ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փոքր Հայք․ Մալաթիայի խոհանոցը` Գանդիմե ապուր, սըքմա քյուֆթա, չորացրած սմբուկով և բիբարով տոլմա

Taste

Հայ ժողովուրդն իր պատմության վաղ ժամանակներում կենտրոնացած է եղել երեք պետական միավորման մեջ։ Դրանցից երկուսը՝ Մեծ Հայքն ու Ծոփքը, շատ շուտով կազմել են մի ամբողջություն, որ պատմության մեջ հայտնի է Հայաստան, Պատմական Հայաստան անունով, իսկ երրորդ պետական միավորումը՝ Փոքր Հայքը, վարչական-քաղաքական առումով Պատմական Հայաստանին երբեք միացած չի եղել, բայց հնագույն ժամանակներից ի վեր հայաբնակ երկիր էր և մինչև առաջին համաշխարհային պատերազմը Եփրատից արևմուտք փռված այդ երկրամասի բնակչության հիմնական զանգվածը կազմում էին հայերը։ Փոքր Հայքը և՛ սոցիալական, և՛ քաղաքական ու մշակութային առումներով կարևոր դեր է խաղացել հայ ժողովրդի պատմության ընթացքում։ Այն ունեցել է տասնյակ քաղաքներ։ Դրանցից հայտնի են հատկապես երկուսը՝ Մալաթիան և Սեբաստիան, որոնք տնտեսական, մշակութային և վարչաքաղաքական առումով զգալի դեր են խաղացել մեր ժողովրդի կյանքում։ Մալաթիան օտար աղբյուրներում ավելի հայտնի է Մելիտինե անունով։

Մալաթիայի զարգացմանը նպաստել են նրա աշխարհագրական հարմար դիրքն ու պատմական տարբեր ժամանակներում գրեթե միշտ վարչական կենտրոն լինելը։ Մալաթիայի հայերը զանգվածային ջարդերի են ենթարկվել 1915թ. Մեծ եղեռնի ժամանակ: Ողջ մնացածները բռնությամբ տեղահանվել են և քշվել սիրիական անապատներ: Փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում:

Ստորև ներկայացնում ենք Մալաթիայի հայկական խոհանոցից մի քանի բաղադրատոմս:

Գանդիմե(աշուրայի ցորեն) ապուր. Դեռևս երեկոյան սիսեռն ու չոր լոբին թրջում ենք: Հաջորդ օրը սոխի հյութը յուղի մեջ տապակում ենք, ավելացնում մի փոքր կարմիր պղպեղով համեմված տոմատի մածուկ, այնուհետև ջուր: Եռման աստիճանի հասնելուն պես ավելացնում ենք նախապես թրջած սիսեռն ու չոր լոբին: Այնուհետև նույն չափով Մալաթիայի ոսպ ենք ավելացնում: Մինչ սա խաշվում է գանդիմեն յուղի մեջ վարդագույն դառնալու չափ տապակում ենք և ավելացնում խաշվող հատիկներին և թողնում, որպեսզի եփվի:

Սըքմա քյուֆթա. քյուֆթայի տեսակ է, որը պատրաստվում է հնդկաձավարով և մանր բլղուրով: Սոխը քերիչով անցկացնել: Մանրացված պղպեղը, չորացրած ռեհանը և աղը ափի մեջ մանրացնելով ավելացնել: Նախ կլոր տեսք ենք տալիս, այնուհետև ձեռքով սեղմում և տափակեցնում ենք: Գցելով եռման ջրի մեջ՝ խաշում ենք: Մեկ այլ թավայի մեջ յուղով տապակում ենք տոմատի մածուկը: Խաշած քյուֆթաները ջրից հանում, ջրքամում ենք և տոմատի մեջ մի փոքր տապակում:

Չորացրած սմբուկով և բիբարով տոլմա. Չորացրած սմբուկն ու բիբարն առանձին-առանձին խաշում, 1-2 ժամ թողնում ենք ջրի մեջ և քամում: Մեծ թավայում ձիթապտղի յուղի մեջ սոխը տապակում ենք: Ավելացնում ենք մի քիչ տոմատի մածուկ, սալորի քացախ, մի փունջ մաղադանոս, սև պղպեղ, սխտոր, աղ, բլղուր և մի քիչ ջուր: Ստացված զանգվածը մի փոքր կրակի վրա խառնում ենք: Թողնում ենք՝ խյուսը սառչի: Այնուհետև լցնում ենք չորացված բանջարեղենների մեջ, դասավորում թավայի մեջ, տաք ջուր ավելացնում, ծածկում հախճապակե ափսեով և եփում:

Սիսեռով քյուֆթա. աղացած հնդկաձավարի վրա աղ և մի քիչ ջուր ենք ավելացնում և հունցում: Ստացված զանգվածից փոքրիկ կոլոլակներ ենք պատրաստում: Նախորդ գիշերը թրջում ենք սիսեռը: 2 գլուխ սոխը տապակում ենք այնքան, որ դառնա վարդագույն, ավելացում ենք տոմատի մածուկ և մի քիչ ջուր: Երբ սկսում է ջուրը եռալ, ավելացնում ենք սիսեռը: Երբ սիսեռը եփվում է, ավելացնում ենք պատրաստված կոլոլակները: Այնուհետև միասին նորից եփում ենք: Ըստ ցանկության կարելի է կծու պղպեղ ավելացնել: 

Բարի ախորժակ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: