ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տարածքների հանձնումը ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի անվտանգության համակարգի ոչնչացման ճանապարհ է. Արցախի ԱԳ նախարար

Քանի որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տարածքային վեճ չէ, ուստի տարածքային զիջումների հիման վրա հիմնախնդրի լուծման հնարավոր ուղիներ փնտրելն անհեռանկարային է և չի արտացոլում հակամարտության էությունը: Այս մասին REGNUM գործակալությանը տված հարցազրույցում նշել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը

«Այն փաստը, որ 1988 թ., երբ սկսվեց հակամարտության նոր փուլը, նախկին ԼՂԻՄ-ի շուրջ գտնվող տարածքները, նույնիսկ ինքնավար մարզի վարչական շրջաններից մեկը Բաքվի վերահսկողության տակ էին, ցույց է տալիս, որ այս հակամարտությունը տարածքային վեճ չէ: Այսինքն, չնայած այն իրողությանը, որ այդ տարածքները վերահսկում էր ադրբեջանական կողմը, այնուհանդերձ հակամարտությունը գոյություն ուներ: Հետևաբար, անտրամաբանական է ենթադրել, որ Արցախի կողմից տարածքային զիջումների պարագայում հնարավոր կլինի հասնել հակամարտության կարգավորմանը: Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ նման առաջարկություններն ուղղակիորեն անդրադառնում են անվտանգության հարցին, ինչն Արցախի համար Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման գործընթացում «կարմիր գծերից» մեկն է:

Տարածքների հանձնումը ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի ոչնչացմանը տանող ուղիղ ճանապարհ է, ինչը վտանգի տակ կդնի բուն բնակչության գոյությունն իսկ իր պատմական հայրենիքում: Այլ կերպ ասած, մեզ համար այս հարցն ունի էքզիստենցիալ նշանակություն։ Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններից հետևում է, որ պաշտոնական Բաքվի ռազմավարական նպատակն է գրավել ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի Սյունիքի մարզը և նույնիսկ Հայաստանի մայրաքաղաքը: Մենք պետք է ամենայն լրջությամբ վերաբերվենք Ադրբեջանի նախագահի և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հայտարարություններին և չդյուրացնենք նրա ճանապարհը դեպի իր ռազմավարական նպատակը։ Ընդհակառակը, պետք է շարունակել անհրաժեշտ ռազմական և քաղաքական-դիվանագիտական ​​միջոցներ ձեռնարկել՝ զսպելու հարևան երկրի իշխանությունների ագրեսիվ և զավթողական նկրտումները:

Հիշեցնեմ, որ Արցախի Հանրապետության իշխանությունները բազմիցս հայտարարել են անցյալին վերադարձի անհնարինության և անթույլատրելիության մասին՝ թե՛ կարգավիճակի, թե՛ տարածքների հարցում:
Բացի այդ, 2009 թ. հուլիսի 15-ին՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ միջնորդների մոտեցումների հրապարակումից հետո, Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ խեղաթյուրված բանակցային գործընթացի վերաբեռնման, բանակցային սեղանին պաշտոնական Ստեփանակերտի՝ որպես լիիրավ կողմ վերադարձի և կարգավորման հիմնարար սկզբունքների  փոխակերպման անհրաժեշտության մասին։ Արցախի Հանրապետության այս դիրքորոշումը մնում է անփոփոխ:
Հարկ է նաև նշել, որ Արցախի ԱԳՆ վերոնշյալ հայտարարության մեջ ընգծված էր, որ Արցախն անցյալին վերադարձնելու փորձերը ոչ միայն անարդյունավետ են, այլև հղի են հակամարտության նոր սրացմամբ», - նշել է Մայիլյանը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    20 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: