ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞ւ է Ռուսաստանը զինծառայողներ ուղարկել Վենեսուելա

YouTube

Վենսուելայում տեղի ունեցող իրադարձություններն օրեցօր նոր զարգացումներ են գրանցում: Օրերս հայտնի դարձավ, որ Կարակասի «Մայկետիա» օդանավակայան Է ժամանել Ռուսաստանի զինված ուժերին պատկանող երկու ռազմական ինքնաթիռ:

«Flightradar24» կայքի տվյալներով` ուրբաթ օրը մոտ հարյուր ռուս զինծառայող և 35 տոննա բեռ տեղափոխող Ան-124 և Իլ-62 ինքնաթիռները թռիչք են կատարել դեպի Կարակաս` ռուսական Չկալովսկու օդանավակայանից` ճանապարհին վայրէջք կատարելով Դամասկոսում և Դաքարում: Ինչպես հայտնում են վենեսուելական ԶԼՄ-ները` ռուս զինծառայողների թվում է եղել նաև ՌԴ Զինուժի գլխավոր հրամանատարության կազմակերպչական վարչության պետ, գեներալ-գնդապետ Վասիլի Տոնկոշկուրովը: Նրանց դիմավորել են Վենեսուելայի Ազգային գվարդիայի ներկայացուցիչը և Կարակասում ՌԴ դիվանագիտական առաքելության անդամները:

ՌԻԱ Նովոստիի` Կարակասում ունեցած դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ` նրանք ժամանել են «երկկողմ խորհրդատվությունների» մասնակցելու նպատակով: Այցը վենեսուելական կողմի հավաստմամբ կապված է համաձայնագրերի կատարման հետ, որոնք ստորագրվել են կողմերի միջև դեռևս Ուգո Չավեսի նախագահության տարիներին:   

Սակայն ամերիկյան կողմը ռուսական զորքերի ուղարկումը լատինաամերիկյան երկիր «անցանկալի սադրանք» է անվանել: Դոնալդի Թրամփի խոսքով` ԱՄՆ-ն «բաց է բոլոր տարբերակների համար», որպեսզի ռուս զինվորականները լքեն Վենեսուելայի տարածքը:

Նշենք, որ Վենեսուելան Լատինական Ամերիկայում հանդիսանում է Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից մեկը: Ռուսաստանը տարիներ ի վեր ավելի քան 17 միլիարդ դոլարի ներդրումներ է կատարել Վենեսուելայում: Ռուսական պետական «Ռոսնեֆտ» նավթային ընկերությունը միլիարդավոր դոլարների գործարքներ ունի վենեսուելական PDVSA նավթային ընկերության հետ: Ավելին, 2016 թ. վերջինս որպես գրավ ստացել է PDVSA-ին պատկանող ամերիկյան Citgo նավթավերամշակման գործարանի բաժնետոմսերի 49,9%-ը:

Վենեսուելա-Ռուսաստան հարաբերությունների այս մերձեցումը տարիներ շարունակ հարուցել է ամերիկյան կողմի զայրույթը: ԱՄՆ-ն միշտ էլ փորձել է նավթով հարուստ Վենեսուելային դուրս հանել Ռուսաստանի ազդեցության տակից: Ներկայումս Վենեսուելայի ներքաղաքական զարգացումները կարող են բարենպաստ պայմաններ ստեղծել ԱՄՆ-ի համար: Իշխանափոխության դեպքում չի բացառվում, որ նոր իշխանությունները կարող են չեղյալ համարել ՌԴ-ի հետ կնքված բոլոր այս պայմանագրերը և թուլացնել Ռուսաստանի դիրքերը Վենեսուելայում: Այդ իսկ պատճառով Ռուսաստանն էլ իր հերթին քայլեր է ձեռնարկում երկրի փաստացի ղեկավար Նիկոլաս Մադուրոյի իշխանությունն ամրապնդելու ուղղությամբ:

Հատկանշական է, որ ռուսական ռազմական ինքնաթիռները Վենեսուելա ուղևորվեցին գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, ժամանակավոր նախագահ  Խուան Գուաիդոն  կոչ արեց երկրի բնակիչներին նախապատրաստվել «Ազատություն» գործողությունն անցկացնելուն, որը բերելու է երկրում նոր իշխանության հաստատմանը: «Եկել է ժամանակը նախապատրաստվելու «Ազատություն» գործողությունն իրականացնելուն և առավելագույն ճնշում գործադրելու իշխանության վրա բռնատիրությանը վերջ դնելու համար: Բոլորը, բացարձակապես բոլորը, դերակատարում ունեն մեր պայքարի այս փուլում»,- գրել է նա: Գործողությունները նախատեսվում է սկսել ապրիլի 6-ին: 

Նշենք, որ ներկայումս Մադուրոյին են աջակցում երկրի անվտանգային ուժերը` բանակն ու ոստիկանությունը: Սակայն միևնույն ժամանակ հարկ է նկատի ունենալ, որ վենեսուելական Meganalisis ընկերության կողմից արված սոցհարցումների համաձայն` Վենեսուելայի քաղաքացիների 88.9% -ը ցանկանում է, որ Մադուրոն հեռանա իշխանությունից: Եթե այս հարցումն իրականությունն է արտացոլում, ապա վենեսուելացիների մեծամասնության աջակցությամբ Մադուրոյի իշխանության տապալումը միանգամայն հնարավոր է դառնում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: