւին խօսելու ահաւոր սղաճին և դրամանիշի՝ Պոլիվարի գնողական արժէքի չքացման և միլիոնաւոր քաղաքացիներու արտագաղթի երևոյթին մասին: Քաղաքական տագնապն ու բևեռացումը նաև պատճառ կը դառնան, որ արտաքին մարդասիրական օժանդակութիւնը անկարելի ըլլայ տեղ հասցնել: Առանց տակաւին նշելու որ այդ մարդասիրական օժանդակութիւնն ալ քաղաքականացուած է:

-Վենեսուելայում տիրող իրավիճակն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Լատինական Ամերիկայի այլ երկրների վրա: 

Տարածաշրջանին մէջ Մատուրոյի զօրավիգ են Պոլիվիան, Նիքարակուան և Քուպան, բոլորն ալ այսպէս կոչուած «Պոլիվարեան» ուղղուածութեամբ կառավարութիւններ: Մնացեալ երկիրները, ի մասնաւորի՝ Պրազիլ, Գոլոմպիա, Արգենտինա, Չիլէ, Փերու և Փարակուայ, ուր արդէն քանի մը տարի է որ աջակողմեան ուժեր իշխանութեան վրայ են, ԱՄՆ-ի հովանաւորութեամբ և ակտիւ մասնակցութեամբ Ամերիկեան Պետութիւններու Կազմակերպութեան ծիրէն ներս առաջացուցած են Լիմայի Խումբը, որ բացայայտօրէն դէմ է Մատուրոյի կառավարութեան և նեցուկ՝ Կուայտոյի: Այս Խումբը կը փորձէ տնտեսական պատժամիջոցներով ճնշում բանեցնել Մատուրոյի ռեժիմին վրայ որպէսզի հրաժարի: ԱՄՆ-ի Թրամփի վարչակարգին մէջ հաստատ կան որոշ շրջանակներ որոնք ընդհուպ մինչև զինուորական միջամտութեան ջատագով են: Այդ մէկը սակայն կարմիր գիծ կը թուի ըլլալ Լատին Ամերիկեան երկիրներուն համար, որոնց հանրային կարծիքները ընդհանրապէս արտաքին զինուորական միջամտութեան սկզբունքային կերպով դէմ են: Ուրուկուայ և Մեքսիքօ, երկու կեդրոն-ձախ կառավարութիւններ, Եւրոպական Միութեան զօրակցութեամբ փորձեցին միջազգային յանձնաժողով մը առաջացնել որպէս նպատակ ունենալով ճգնաժամը երկխօսութեան և ժողովրդավարական ընտրութիւններու ճամբով լուծելու, սակայն այդ ճիգը առայժմ արդիւնաւորման շատ յոյս չունի:

-Ի՞նչ կարող եք ասել Վենեսուելայի հայ համայնքի մասին: Ի՞նչ վիճակում են այժմ նրանք գտնվում: Ի՞նչ կարիքներ ունի: Նրանց հետ կա՞ օպերատիվ կապ: Ունե՞ն արդյոք մեկ ընդհանուր դիրքորոշում:

Վենեզուելայի հայ համայնքը, ինչպէս Լատինական Ամերիկայի այլ հայ համայնքներ, կազմաւորուած է հիմնականօրէն Ցեղասպանութեան վերապրողներու ժամանումով և երկրի տնտեսական պումին ժամանակ անցեալ դարու եօթանասունական թուականներուն առաւելի կազմակերպուեցաւ: Թէև ընդհանուր համարը հազիւ 4000-ի մօտ է, անցնող երեսնամեակին ունեցած են կարևոր ձեռքբերումներ: 1987-ին կառուցուեցաւ Քարաքասի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին, որ վերածուեցաւ համայնքի համախմբման կեդրոնի: 2001-ին եկեղեցւոյ մօտ կառուցուեցաւ Ցեղասպանութեան յուշակոթողը Ծիծեռնակաբերդի բնորդով և չորս տարի յետոյ, Հուկօ Չավէսի իշխանութեան օրերուն, Վենեզուելայի Ազգային Ժողովը հանդէս եկաւ հայկական պահանջատիրութեան զօրակցութեան շարք մը յայտարարութիւններով ընդ որում՝ Եւրոպական Միութեան դիմել որ չընդունի Թուրքիոյ անդամակցութիւնը այնքան ատեն, որ այս վերջինը Հայկական Ցեղասպանութեան պատմական իրողութիւնը չ'ընդունիր: Այդ տարիներուն համայնքը եղած է շատ աշխոյժ հրապարակային ելոյթներով և բողոքի զօրաշարժերով ընդ որում նաև ի խնդիր Հրանդ Տինքի սպանութեան արդարութեան:

Բայց այսօր երկրի այս խոր ճգնաժամը զօրաւոր կերպով հարուածած է նաև հայ համայնքին: Մեր վերջին հեռաձայնային խօսակցութիւնը համայնքի ակտիւ անդամներէն մէկուն հետ տեղի ունեցաւ քանի մը օր առաջ հոսանքի անջատման պայմաններու մէջ: Ան մեզ ըսաւ, որ հոսանքէն բացի չկայ նաև ըմպելի ջուր և ինտերնետային կապը շատ տկար է: Ի դէպ, մեր խօսակցութիւնը յաճախ կ'ընդհատուէր: Երկրի և համայնքի այս ծանր իրավիճակին հետևանքով համայնքային կեդրոնը լքուած վիճակ մը կը ներկայացնէ, սակայն մեր զրուցակիցը ըսաւ թէ ոչ ոք լաւագոյն օրերու յոյսը կորսնցուցած է: Կիրակնօրեայ պատարագը կը շարունակուի բայց այդ մէկը գրեթէ միակ համախմբումի առիթի վերածուած է: Ի տարբերութիւն Չավէսի օրերուն, համայնքը ուղղակի կապ չունի կառավարութեան հետ: Աւելին, համայնքը մտահոգ է Մատուրոյի կառավարութեան հետզհետէ աւելի սերտ կապերով Թուրքիոյ հետ: Փաստօրէն, արտաքին ուժերէն Էրտողանը ամենէն աւելի զօրավիգ կը կանգնի Մատուրոյին և այս վերջինը ոչ միայն բազմիցս հանդիպած է Թուրքիոյ Նախագահին հետ այլ՝ հրապարակային կերպով անոր կը գովէ: Համայնքի անդամներուն մօտ մեծ է հետաքրքրութիւնը Հայաստանեան քաղաքացիութիւն ձեռք բերելու, սակայն ոչ Քարաքասի մէջ հայկական դիւանագիտական ներկայացուցչութիւն կայ, ոչ ալ համայնքի անդամները կարելիութիւնը ունին քաղաքացիութեան դիմելու համար Պրազիլիա կամ Պուէնիս Այրէս ճամբորդելու: Ըսենք, որ Վենեզուելայի մէջ ներկայիս նոյնիսկ վենեզուելական անցագրերը նորոգելը ինքնին դիւրին չէ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: