ԵՐԵՎԱՆ 31 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 896,84 դրամ ԱՐԾԱԹ - 260,54 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 011,74 դրամ

Մասիս Մայիլյանն ընդունել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներին

Մարտի 30-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, մասնավորապես՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին, նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանին և հանձնաժողովի անդամ Տաթևիկ Հայրապետյանին, ինչպես նաև տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանին։

Մասիս Մայիլյանը ողջունել է պատգամավորների այցն Արցախ և կարևորել նմանատիպ հանդիպումների անցկացումը՝ արտաքին քաղաքական բնագավառում համագործակցության շուրջ մտքեր փոխանակելու տեսանկյունից։

ԱԳՆ ղեկավարը պատգամավորներին է ներկայացրել Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ անդրադառնալով Արցախի միջազգային ճանաչման գործընթացում և ապակենտրոնացված համագործակցության բնագավառում արձանագրված ձեռքբերումներին, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։

Մասիս Մայիլյանը կարևորել է Արցախի լիիրավ մասնակցությամբ բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է Արցախի հավատարմությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ու հանրապետության իշխանությունների պատրաստակամությունը՝ դե-յուրե ստանձնել տարածաշրջանային կայունության և խաղաղության ապահովման համար պատասխանատվության իրենց բաժինը։

Մասիս Մայիլյանն ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ միջազգային հանրությանն Արցախի մասին օբյեկտիվ տեղեկատվություն հասցնելու, միջազգային տարբեր հարթակներում Արցախի շահերը խթանելու, ինչպես նաև միջազգային գործընթացներում Արցախի ներգրավվածությունն ապահովելու գործում։ ԱԳՆ ղեկավարը վերահաստատել է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը` համագործակցել միջազգային կառույցների հետ՝ ուղղված երկրում ժողովրդավարական ավանդույթների ամրապնդմանը և տարբեր ոլորտներում զարգացման ծրագրերի իրականացմանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 28%
Քամի՝ 6 կմ/ժ
31 C°
 
22°  37° 
19.08.2019
22°  37° 
20.08.2019
Հարցում

Աջակցո՞ւմ եք «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսը: