ԵՐԵՎԱՆ 32 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23,184.63 դրամ ԱՐԾԱԹ - 262.56 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,745.62 դրամ

Գերմանիայում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահն առաջարկել է Բեռլինի դպրոցների դասագրքերում ներառել Հայոց ցեղասպանության թեման

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը, որը պաշտոնական այցով մարտի 18-21-ը գտնվում է Գերմանիայում, մարտի 18-ի առավոտյան հանդիպում է ունեցել Բեռլինի Ներկայացուցիչների  պալատի փոխնախագահի և անդամների հետ: 

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և սպասվող բարեփոխումների օրակարգը: Պատվիրակությունների անդամները տեղեկատվություն են փոխանակել օրենսդիրների աշխատանքին վերաբերող մի շարք ոլորտների վերաբերյալ: Ի թիվս այլ հարցերի՝ Արարատ Միրզոյանը գործընկերների հետ քննարկել է նաև Բեռլինի դպրոցների դասագրքերում Հայոց ցեղասպանությանն անդրադարձող դիդակտիկ նյութերի ներառման հարցը:
 
Հայկական պատվիրակությունն աշխատանքային ճաշի ընթացքում հանդիպել է Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի ղեկավար Յոհաննես Կարսի, խմբի անդամներ Ալբերթ Վայլերի, Շտեֆան Քոտրեի, Հելին Եվրիմ Զոմերի, Մարկ Հելֆրիխի, Անտոն Ֆրիզենի և Վալդեմար Հերդթի հետ: Գերմանական կողմի ներկայացուցիչները նշելեն, որ Թավշյա հեղափոխությունից հետո Բունդեսթագի պատգամավորների շրջանում մեծացել է հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, ինչին նպաստել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան:

Զրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ վերահաստատել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ նշելով, որ Եվրոպական Միության հետ հարաբերությունների խորացման համատեքստում կարևոր դեր ունի ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը ԵՄ անդամ երկրների կողմից, որը ապրիլի 4-ին երկրորդ ընթերցմամբ պիտի քննարկվի Գերմանիայի խորհրդարանում:

Պատվիրակության անդամ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձ է կատարել Ղարաբաղյան հիմնախնդրին՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը ստեղծված իրավիճակի առնչությամբ և վերահաստատելով հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ՀՀ  դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: 
  
Խոսելով հակամարտության կարգավորման վեաբերյալ՝ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն  ընդգծել է Հարավային Կովկասում ժողովրդավարացման գործընթացների կարևորությունը՝ հույս հայտնելով, որ գերմանացի գործընկերները առավել ուշադիր կգտնվեն Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման դրսևորումների նկատմամբ: 
  
Անդրադառնալով երկու երկրների տնտեսական հարաբերությունների խորացման հնարավորություններին՝ գերմանացի գործընկերներին ներկայացվել են Հայաստանում սպասվող տնտեսական բարեփոխումները, որոնք կբարձրացնեն մեր երկրի տնտեսական գրավչությունը:

Աշխատանքային ճաշից հետո Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ծաղիկներ է տեղադրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 16%
Քամի՝ 6 կմ/ժ
32 C°
 
21°  36° 
21.08.2019
20°  36° 
22.08.2019
Հարցում

Աջակցո՞ւմ եք «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսը: