ԵՐԵՎԱՆ 4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 806,28 դրամ ԱՐԾԱԹ - 232,86 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 754,25 դրամ

Զելենսկին կկազմի՞ կոալիցիա. հարցազրույց Ուկրաինայի անկախ լրատվամիջոցների միության նախագահի հետ (ԲԱՑԱՌԻԿ)

Ուկրաինայի անկախ լրատվամիջոցների միության նախագահ Սերգեյ Շտուրխեցկի 

 

- Պարո´ն Շտուրխեցկի, ինչպե՞ս եք գնահատում Ուկրաինայի ընտրությունների արդյունքները: Որքանո՞վ էին դրանք կանխատեսելի:

- Ես չեմ թաքցնի, անցյալ գիշեր շատերն իսկապես ցնցված էին Ուկրաինայում անցկացված արտահերթ ընտրությունների արդյունքներից, որոնք արդեն հաստատվում են ընտրատեղամասերում էլեկտրոնային հաշվարկի միջոցով` թեև դեռևս տարեսկզբից սոցիոլոգներն արդեն խոսում էին շոումեն Վլադիմիր Զելենսկիի վարկանիշի արագ աճի մասին: Միևնույն ժամանակ, այս տարվա սկզբին գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի վարկանիշի բարձրացման և ընդդիմության ներկայացուցիչ Յուլիա Տիմոշենկոյի վարկանիշի աստիճանական նվազման միտումն արդեն նկատելի էր, ով, ինչպես պարզվեց, բավական շուտ էր սկսել իր նախընտրական քարոզարշավը: Ավելորդ է ասել, որ տարվա սկզբին սոցիոլոգները շատ աղոտ հույս էին հայտնում Պյոտր Պորոշենկոյի երկրորդ փուլ անցնելու հետ կապված, իսկ այժմ նրա թիմը կարող է տոնել միջանկյալ հաղթանակը: Սակայն դերասան Զելենսկիի առաջին տեղը դուրս գալուն` գրեթե կրկնակի շեղումով, շատ փորձագետներ չէին հավատում:

Պետք է նշել, որ Ուկրաինայի նախագահական ընտրություններից անմիջապես հետո` այս աշնանը, նախատեսված են խորհրդարանական ընտրություններ: Սրանով է բացատրվում շատ թեկնածուների առկայությունը (39 թեկնածու). յուրաքանչյուր փոքր քաղաքական առաջնորդ նախագահական ընտրություններն ընկալում էր որպես ընտրողներին մոբիլիզացնելու և իրենց կուսակցությունները խորհրդարանում անցկացնելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով մենք հետևում էինք ընտրություններին «բոլորի պատերազմը բոլորի դեմ» համատեքստում: Այժմ եկել է բանակցությունների և համախմբման ժամանակը: Խոսվում է Տիմոշենկոյի և Զելենսկիի հնարավոր կոալիցիայի մասին, թեև վերջինս կտրականապես մերժել է ցանկացած պայմանավորվածություն և հայտարարել, որ պատրաստ է ինքնուրույն հաղթելու ընտրություններում:

Ընտրությունների ընթացքում ձևավորված «բոլորն ընդդեմ Պորոշենկոյի» իրավիճակային միությունը գործող նախագահին բարդ խնդրի առաջ է կանգնեցնում: Նա, փաստորեն, դաշնակիցներ չունի: Ուստի, իր երեկվա (շատ հուզական) հայտարարության մեջ Պյոտր Պորոշենկոն ուղղակիորեն դիմեց իր ընդդիմադիրների ընտրողներին` կարծես թե «շրջանցելով» հենց քաղաքական գործիչներին: «Ես ձեզ լսեցի», այսպես նա դիմեց Զելենսկիի ընտրողներին. «Հիմա էլ դուք լսեք ինձ»` հավանաբար ի նկատի ունենալով, որ ընդունում է ընտրողների մեծամասնության պահանջը փոխելու քաղաքական էլիտան:

Բայց արդյոք Վլադիմիր Զելենսկին կկազմի՞ կոալիցիա, որը կերաշխավորի նրա հաղթանակը, թե՞ քաղաքական փորձի բացակայությունը և առաջին փուլից հետո ավելորդ ինքնավստահությունը դաժան կատակ կխաղան կատակերգուի հետ: Կկարողանա՞ արդյոք գործող նախագահը «դիպչել » ընտրողների «ռացիոնալությանը», ոչ թե «զգացմունքներին», ցույց տալ ավելի խոր արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը, «բռնել» իր «անորսալի» մրցակցին ուղիղ բանավեճի ժամանակ, որը խուսափում է ուղիղ եթերից և ուղղակի հարցերից: Այս հարցերի պատասխանից է կախված ապագա ընտրությունների արդյունքները:

- Որքանո՞վ էին ընտրություններն ազատ: Ի՞նչ տեղեկություններ կան խախտումների, ինչպես նաև ընտրությունների թափանցիկության մասին:

- Ուկրաինայում այժմ քաղաքական մրցակցություն է նկատվում: Այո´, շատերը դատապարտում են քաղաքական գործիչներին` օլիգարխների հետ կապ ունենալու համար. այդ օլիգարխները (և համապատասխանաբար ազդեցության կետերը) մի քանիսն են: Ուժեղ քաղաքական ծրագրերն ապահովում էին մրցակցությունը և ընդհանուր առմամբ ընտրական գործընթացի «մաքրությունը»: Վարչական ռեսուրսը գործնականում չի աշխատում, ոստիկանությունն աշխատում է առանց բողոքների: Հետևաբար, հնարավոր խախտումների մասին այդ երկու հազար հաղորդագրությունները, որոնք ոստիկանությունը ստուգում է, ընդհանուր առմամբ հանդիսանում է թափանցիկության և մաքրության ցուցանիշը (30 հազար ընտրատեղամասերում): Այո´, և այս տիպի խախտումներ, ինչպիսիք են «ընտրողներից մեկը որոշել է իր քվեաթերթիկն ուտել», «երկու դիտորդներ կռվել են ընտրախախտումը ֆիքսելու համար» եղել են ... Ամբողջ երկրում եղել է 6 հաղորդագրություն, առա այն, որ լրագրողներին արգելում են ընտրությունների օրը ընտրատեղամաս մուտք գործել... Իհարկե, դա անթույլատրելի է: Սակայն, համեմատած 7-10 տարի առաջ տեղի ունեցածի հետ... Ամենայն հավանականությամբ, արդեն խուսափել են ընտրություններն անվավեր ճանաչելու հիմքերից կամ որևէ այլ ավելորդությունից: Զանգվածային տեղեկատվական գրոհը թշնամական քարոզչությունն էր այս առիթով:

- Այսօր ոչ միայն Ուկրաինան, այլև ողջ աշխարհն է սպասում ընտրությունների երկրորդ փուլին: Ուկրաինայում ի՞նչ տրամադրություններ են: Ինչպիսի՞ն են կանխատեսումները: Որպես փորձագետ, և որպես քաղաքացի ի՞նչ եք դուք ակնկալում:

- Ընտրությունների երկրորդ փուլի հայտարարումը Վլադիմիր Զելենսկիի և Պյոտր Պորոշենկոյի մասնակցությամբ կարելի է իրականացած փաստ համարել: Արդյունքները ցույց են տալիս, որ մարզերի ճնշող մեծամասնությունում Զելենսկին հաղթել է գրեթե հավասար տոկոսներով: Ինչպես ցույց են տալիս ընտրությունների արդյունքները, «հին» քաղաքական նախագծերը հեռանում են, նորերն են հայտնվում:

Հիշեցնեմ, որ Ուկրաինան կիսանախագահական երկիր է, այսինքն` գրեթե բոլոր ուժերը պատկանում են կառավարությանը, որը ձևավորվում է խորհրդարանական մեծամասնության կողմից: Նախագահի գործառույթները հիմնականում արարողակարգային են (բացառությամբ գերագույն գլխավոր հրամանատարի և արտաքին քաղաքականության ղեկավարի պաշտոնի): Պորոշենկոյին հաջողվել էր պահել իշխանությունն իր ձեռքում` ստեղծելով հզոր խմբակցություն խորհրդարանում և գործնականում ղեկավարելով կառավարությունը: Բայց դա անցյալում է: Ամենայն հավանականությամբ, եթե հաղթի Պորոշենկոն կամ նույնիսկ Զելենսկին, իրավիճակը կփոխվի, խորհրդարանը կդառնա երկրի քաղաքական կյանքի գլխավոր կենտրոնը:

Հետևաբար, մեզ սպասվում են շրջադարձեր: Իսկ թե ինչպիսին կլինեն դրանք, էապես կախված է այն բանից, թե արդյոք ընտրողները կլսեն քաղաքական գործիչներին, և գլխավորը`կլսեն արդյոք քաղաքական գործիչները ընտրողներին:

Պատրաստեց Կարինե Օհանյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 84%
Քամի՝ 8 կմ/ժ
4 C°
 
   
20.04.2019
  11° 
21.04.2019
Հարցում

Աջակցո՞ւմ եք Դավիթ Տոնոյանի` «նոր պատերազմ` նոր տարածքներ» ձևաչափին: